«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում

Լուրեր

02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
02.07.2026 | 14:58
ԵՄ-ի հետ քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակման կայանների կառուցմանն աջակցելու հնարավորությունը
02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
02.07.2026 | 14:34
770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար
02.07.2026 | 14:22
ԵՄ-ում մտադիր են սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր
02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքի համար բնակության ցենզ սահմանելու գաղափարը կարող է իրավաչափ նպատակ հետապնդել, սակայն ներկայացված նախագիծը պահանջում է խորքային սահմանադրաիրավական և մասնագիտական քննարկում։ Առաքելությունը հատկապես խնդրահարույց է համարում գործող Սահմանադրության պայմաններում ընտրական իրավունքի իրացման լրացուցիչ պայման սահմանելը՝ ընդգծելով, որ նման կարգավորումները պետք է քննարկվեն նաև սահմանադրական փոփոխությունների համատեքստում։

««Ականատես» դիտորդական առաքելությունը, ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, գտնում է, որ թեև այն բարձրացնում է ընտրական իրավունքի իրականացման համար էական նշանակություն ունեցող հարցեր, այնուամենայնիվ դրանց լուծումը պահանջում են առավել խորքային սահմանադրաիրավական և մասնագիտական քննարկում։

Առաջին հերթին հարկ է արձանագրել, որ քաղաքացիների և պետության միջև իրական ու կայուն կապի ապահովման նպատակով ընտրական իրավունքի իրացման համար որոշակի կեցության (բնակության) ցենզի սահմանման գաղափարն ինքնին կարող է հետապնդել իրավաչափ նպատակ։ Հատկապես 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ օտարերկրյա միջամտության, արտերկրից ընտրողների կազմակերպված տեղափոխման և ընտրողների ուղղորդման վերաբերյալ ստացված տվյալները և փաստերը ցույց են տալիս, որ պետության հետ փաստացի և կայուն կապ չունեցող անձանց մասնակցությունը կարող է բացասաբար անդրադառնալ ընտրական գործընթացի ազատության, օբյեկտիվության, արդարացիության և դրա նկատմամբ հանրային վստահության վրա։ Այդ համատեքստում պետության հետ ընտրողի կայուն կապի ապահովմանն ուղղված իրավական մեխանիզմների քննարկումը, կարծում ենք, հիմնավորված է։

Հարկ է արձանագրել նաև, որ համապատասխան պետությունում որոշակի ժամանակահատված բնակված լինելու պահանջը՝ որպես ընտրելու իրավունքի իրացման նախապայման, համատեղելի է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին Արձանագրության 3-րդ հոդվածով ամրագրված սկզբունքների հետ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ ընտրական իրավունքները ենթակա են Կոնվենցիայի մեկաբանությունից բխող սահմանափակումների, իսկ պետություններն այս ոլորտում օգտվում են լայն հայեցողության շրջանակից, պայմանով, որ սահմանափակումները հետապնդեն իրավաչափ նպատակ, չվնասեն իրավունքի էությունը և լինեն համաչափ (Doyle v. the United Kingdom, Mathieu-Mohin and Clerfayt v. Belgium)։ Դատարանը վերահաստատել է, որ բնակության կամ բնակության տևողության պահանջները, սկզբունքորեն, չեն համարվում կամայական սահմանափակումներ և չեն հակասում Կոնվենցիային (Sitaropoulos and Giakoumopoulos v. Greece, Hilbe v. Liechtenstein)։

Նման պահանջները իրավաչափ են համարվել այն հիմնավորմամբ, որ ընտրողը պետք է ունենա բավարար և իրական կապ քաղաքական համայնքի հետ և լինի անմիջականորեն ենթակա օրենսդիր մարմնի որոշումների ազդեցությանը՝ հաշվի առնելով՝ (1) երկար ժամանակ երկրից բացակայած քաղաքացիների ավելի թույլ կապը երկրի առօրյա խնդիրների հետ, (2) նրանց ավելի սահմանափակ մասնակցությունը ընտրական գործընթացին և քաղաքական կամքի ձևավորմանը, (3) նրանց վրա ընտրված մարմինների կողմից ընդունվող որոշումների ավելի անուղղակի ազդեցությունը, և (4) պետության իրավաչափ շահը՝ սահմանափակելու արտերկրում բնակվող քաղաքացիների ազդեցությունը ընտրությունների վրա այն հարցերում, որոնք թեև անկասկած հիմնարար են, սակայն հիմնականում ազդում են երկրում բնակվող անձանց վրա (Doyle v. the United Kingdom; Sitaropoulos and Giakoumopoulos v. Greece, Shindler v. the United Kingdom)։

Թեև նշված նախադեպերը վերաբերում են արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքներին, դրանք հաստատում են, որ բնակության տևողության վրա հիմնված սահմանափակումները ինքնին չեն համարվում Կոնվենցիային հակասող և գնահատվում են համաչափության չափանիշի լույսի ներքո։ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի Ընտրական հարցերում բարենպաստ գործելակերպի կանոնագիրքը թեև առաջարկում է, որ քաղաքացիների նկատմամբ բնակության տևողության պահանջները կիրառվեն միայն տեղական կամ տարածքային ընտրությունների դեպքում, այն հանդիսանում է «փափուկ իրավունքի» աղբյուր և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի ընդունել այդ մոտեցումը որպես Կոնվենցիայի մեկնաբանման չափանիշ և շարունակել է հետևել այն դիրքորոշմանը, որ խորհրդարանական ընտրություններում բնակության վրա հիմնված պահանջների թույլատրելիությունը կախված է դրանց իրավաչափ նպատակից և համաչափությունից՝ պետություններին վերապահված լայն հայեցողության շրջանակներում։

Այնուամենայնիվ, ներկայացված նախագիծը պարունակում է երկու կոնցեպտուալ խնդիր։ Այսպես․

1. Նախագծով նախատեսում է նախորդ 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում առնվազն 183 օր փաստացի գտնվելու պահանջ, ինչը չի կարող օբյեկտիվորեն և բավարար չափով արտացոլել պետության հետ քաղաքացու կայուն և շարունակական կապ ունենալը կամ չունենալը։ Այդ առումով ուշադրության է արժանի նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունը, որը համահունչ է նաև «Ականատեսի» կողմից ավելի վաղ Արդարադատության նախարարությանը ներկայացված առաջարկին և որի համաձայն՝ պետության հետ ունեցած հարաբերությունների բնույթն ու բովանդակությունը գնահատելու համար առավել նպատակահարմար կարող է լինել ավելի երկարատև ժամանակահատվածի դիտարկումը։ «Ականատես» դիտորդական առաքելությունը նույնպես գտնում է, որ կեցության ցենզի ներդրման հնարավորությունը քննարկելիս անհրաժեշտ է քննարկել առնվազն վերջին երկու տարվա ընթացքում մեկ տարի Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջի սահմանումը, որպես պետություն-քաղաքացի հարաբերությունների ավելի երկարատև շարունակականությունը գնահատելու իրատեսական չափանիշ։

2. Առավել հիմնարար խնդիր է նախագծով առաջարկվող կարգավորման սահմանադրականությունը։ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Նույն հոդվածի 4-րդ մասը սպառիչ կերպով սահմանում է ընտրական իրավունքի սահմանափակման դեպքերը՝ ընտրելու իրավունքի արգելք սահմանելով բացառապես դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձանց և դիտավորությամբ կատարված ծանր հանցանքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձանց համար։ Այսպիսով, Սահմանադրությունն ինքն է սահմանել ընտրական իրավունքի իրացման նախադրյալներն ու դրա սահմանափակման բացառիկ, սպառիչ հիմքերը՝ չնախատեսելով օրենսդրական մակարդակով լրացուցիչ պայմանների սահմանման հնարավորություն։ Հետևաբար, կեցության նոր ցենզի ներդրումը գործող Սահմանադրության համատեքստում անխուսափելիորեն հանգեցնելու է Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի լրացուցիչ սահմանափակման, որը չի բխում Սահմանադրության 48-րդ հոդվածի կարգավորումներից։

Գտնում ենք, որ պետության հետ ընտրողի կայուն կապի ապահովմանն ուղղված հնարավոր իրավական լուծումները պետք է դառնան լայն մասնագիտական և հանրային քննարկումների առարկա, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում։