Պուտինը չի՞ միջամտում ՀՀ ներքին գործերին. հարց` Քոչարյանի թիմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
31.08.2026 | 14:46Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների՝ Բիշքեկում կայանալիք հանդիպմանը կարող է քննարկվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը։
Factor TV-ի հարցին, թե արդյոք սա միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերին, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ասաց՝ ոչ։ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, անդրադառնալով Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, հայտարարեց, որ Ռուսաստանի տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննարկումը բնական և տրամաբանական է։
«Ես կարծում եմ՝ Ռուսաստանի Դաշնության տեսանկյունից տրամաբանական է, որ այդ հարցը պետք է քննարկելի լինի, քանի որ նախագահ Քոչարյանը՝ որպես ռացիոնալ քաղաքական գործիչ, հանդես է գալիս այն տեսանկյունից, որ չպետք է թշնամական հարաբերություններ ունենանք ՌԴ-ի հետ»,- ասաց նա։
Ի պատասխան հարցին, թե արդյոք դա չի նշանակում երրորդ երկրի միջամտություն Հայաստանի ներքին գործերին, Գրիգորյանը զուգահեռ անցկացրեց նախընտրական շրջանում տարբեր երկրների կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերված աջակցության հետ՝ պնդելով, որ դրանք ևս կարող էին դիտարկվել որպես Հայաստանի ներքաղաքական գործընթացներին միջամտություն։
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի հարցի՝ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության մակարդակով քննարկվելը վկայում է դրա աշխարհաքաղաքական նշանակության մասին։
«Այս հարցը, որ ШОС-ում (ՇՀԿ՝ Շանհայի համագործակցության կազմակերպություն) քննարկման սեղանին է, ևս մեկ ապացույց է, որ սա աշխարհաքաղաքական հարց է»,- ասաց Միկոյանը՝ նշելով, որ Քոչարյանը ռուսական քաղաքական շրջանակներում ունի ազդեցություն և հարգանք։
Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, սակայն, պնդեց, որ մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների հետ կապված հարցերը չեն կարող դիտարկվել բացառապես որպես պետության ներքին խնդիր։ Նա վկայակոչեց ԵԱՀԿ շրջանակներում 1991 թվականին ընդունված Մոսկովյան փաստաթուղթը՝ նշելով, որ այդ պահից մարդու իրավունքների հարցերը միջազգային քննարկման առարկա են դարձել, և պետությունները կարող են դրանք բարձրացնել այլ երկրներում։
«Մարդու իրավունքների հետ կապված հարցերը այլևս ներպետական հարցեր չեն։ Ցանկացած պետություն մեկ այլ պետությունում մարդու իրավունքների հարց կարող է բարձրացնել, այդ թվում՝ քաղաքական ազատությունների, կրոնական ազատությունների, անձնական ազատությունների հարցերը»,- ասաց Օրբելյանը։
Նրա խոսքով՝ եթե Ռոբերտ Քոչարյանի հարցը Ռուսաստանի կողմից քննարկվում է մարդու իրավունքների կամ քաղաքական ազատությունների համատեքստում, դա ինքնին պարտադիր չէ դիտարկել որպես Հայաստանի ներքին գործերին անթույլատրելի միջամտություն։ Օրբելյանը հիշեցրեց նաև նախկինում տարբեր երկրների և միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից Հայաստանում կալանավորված քաղաքական գործիչների հարցերի բարձրացման դեպքերը։
«Մարդու իրավունքների վերաբերյալ ցանկացած հարցով այլ երկրի գործերին, «միջամտելը» իրավաչափ է, պայմանով, որ ուժի կիրառում չլինի»,- հայտարարեց նա՝ պնդելով, որ նման հնարավորություն նախատեսված է միջազգային փաստաթղթերով։
Իսկ Բագրատ Միկոյանը նկատեց․ «Եթե նույն Նիկոլ Փաշինյանը, որն այսօր Հայաստանի ղեկավարն է, համարեր, որ դա միջամտություն է, անմիջապես Ուշակովի հայտարարությունից հետո նրա խոսնակը կհայտարարեր, որ դա համարում ենք միջամտություն և չենք պատրաստվում քննարկել այդ հարցը․ չկա այդ պատասխանը, ուրեմն միջամտություն չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

