ՌԴ-ն շանտաժից բացի՝ այլ լեզու չգիտի, բայց Փաշինյանին «սեպտեմբերի 3-ի» դրդելու լծակ չունի․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.07.2026 | 20:00«+374 քաղաքական ինքնորոշման ակումբ»-ի նախագահ Գարեգին Միսկարյանը Factor TV-ի եթերում խոսել է Հայաստանի համար Եվրամիության շուկան բացելու որոշման, Ռուսաստանի հնարավոր ճնշումների և հայ-ռուսական հարաբերությունների ապագայի մասին։ Նա ընդգծել է, որ Եվրոպայի այս քայլը ոչ թե պարզապես շտապօգնություն է, այլ երկարաժամկետ հեռանկար ունեցող քաղաքական աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանն ու եվրոպական ուղուն։
Անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությանը, թե ԵՄ-ն իր շուկան բացում է հայկական ապրանքների առնվազն 80%-ի համար, Գարեգին Միսկարյանը նշել է, որ սա առաջին հերթին քաղաքական քայլ է։
«Հայաստանին Եվրոպա գնալու ճանապարհին աջակցությունը, այսինքն՝ Հայաստանի եվրոինտեգրումն է քաղաքական խորքային իմաստը այս պրոցեսի։ Այդ ընթացքում տնտեսական, ռազմական, ինչու չէ՝ ինստիտուցիոնալ լուծումների խնդիրներ կան, որը նույնպես արվում է ու նոր չի, ու սա է դրա վառ վկայությունը»։
Ի պատասխան հարցին, թե արդյոք այս միջոցառումը բավարա՞ր է Հայաստանի տնտեսությունը ռուսական հնարավոր պատժամիջոցներից պաշտպանելու համար, Միսկարյանը նշեց, որ այս քայլի նշանակությունն ավելի խորն է։
«Ես այդքան չէի համարի որպես զուտ պարզապես շտապօգնություն, որովհետև ինքն ունի ավելի երկարաժամկետ հետևանքներ։ Այսինքն, այն, որ Հայաստանի գյուղմթերքը կարող է գնալ Եվրոպա, դա շատ լավ է, բայց մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է սովորենք նաև վերամշակել մեր արտադրանքը, ավելի բարձր արժեք ստեղծել և տանել Եվրոպա։ Սա այդ ճանապարհին համարում եմ առաջին քայլը։ Այսինքն՝ երկարաժամկետ կտրվածքում մենք ավելի շատ ենք շահելու այս քայլից, քան զուտ այս մի փուլում այս սեզոնը մեր գյուղմթերքը որևէ կերպ իրացնելը։ Այսինքն՝ հնարավորություն է բացվում։ Այո՛, հնարավորություն է բացվում և՛ շուկան ուսումնասիրելու համար, և՛ ընթացակարգերը հասկանալու»։
Միսկարյանի համոզմամբ՝ Եվրոպան այժմ վստահ է, որ Հայաստանի իշխանությունը հետքայլ չի կատարի, ինչպես դա տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։
«Գործող իշխանությունները հասկացան, որ իրենք ոչ մի կերպ ընդհանուր եզրեր Ռուսաստանի հետ չեն կարողանալու գտնել՝ որպես գործընկեր, և Ռուսաստանն ամեն կերպ, ամեն ինչ անելու է իրենց փոխարինելու համար։ Այլընտրանք չտեսան, քան Արևմուտքի աջակցությունը խնդրել։ Բավական երկար տևեց Արևմուտքի կողմից հավաստիանալու համար, որ Հայաստանը խաղեր չի խաղում, այսպես ասած, այսինքն՝ գործող իշխանությունները պատրաստ են գնալ այդ համագործակցության ուղղորդմանը»։
Ըստ բանախոսի՝ Ռուսաստանի ճնշման լծակները, ինչպիսիք են Լարսի անցակետի փակումը կամ գազի գնի բարձրացումը, կանխատեսելի էին և այլևս նախկին ուժը չունեն։
«Լարսի փակելը կանխատեսելի էր, և ես վստահ եմ, որ իշխանությունները դեռ այս գործընթացը սկսելուց շատ առաջ, երբ որ Եվրոպայից աջակցություն էին խնդրում, այդ ժամանակ նաև քննարկվել են հնարավոր սցենարները։ Ինձ թվում է, գազի սցենարն էլ է շատ իրենց սպառած թեմա։ Այսինքն, այդ գազի գինը թանկացնել և այլն․․․ կա պարսկական գազի տարբերակը և կա ադրբեջանական գազը Վրաստանով ստանալու տարբերակը։ Ռուսաստանը ինչքան գնում, այդքան թուլանում է, և վտանգը Ռուսաստանից այդքան պակասում է, այսինքն՝ նվազում են հնարավոր մեզ համար բացասական զարգացումները»։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ապագայի մասին՝ Միսկարյանը դա կապեց Ռուսաստանի ներքին զարգացումների հետ։
«Հայ-ռուսական հարաբերությունների ապագան կանխատեսելու համար պետք է կարողանալ կանխատեսել Ռուսաստանի ապագան։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանն այլ ապագա, քան ժողովրդավարանալը, չունի։ Մենք այլ բան, քան հարաբերվել այդ տարածքում ձևավորվելիք պետությունների հետ, չունենք։ Մեր խնդիրն է ուղղակի սեփական պետությունը կայացնել, ոտքի կանգնեցնել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

