«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
Բոլորը

Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվն աճել է երեք անգամ, իսկ քաղաքական գործերով պատժաչափերի միջին տևողությունը՝ երկու անգամ։ Այս մասին են վկայում BBC-ի հաշվարկները, որոնք կատարվել են իրավապաշտպանների կազմած ցուցակների հիման վրա։

BBC-ի անդրադարձում նշվում է, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակից հետո նախագահ Իլհամ Ալիևը վայելում է ազգային հերոսի փառքը, երկրում ներքին մրցակիցներ չունի, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակը նրա օգտին է դասավորվում։ Սակայն դա ամբողջությամբ չի բացատրում բռնաճնշումների խստացման պատճառները։

Նշվում է, որ 2024 թվականի հուլիսի 19-ին Շահին Աբիլովին զանգահարել են Պետական անվտանգության ծառայությունից և հայտնել, որ երկուշաբթի նրա որդին՝ Իգբալը, պետք է ներկայանա ՊԱԾ-ի տեղական բաժին՝ իրենից մի քանի օր առաջ առգրավված անձնագիրն ու հեռախոսը ստանալու համար։ Ընտանիքով գնացել են՝ հայրը, որդին և հորեղբայրը։ 34-ամյա գիտնական-ազգագրագետ Իգբալը մտել է շենք, իսկ մի քանի րոպե անց դարպասներից մեծ արագությամբ ամենագնաց է դուրս եկել։

«Մենք անմիջապես անհանգստացանք։ Հարցրինք, և մեզ ասացին, որ Իգբալին տարել են։ Դրանից հետո սկսվեց մեր երկար փորձությունը»,- պատմել է Շահինը։

Թալիշների պաշտպան

Իգբալ Աբիլովը՝ ազգությամբ թալիշ, Ադրբեջանի քաղաքացի, գրեթե ամբողջ կյանքն ապրել է Բելառուսում, դասավանդել է Բելառուսի պետական համալսարանում։ Լինելով թալիշական մշակույթի հետազոտող՝ նա քննադատական հոդվածներ է գրել Ադրբեջանի հարավում՝ Իրանի հետ սահմանին բնակվող էթնիկ փոքրամասնության՝ թալիշների լեզվի և ձուլման քաղաքականության վերաբերյալ։

Իրավապաշտպանների կարծիքով՝ հենց այս խնդիրների մասին Իգբալի հրապարակումներն էլ գրավել են իշխանությունների ուշադրությունը։ Աբիլովների ընտանիքը հաճախ էր վերադառնում Ադրբեջան։ Շահինի խոսքով՝ պատահել է, որ որդին նույնիսկ տարին երկու անգամ է այցելել երկիր։ Նա որևէ սպառնալիք չի զգացել նաև 2024 թվականի ամռանը, երբ միասին մեկնել են Իգբալի զարմիկի հարսանիքին մասնակցելու։

Շահինը պատմել է, որ մի օր hատուկ ծառայության աշխատողները ներխուժել են Մասալիում նրանց տուն։ Իգբալն իրավապահների հետ գնացել է ոստիկանական բաժանմունք՝ «զրույցի», և վեց ժամ անց ազատ արձակվել։ Սակայն մեկ շաբաթ անց օդանավակայանում նա սահմանային հսկողությունն անցնելիս տեղեկացել է, որ իրեն արգելված է լքել երկիրը: Նրա անձնագիրն ու հեռախոսն առգրավել են։

«Դա մեզ համար ցնցում էր, քանի որ մեկ շաբաթ առաջ աշխատակիցները նրան ասել էին, որ նրա դեմ մեղադրանքներ չկան, իսկ Իգբալը զգուշացրել էր, որ արդեն ունի վերադարձի տոմս»,- հիշում է նրա հայրը։

Ելքի արգելքներն Ադրբեջանում տարածված պրակտիկա են, որոնք կիրառվում են քաղաքական ակտիվիստների, լրագրողների և կառավարության քննադատների նկատմամբ: Հաճախ, ինչպես Աբիլովի դեպքում, ձերբակալությունը հետևում է կարճ ժամանակ անց։

Ավելի շատ բանտարկյալներ, ավելի երկար պատժաչափեր

Իգբալին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության, օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցության, ինչպես նաև «ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու» համար։ Ձերբակալությունից մի քանի ամիս անց Իգբալը ճանաչվել է քաղաքական բանտարկյալ։ Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը տարին մի քանի անգամ հրապարակում է քաղբանտարկյալների ցուցակները: BBC-ի հաշվարկների համաձայն՝ նախորդ չորս տարիների ընթացքում (2022-2025) քաղաքական գործերով միջին պատժաչափը տատանվում էր չորսից վեց տարվա սահմաններում: Այս տարի այն գրեթե 12 է:

Անկախության ամբողջ ընթացքում Ադրբեջանը երբեք չի ունեցել ժողովրդավարության մոդելային համբավ. երկրում քաղբանտարկյալներ կային նաև ներկայիս նախագահի հոր՝ Հեյդար Ալիևի պաշտոնավարման օրոք, որը մահացել է 2003 թվականին։

Սակայն, ըստ BBC-իի, 2023 թվականին, երբ Իլհամ Ալիևի գլխավորությամբ Ադրբեջանը վերահսկողության հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որը 30 տարի գտնվում էր հայկական վերահսկողության տակ, ձերբակալությունների թիվը սկսել է կտրուկ աճել։ Քաղբանտարկյալների թիվն ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ 2023 թվականի փետրվարից մինչև դեկտեմբեր, 93-ից հասել է մինչև 254-ի։ 2024 թվականի հունիսից ի վեր այն չի նվազել 300-ից։ Ներկայում Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտն այս կատեգորիայում դասակարգում է 328 մարդու։

2025 թվականին Ադրբեջանը վտարել է ՄԱԿ-ի մի քանի գործակալությունների, Կարմիր խաչի գրասենյակը և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցչություններ, այդ թվում՝ BBC-ի ադրբեջանական ծառայությունը։ Բաքուն նաև հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չճանաչելու մասին. երկրի նախագահը դա բացատրել է որպես Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանին քվեարկելու իրավունքից զրկելուն պատասխան։

Հաջորդ քայլը, ըստ Ալիևի, կարող է լինել Ադրբեջանի լիակատար դուրս գալը Եվրոպայի խորհրդից։ Մարդու իրավունքների պաշտպանները մտավախություն ունեն, որ այն կազմակերպությունից դուրս գալը, որի հետ Բաքուն մարդու և փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ պայմանագրեր է ստորագրել, կարող է է՛լ ավելի սրել իրավիճակը։

«Ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի է մոտենում Թուրքմենստանին և դառնում փակ երկիր»,- ասել է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների ուսումնասիրության և միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը։

Նրա խոսքով՝ երկրում քաղբանտարկյալների իրական թիվը շատ ավելի մեծ է, քան նշված է ինստիտուտի ցուցակում։ Պարզապես շատերը չեն ցանկանում խոսել իրենց գործերի մասին, իսկ նրանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարզերին, 2023 թվականից ի վեր չափազանց դժվարացել է։

«Ամեն ինչ գաղտնի է դարձել, հնարավոր չէ ստանալ դատական գործերի տեքստերը, որոնք պաշտոնապես պետք է հրապարակված լինեն կայքում։ Անհնար է նաև տեղեկություններ հավաքել դատավորների մասին։ Նրանց կայքը նույնպես փակեցին, հետո վերաբացեցին, բայց այնտեղ այլևս չկան մանրամասն և անհրաժեշտ տեղեկություններ։ Այդ պատճառով մենք մեծ դժվարությամբ՝ փաստաբանների և հարազատների միջոցով, ստանում ենք դատավճիռները։ Իսկ նրանք հաճախ վախենում են»,- ասել է նա։

Նույնի մասին է խոսում իրավաբան և քաղաքական էմիգրանտ Սամեդ Ռահիմլին՝ նշելով, որ քաղաքական բանտարկյալների թվի աճին զուգահեռ՝ մեծանում է նաև նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի վտանգը։

«Ադրբեջանում բանտարկյալների կամ նախաքննության փուլում գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը նախկինում էլ սովորական երևույթ էր․ նրանց խոշտանգում են ցուցմունքներ կամ հեռախոսի ապակողպման կոդը կորզելու համար, կամ երբ նա (բանտարկյալը կամ նախաքննության փուլում գտնվող անձը) բողոքում է վատ վերաբերմունքից։ Այսօր, երբ քաղաքական բանտարկյալներն այսքան շատ են, իսկ միջազգային ուշադրությունն այս թեմայի նկատմամբ բավարար չէ, խոշտանգումների համար պայմաններ են ստեղծվում, և իշխանություններն օգտվում են այդ հնարավորությունից»,- նշել է նա։

Նախորդ տարիներին, ինչպես վկայում են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի զեկույցները, 10 տարուց ավելի պատժաչափերը, որպես կանոն, սահմանվում էին իշխանությունը տապալելու փորձի կամ սպանության մեղադրանքներով։ Նման մեղադրանքներով, օրինակ, բանտարկված են կրոնական կազմակերպությունների անդամներ։ Աստվածաբանների հետ միասին ինստիտուտը նրանց ներառում է «հավատացյալներ» խմբում, որն էլ մշտապես ամենամեծաթիվն է եղել։ 2026 թվականի մայիսի դրությամբ այդ խմբում ընդգրկված էր 328 քաղաքական բանտարկյալներից 182-ը։

Վերջին տասնամյակի ամենաաղմկահարույց գործերից մեկը 2018 թվականին Գյանջայում տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ հարուցված դատական գործընթացներն էին, որոնց հետևանքով երկու ոստիկան էր զոհվել։ Իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի և ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող բնակիչները դատապարտվել էին մինչև 20 տարվա ազատազրկման։ Իրավապաշտպանները խոսել էին խոշտանգումների և խոստովանական ցուցմունքներ կորզելու մասին։ Սակայն վերջին երկու տարիներին, ըստ ինստիտուտի զեկույցների, երկարատև պատժաչափեր ավելի հաճախ են սահմանվում նաև ոչ բռնի հանցագործությունների մեղադրանքներով։Նույն ամռանը, երբ ձերբակալվել էր Իգբալը, ձերբակալվել է նմանատիպ կենսագրություն ունեցող մեկ այլ գիտնական՝ Բահրուզ Սամեդովը։ Նա ապրել և դասավանդել է Չեխիայում, իսկ Ադրբեջան էր եկել՝ այցելելու իր միակ մտերիմ հարազատին՝ տատիկին։ Նրան նույնպես մեղադրել են պետական դավաճանության մեջ և դատապարտել 15 տարվա ազատազրկման։

2025 թվականին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության և «Աբզաս Մեդիա» հեռուստաալիքի լրագրողները դատապարտվել են 7,5-ից 9 տարվա ազատազրկման՝ տնտեսական հանցագործությունների համար, որոնք նրանք անվանել են քաղաքական դրդապատճառներով։ Այս տարվա հուլիսին  Toplum TV-ի հետաքննող լրագրողները դատապարտվել են 12-ից 15 տարվա ազատազրկման՝ նույնպես ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով, որոնք նրանք հերքել են։

Իլհամ Ալիևի 23-ամյա կառավարման ընթացքում լրագրողները երբեք նման դատավճիռներ չեն ստացել։ Այժմ նրանք դատապարտվում են նմանատիպ դատավճիռների, ինչպիսիք նախկինում նշանակվել են ապստամբության կամ դավաճանության մեջ մեղադրվողների համար։ Դավաճանությունը ենթադրում է 12 տարվա ազատազրկում, նույն դատավճիռները, որոնք նշանակվել են «Տերտերի գործով» և Նարդարանի ցուցարարների համար։ Մինչդեռ 2021 թվականի հունիսին բանտում կար յոթ լրագրող և բլոգեր, որոնց մարդու իրավունքների պաշտպանները համարում են քաղբանտարկյալներ, 2026 թվականի մայիսին նրանց թիվը 31 է, գումարած երկու հետազոտողները՝ Սամեդովը և Աբիլովը։

Ինչո՞ւ է դա պետք Ալիևին

Ադրբեջանի քաղաքականության հարցերով զբաղվող փորձագետների շրջանում հարցին՝ ինչո՞ւ է Իլհամ Ալիևն ուժեղացնում բռնաճնշումները, ամենատարածված պատասխանը հանգում է հետևյալին․ «Որովհետև կարող է»։ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ Բաքվի ռևանշը, որն ավարտվեց շատ ադրբեջանցիների համար խորհրդանշական նշանակություն ունեցող տարածաշրջանի վերադարձով, չի ստեղծել որևէ հանրաճանաչ, ողջ գեներալի, սակայն նախագահին դարձրել է պատերազմի գլխավոր հերոսը։ Նա սկսել է հանրության առաջ ավելի հաճախ երևալ զինվորական գույներով համազգեստով, երբեմն էլ նույն կերպ են հագնվում նրա ընտանիքի բոլոր անդամները։

Իշխանամետ լրատվամիջոցները տարածում են այդ կերպարը՝ հազվադեպ անդրադառնալով երկրի խնդիրներին։ Այդ բացը լրացնում էր անկախ մամուլը, որը, ի թիվս այլ հարցերի, հետաքննություններ էր անցկացնում տարածաշրջանի վերականգնման ընթացքում տեղի ունեցող կոռուպցիայի վերաբերյալ։

«Ինչո՞ւ Ղարաբաղի մասին չեք գրում։ Ինչո՞ւ եք գրում կոռուպցիայի մասին»,- այս հարցն էին լրագրող Ուլվի Հասանլիին տալիս ոստիկանները։

2023 թվականին հենց նրա ձերբակալությունից էլ սկսվեցին ԶԼՄ ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունները։

Չնայած նավթագազային եկամուտներին՝ Ադրբեջանում տարածաշրջանում գրանցվում է միջին աշխատավարձի ամենացածր մակարդակը, իսկ տնտեսությունն ավելի դանդաղ է աճում, քան Կովկասի հարևան երկրներում՝ Հայաստանում և Վրաստանում։ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրի տնտեսության աճ ընդհանրապես չի գրանցվել։

Թալիշական հարցը

Բանտում գտնվելու ընթացքում Իգբալը երեք հայց է ներկայացրել կալանավայրի աշխատակիցների և ոստիկանների դեմ՝ իր իրավունքների խախտման և իր նկատմամբ բռնություն գործադրելու համար, ինչպես նաև իր մասին նյութեր հրապարակած լրատվամիջոցների դեմ։ Բոլոր հայցերը մերժվել են։ BBC-ն մեկնաբանության համար դիմել է Քրեակատարողական ծառայությանը և համապատասխան լրատվամիջոցներին, սակայն առայժմ պատասխան չի ստացել։ Այս հայցերի վերաբերյալ դատական նիստերը բաց են եղել, և Աբիլովը դրանց ներկայանում էր թալիշերեն լեզվով գրված բանաստեղծություններից մեջբերումներով շապիկներով։

Սոցիալական ցանցերում բազմաթիվ ադրբեջանցիներ աջակցել են նրա ձերբակալությանը․ անջատողականության և ազգային փոքրամասնությունների թեման Ադրբեջանում ցավոտ հարց է դեռևս 1990-ականներից։

1993 թվականին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտին, երկրի հարավում հռչակված Թալիշ-Մուղանյան ինքնավարությունն ավելի լայն քաղաքական ճգնաժամի մաս էր և գոյատևել է ընդամենը երկու ամիս, այն էլ՝ միայն թղթի վրա։ Սակայն դրանից հետո Բաքվում շատերը շարունակում են աջակցել իշխանություններին, երբ էթնիկ թալիշներից որևէ մեկը խոսում է իրենց իրավունքների ոտնահարման մասին։

Իգբալ Աբիլովն իրեն մեղավոր չի ճանաչել և իր ձերբակալության պատճառը համարում է այն, որ պայքարել է թալիշների և թալիշերենի նկատմամբ խտրականության դեմ։

«Յուրաքանչյուրին, ով բարձրաձայնում է այս խնդրի մասին, կարող են «դավաճան» պիտակավորել և մինչև 18 տարվա ազատազրկման դատապարտել։ Եթե անգամ փակ դատական նիստի դահլիճից հնչող թալիշերենի ձայնը ինչ-որ մեկին նյարդայնացնում կամ անհանգստացնում է, ապա դա ինքնին ցավալի փաստ է մեր հասարակության համար»,- գրել է նա բանտից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի