Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
Տնտեսություն
30.07.2026 | 17:50
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումն ու տարանցումը, կարծիք կար, որ հայկական շուկայում մնացած այդ ապրանքների գինը նվազելու է։ Բայց արդյո՞ք հնարավոր ավելցուկը փոխեց գների պատկերը, և այդ փոփոխությունը զգա՞ց սպառողը։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2026 թվականի հունիսին Հայաստանում սպառողական գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 5.1%-ով։ Մրգերի գներն աճել են 16.8%-ով, բանջարեղենինը՝ 3.1%-ով, իսկ ահա թարմ կամ սառեցված ձկան գինը նվազել է 1,6%-ով։
Մայիսի համեմատ, սակայն, ընդհանուր սպառողական գները նվազել են 0.5%-ով։ բանջարեղենը էժանացել է 15.8%-ով, թարմ կամ սառեցված ձուկը` 2,1%-ով։ Մինչդեռ թարմ մրգերը, հակառակ ընդհանուր միտմանը, մեկ ամսում թանկացել են 11%-ով։
Factor TV-ն ուսումնասիրել է՝ արդյոք այս գնային փոփոխությունները կապված են Ռուսաստանի սահմանափակումների հետ, և ինչ է իրականում տեղի ունեցել Հայաստանի ներքին շուկայում։
Մայիսի 30-ից Ռուսաստանը աստիճանաբար արգելեց հայկական գյուղմթերքի ներմուծումն ու տարանցումը․ սահմանափակվեց թարմ բանջարեղենն ու ելակը, հունիսի 2-ից՝ խաղողը և կորիզավոր մրգերը, հունիսի 3-ից՝ հնդավոր պտուղները (խնձոր, տանձ), կարտոֆիլն ու չրերը, իսկ հունիսի 12-ից արգելքը տարածվեց կարանտինային ( ասել է թե՝ ամբողջ թարմ գյուղմթերքի) վերահսկողության ենթակա ողջ արտադրանքի վրա։
Ձկնամթերքի արտահանման սահմանափակումները նույնպես սկսվեցին հունիսի 2-ից, երբ դադարեցվեց հայկական ընկերությունների մեծ մասի արտադրած կենդանի ձկան ու ձկնամթերքի հավաստագրումըև թույլատրվեց մատակարարումները շարունակել ընդամենը երկու ընկերության։ Ամբողջական արգելքը ուժի մեջ մտավ հունիսի 19-ից, երբ կասեցվեց նաև այդ երկու ընկերությունների հավաստագրումը՝ հունիսի երկրորդ կեսին հայկական բոլոր մատակարարներին զրկելով ՌԴ ձուկ արտահանելու հնարավորությունից։
Որոշ բանջարեղեններ էժանացել են, իսկ խմբի ընդհանուր գնային ինդեքսը բարձրացել է
Նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 2026 թվականի հունիսին բանջարեղենի գները նույնիսկ բարձրացել են 3.1%-ով։
Սեզոնայնության պատճառով, այս տարվա մայիսի համեմատ, հունիսին բանջարեղենի գները նվազել են 15.8%-ով։ Բայց նախորդ տարի, երբ ռուսական սահմանափակումներ չկային, մայիս-հունիս ամիսներին բանջարեղենի էժանացումն ավելի կտրուկ էր՝ 23.6%-ով։
Առանձին ապրանքների ամսական համեմատությունը ևս ցույց է տալիս, որ 2026 թվականի գնանկումը շատ դեպքերում չի գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը։
Հունիսին բանջարեղենի գները հիմնականում նվազել են։ Մայիսի համեմատ վարունգն էժանացել է 35.9%-ով, լոլիկը՝ 28.6%-ով, պղպեղը՝ 28.1%-ով, սմբուկը՝ 21.9%-ով, իսկ կարտոֆիլը՝ 8.8%-ով։ Միաժամանակ սմբուկի և կարտոֆիլի ամսական (2026թ․ հունիսը մայիսի նկատմամբ) էժանացման տեմպը զգալիորեն զիջել է՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ։

Այս տվյալները ցույց են տալիս, որ ամսական գնանկումը հիմնականում տեղավորվում է հունիսին բնորոշ սեզոնային շարժի շրջանակում և շատ ապրանքների դեպքում նույնիսկ ավելի թույլ է եղել, քան մեկ տարի առաջ։ Սակայն նույնը հնարավոր չէ ասել տարեկան համեմատության մասին։
2026 թվականին ամենամեծ տարեկան գնանկումն արձանագրվել է սխտորի դեպքում՝ 14.9%։ Էժանացել են նաև ճակնդեղը՝ 8.7%-ով, ծաղկակաղամբն ու բրոկոլին՝ 6.9%-ով, կարտոֆիլը՝ 6.4%-ով, գազարը՝ 5.6%-ով, սմբուկը՝ 3.1%-ով, վարունգը՝ 1.6%-ով և պղպեղը՝ 1.1%-ով։
Միաժամանակ ամենամեծ թանկացումը գրանցվել է կանաչ լոբու դեպքում՝ 45.6%։ Խառը կանաչեղենն ու կանաչ սոխը թանկացել են 22.9%-ով, իսկ լոլիկը՝ 19.6%-ով։
Այսպիսով, բանջարեղենի ընդհանուր գները նախորդ տարվա համեմատ դեռ բարձր են, սակայն դրանց աճի տեմպը զգալիորեն դանդաղել է, իսկ էժանացած տեսակների թիվը՝ ավելացել։ Էժանացած ապրանքների թվում են նաև ՌԴ սահմանափակումների տակ հայտնված վարունգը, պղպեղը, սմբուկն ու կարտոֆիլը, ինչը կարող է կապված լինել ներքին շուկայում դրանց առաջարկի ավելացման հետ։
Միաժամանակ ազդեցություն կարող էին ունենալ նաև նախորդ տարվա բարձր համեմատական բազան, սեզոնայնությունը և բերքի ծավալները։
Մրգերի ընդհանուր գները ոչ թե նվազել, այլ աճել են
Մրգերի շուկայում սահմանափակումներից հետո ընդհանուր գնանկում չի արձանագրվել։ 2026 թվականի հունիսին մրգերի գները մայիսի համեմատ աճել են 11%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 16.8%-ով։
Համեմատության համար՝ 2025 թվականի հունիսին մրգերը մայիսի համեմատ էժանացել էին 1.2%-ով, իսկ տարեկան կտրվածքով 2024թ․ հունիսի համեմատ թանկացել 3.7%-ով։
Այսինքն՝ 2026 թվականի հունիսին մրգերի ընդհանուր գնաճը ոչ միայն չի վերացել, այլ զգալիորեն արագացել է։
Առանձին մրգերի դեպքում, սակայն, փոփոխությունները տարբեր ուղղություններով են եղել։ (Այստեղ, իհարկե, պետք է հաշվի առնել բերքի սեզոնայնության հարցը)։ Մայիսի համեմատ՝
- մանդարինը թանկացել է 30.8%-ով (սեզոն),
- նուռը՝ 15.3%-ով,
- խնձորը՝ 14.7%-ով,
- կիտրոնը՝ 3.2%-ով,
- տանձը՝ 2.8%-ով։
Միաժամանակ ելակն էժանացել է 23.1%-ով, իսկ ձմերուկը՝ 5.9%-ով։
Ելակը 2025 թվականի հունիսին մայիսի նկատմամբ էժանացել էր 14.4%-ով։ Տարեկան կտրվածքով ելակի գինը նվազել է 7%-ով։ Համեմատության համար՝ 2025 թվականի հունիսին ելակը, 2024 թվականի նույն ամսվա համեմատ թանկացել էր 10%-ով։
Այս շարժը կարող է կապված լինել ելակի արտահանման սահմանափակման և ներքին շուկայում առաջարկի ավելացման հետ։

Հատկանշական է նաև որ վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված մրգերի շարքում նախորդ տարի եղել է նաև ծիրանը, ինչը բացակայում է այս տարվա ցուցանիշում։
Մրգերի ընդհանուր խմբի 11% ամսական և 16.8% տարեկան գնաճը ցույց է տալիս, որ առանձին մրգերի էժանացումը բավարար չի եղել ամբողջ ապրանքախմբի գները նվազեցնելու համար։
Թարմ և պաղեցրած ձկան գները նվազել են
Թարմ և պաղեցրած ձկան շուկայում 2026 թվականի հունիսին արձանագրվել է համեմատաբար թույլ, բայց նախորդ տարվա համեմատ ավելի արտահայտված գնանկում։
Թարմ կամ պաղեցրած ձուկը, այդ թվում՝ իշխանը, մայիսի համեմատ էժանացել է 2.1%-ով, իսկ 2025 թվականի հունիսի համեմատ՝ 1.6%-ով։
Համեմատության համար՝ 2025 թվականի հունիսին թարմ և պաղեցրած ձկան գները մայիսի համեմատ նվազել էին ընդամենը 0.2%-ով, իսկ 2024 թվականի հունիսի համեմատ աճել էին 21.8%-ով։
Այսպիսով, 2026 թվականի մայիս-հունիսին ձկան ամսական գնանկումն ավելի արտահայտված է եղել, քան 2025 թվականի նույն ամիսներին՝ 2.1%՝ 0.2%-ի դիմաց։ Փոխվել է նաև տարեկան պատկերը․ եթե 2025 թվականի հունիսին ձկան գինը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել էր 21.8%-ով, ապա 2026 թվականի հունիսին այն նվազել է 1.6%-ով։
Այս փոփոխությունը կարող է մասամբ կապված լինել Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետ։ Արտահանման սահմանափակումը կարող էր մեծացնել ներքին շուկայում առաջարկը և գնանկումային ճնշում ստեղծել։
Այսպիսով՝ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ռուսական արգելափակումից հետո Հայաստանի սպառողական շուկայում համատարած գնանկում չի արձանագրվել։ Գնային փոփոխությունները հիմնականում կրել են սեզոնային բնույթ, իսկ մրգերի պարագայում արձանագրվել է ընդհանուր գնաճ։ Արտահանման արգելքի հնարավոր ազդեցությունը նկատելի է եղել միայն առանձին ապրանքախմբերի վրա (օրինակ՝ ելակ, ձկնամթերք, կարտոֆիլ, վարունգ), որտեղ արտահանման դադարեցումը մեծացրել է տեղական առաջարկն ու որոշակի գնանկումային ճնշում ստեղծել։
Մարիա Խաչատրյան
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

