Սամվել Կարապետյան, պահեստային թեկնածու Արման Թաթոյան. ինչպես է Մոսկվան փորձում կառավարել ՀՀ ընտրությունները. «Դոսյե»-ի hետաքննությունը

Լուրեր

21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
Բոլորը

Ռուսաստանը հրապարակավ հայտարարում է, թե չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։ Սակայն «Դոսյե» կենտրոնի հրապարակած ներքին փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես էին Կրեմլին մոտ կանգնած քաղաքական տեխնոլոգները փորձում ազդել Հայաստանի ընտրությունների վրա՝ մշակելով թեկնածուների, մեդիա արշավների և հետընտրական սցենարների մանրամասն ռազմավարություններ։ «Դոսյե» կենտրոնի անդրադարձը ներկայացնում ենք ստորեւ՝  թարգմանությամբ։

«Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր [ռուսամետ] քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ժամանակ։ Գիտեմ, որ ոմանք բանտում են, չնայած ռուսական անձնագրեր ունեն»․ 2026 թվականի ապրիլի սկզբին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիմանել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, և որ խոսքի ազատությունը, ընդհակառակը, գոյություն ունի։

Հանդիպումը տեղի էր ունեցել Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ։  Փաշինյանի Մոսկվա այցի պահին Երևանն արդեն սառեցրել էր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, նաև արտահայտել  իր ցանկությունը՝ ավելի սերտ կապեր հաստատելու ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Խոսելով ընտրությունների և ռուսամետ ուժերի մասին՝ Պուտինը նշել էր, որ Կրեմլը չի ​​միջամտում հարևան երկրի ընտրական գործընթացներին։ Դա, իհարկե, այդպես չէ։

«Դոսյե» կենտրոնը պարզել է, որ Մոսկվան որոշել է այս ընտրություններում չկենտրոնանալ մեկ թեկնածուի վրա. Ռուսաստանի հետ կապեր ունեցող քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները փորձում են աջակցել մի քանի քաղաքական ուժերի, որոնց հետ համագործակցությունը կարող է օգտակար լինել Ռուսաստանի համար։ «Դոսյե»-ն ձեռք է բերել և վերլուծել մի քանի հայ թեկնածուներին «աջակցող» ռուս քաղաքագետների ներքին փաստաթղթերը, որոնց նպատակն է թուլացնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև ընտրություններից հետո կոալիցիա կառուցել։

Ապագայի գեղեցիկ Հայաստան

2025 թվականին ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր, «Տաշիր Գրուպ»-ի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը, համոզեց հայ հասարակությանը, որ իր հորեղբոր քարոզարշավում «ռուսական հետք»-ի մասին պնդումները սուտ են. «Առաջին կեղծիքը, որը նրանք կփորձեն օգտագործել մեր դեմ, «ռուսական հետքն» է։ Քանի որ Սամվել Կարապետյանն աշխատել է Ռուսաստանում, նրանք կօգտագործեն այն հակառուսական թեզը, որ Ռուսաստանը նրան ուղարկել է ռուսական ազդեցությունը տարածելու համար»։

«Դոսյե»-ի կողմից ձեռք բերված ռուս քաղաքագետների ներքին փաստաթղթերը ցույց են տալիս, որ «ռուսական հետքի» թեման Կարապետյանի հակառակորդների հորինվածքը չէր, այլ իրականություն։ Ավելին, Ռուսաստանի նախագահի վարչակազմի հետ կապված քաղաքագետները ձգտել են իրենց հաճախորդին ազատել Ռուսաստանի հետ ավելորդ կապերից, որը դարձել էր նրա քարոզարշավի հիմնական խնդիրներից մեկը։

Դեռևս 2023 թվականին «Դոսյե»-ի կողմից ձեռք բերված զեկույցների համաձայն, Կրեմլին հարող փորձագետները սկսել են առաջարկել Կրեմլին՝ փնտրել նոր քաղաքական ուժ Հայաստանում (նրանք առաջարկել են որպես օրինակ վերցնել հասարակական-քաղաքական ուժերի «Միասին» ընդդիմադիր շարժումը), որի հետ համագործակցությունը կարող է օգնել խուսափել Երևանի կտրուկ շրջադարձից դեպի Եվրոպա և ԵՄ անդամակցություն: Փաստաթղթի հեղինակները նաև առաջարկել են ուշադրություն դարձնել «ռուսահայ օլիգարխներին», ովքեր «արդյունավետորեն ազդում են Հայաստանի սոցիալ-քաղաքական գործընթացների վրա»: Հնարավոր է, որ նույնիսկ այդ ժամանակ Կրեմլը հատկապես հեռանկարային էր համարում Կարապետյանի հետ աշխատանքը:

2025 թվականի ամռանը Հայաստանում անցկացված Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի /ВЦИОМ/ հարցումը ցույց է տվել, որ հարցվածների միայն 16%-ն է իր երկրի համար ընտրելու Ռուսաստանի հետ համագործակցությունը, մինչդեռ 22%-ն արտահայտվել է ԵՄ-ի օգտին, ևս 57%-ը՝ չեզոք։ Ռուս քաղտեխնոլոգների փաստաթղթերում նաև առաջարկվել են իրավիճակի լուծման միջոցներ. քանի որ հայ հասարակությունը հիասթափված է, այսպես կոչված, հին ընդդիմության առաջնորդներից, որպես նոր առաջնորդող ուժեր  առաջարկվել են «Հայ Առաքելական Եկեղեցին և հայկական սփյուռքը, հիմնականում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում»։ Ծրագիրը նախատեսում էր նվազեցնել կառավարության ազդեցությունը տեղեկատվական տարածքում, վերահսկողություն հաստատել օրակարգի նկատմամբ և ստեղծել մեդիա կենտրոն, որը կմիավորեր ընդդիմադիր ռեսուրսները, կպատրաստեր նյութեր և կհամակարգեր բողոքի ցույցերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի դեմ ուղղված։

Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ ընկալման փոփոխությանը: Առաջարկվել է փոխել Ռուսաստանի Դաշնության՝ որպես անբարյացակամ պետության ընկալումը՝ մարդասիրական, կրթական և մշակութային նախաձեռնությունների միջոցով: Նախկին մոտեցումը, որը հիմնված էր անհատույց օգնության վրա, պետք է փոխարինվեր փոխշահավետ հարաբերությունների շեշտադրմամբ։ Այն նաև նպատակ ուներ հասարակական գիտակցության մեջ ամրապնդել Ռուսաստանի կապը Հայաստանի բարգավաճման լավագույն տարիների հետ։

Կրեմլի հետ կապված քաղաքագետներն ու տեխնոլոգներն առաջարկել էին փոխգործակցություն հաստատել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մերձավոր Արևելքի հայկական սփյուռքի հետ։ Նրանք նախատեսում էին Հայաստանը ներկայացնել որպես բոլոր հայերի ընդհանուր տուն և սփյուռքի նկատմամբ քաղաքական խտրականության հարցն օգտագործել որպես պատրվակ Փաշինյանի քաղաքականության դեմ բողոքելու և սփյուռքը ներքաղաքական գործընթացներում ներգրավելու համար։

Ծրագրի տնտեսական բաղադրիչը ներառում էր միջոցառումներ Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը մեծացնելու համար, այդ թվում՝ Մոսկվային հավատարիմ հայկական սփյուռքի ռեսուրսների շահագործումը։ Միաժամանակ, այն նախատեսված էր Ռուսաստանում Փաշինյանի խմբի ֆինանսավորման աղբյուրները բացահայտելու և կրճատելու համար։ Ոչ կառավարական հատվածի առումով նպատակն էր զավթել հայկական ՀԿ-ների նկատմամբ վերահսկողությունը, որոնք USAID-ի լուծարումից հետո մնացել էին առանց ֆինանսավորման։

Ներքին քաղաքականության ոլորտում նախատեսվում էր առաջարկել նոր գաղափարախոսություն, որը կարող էր միավորել բնակչության դժգոհությունը և ապահովել ապագայի տեսլական, որը համապատասխանում է հայկական ինքնության հիմնարար սկզբունքներին։ Այս հայեցակարգը պետք է հակադրվեր Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» հետ և առաջ մղվեր որպես «Ապագայի գեղեցիկ Հայաստանի» կերպար։

Հայերի փրկիչը

Սամվել Կարապետյանը պետք է լիներ հայ ժողովրդի «փրկիչը»․ գործիչ, որի կերպարը կբավարարի նորացված կառավարության պահանջարկը, թեկնածու, որը կապ չունի «հին ընդդիմության», «ղարաբաղյան կլանի» կամ Փաշինյանի խմբի հետ։ Կարապետյանը «Տաշիր Գրուպի» հիմնադիրն ու նախագահն է, որը Մոսկվայում գտնվող խոշոր ռուսական հոլդինգային ընկերություն է, միավորում է ավելի քան 200 ընկերություն և մոտավորապես 45,000 աշխատակից ունի։ «Տաշիրի» պաշտոնական կայքը շեշտում է, որ Կարապետյանը կառուցել է Ռուսաստանում դաշնային նշանակության ամենամեծ դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություններից մեկը, թվարկում է նրա ռուսական պարգևներն ու կապերը Ռուսաստանի կառավարության ու եկեղեցական շրջանակների հետ։ Ռուսական տվյալների բազաներում նրա աշխատանքի վայրը 2006 թվականին նշված էր որպես «ИЦ 1706 ФСБ»։ The Insider-ին Ներքին գործերի նախարարության աղբյուրը բացատրել էր, որ այս նշումը  «շնորհվել է» ФСБ-ի վերահսկողության ներքո աշխատող տեղեկատուներին կամ օտարերկրացիներին։ Հայաստանում նրա անունը կապված է ռազմավարական ակտիվների, այդ թվում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ։

2025 թվականի հուլիսին Կարապետյանը պաշտոնապես հայտարարեց «հիմնովին նոր քաղաքական ուժի» ստեղծման մասին։ Այս հայտարարությանը նախորդեց վարչապետ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու միջև հակամարտության սրումը, որի ընթացքում Կարապետյանը հրապարակավ պաշտպանեց Եկեղեցուն։

«Եթե քաղաքական գործիչները ձախողվեն, մենք  մեր ձևով կմասնակցենք այս ամենին»,- այդ ժամանակ հայտարարել էր գործարարը։

Այս ելույթից հետո խուզարկվեց Կարապետյանի տունը Երևանում, գործարարին մեղադրանք առաջադրվեց իշխանության բռնի զավթման հրապարակային կոչ անելու համար։ 2025 թվականի հունիսի 18-ին նա ձերբակալվեց։ Այդ ժամանակից ի վեր հակակառավարական ուժերի մի մասը համախմբվել է նրա շուրջ։ Կարապետյանի ձերբակալությունից ընդամենը մեկ ամիս անց Հայաստանում ընդունվեցին փոփոխություններ, որոնք թույլ տվեցին ազգայնացնել նրա ընտանիքին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

Գործարարի ձերբակալությունից անմիջապես հետո Ռուսաստանի նախագահի աշխատակազմի բաժիններից մեկի ղեկավարի սեղանին հայտնվեց մի փաստաթուղթ, որն ուրվագծում էր Կարապետյանի թեկնածությունն առաջ մղելու ծրագիրը։ Աշխատանքի առաջին փուլը, որը նախատեսված էր 2025 թվականի հուլիսի վերջին, ներառում էր «Փաշինյանն ընդդեմ Կարապետյանի» մեդիա արտադրանքի թողարկումը, ինչպես նաև գործարարի համար իրավական օգնության կոմիտեի ստեղծումը։ Նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 18-ին, պետք է հայտարարվեր նոր քաղաքական ուժի ձևավորման մասին, մինչև սեպտեմբերի 1-ը պետք է ստեղծվեր մեդիա հոլդինգ և հեռուստաալիք, հաջորդ օրը՝ Արցախի Հանրապետության անկախության տոնակատարության օրը, պետք է թողարկվեր ազգային անվտանգության ռազմավարություն, իսկ Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, պետք է մեկնարկեր «Ազգային բարեկեցություն» ծրագիրը։

 

Այս ծրագրերից միայն «Մեր Ձևով» շարժման ստեղծման մասին հայտարարությունն է իրականացվել գրեթե ժամանակացույցին համապատասխան, դրա մասին Կարապետյանը հայտարարել էր 2025 թվականի օգոստոսի 13-ին՝ նախնական կալանքի վայրից։ Նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, դարձավ շարժման համակարգող խորհրդի ղեկավարը։

Նախագահական աշխատակազմի պաշտոնյային ուղղված մեկ այլ փաստաթղթում ուրվագծվել էին Կարապետյանի «շարժման արժեքային հիմքերը»։ Բացի «ես իմ աշխատանքն եմ անում, ես ճիշտ եմ» կարգախոսներից՝ այնտեղ նաև խոսվում էր «պրագմատիկ արտաքին քաղաքականության» մասին՝ «լավ տնտեսական հարաբերություններ Ռուսաստանի հետ = մուտք դեպի հսկայական շուկա» և «առևտուրն ավելի կարևոր է, քան քաղաքական հավակնությունները» արտահայտություններով։

Նշվում է, որ դեռևս 2025 թվականի օգոստոսի սկզբին Մոսկվայի Հին հրապարակում գտնվող նախագահական վարչակազմի շենք էին ժամանել չորս տղամարդ՝ «Տաշիր»-ի փոխնախագահ Հայկ Իգնատյանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, քաղտեխնոլոգ և «Դիալոգ Ռեգիոնս» ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի խորհրդական Հայկ Աջողլյանը և Կրեմլի հետ համագործակցող ռուս քաղաքագետ Գլեբ Կուզնեցովը։ Այս հանդիպումից հետո նախագահական ապարատի հետ սերտորեն կապված Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ​​ինստիտուտի (ЭИСИ)) աշխատակիցները սկսեցին ակտիվորեն աշխատել Հայաստանի ընտրությունների վրա. օրինակ՝ նրանք երկրի ներսում պարբերաբար հարցումներ էին  անցկացնում և վերլուծում դրանց արդյունքները, առաջարկություններ էին գրում ընդդիմադիր թեկնածուների համար և հաշվետվություն էին ներկայացնում ՌԴ նախագահական վարչակազմին։

ЭИСИ-ն ստեղծվել է այն բանից հետո, երբ Սերգեյ Կիրիենկոն «Ռոսատոմ»-ի գործադիր տնօրենի պաշտոնը փոխարինեց նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնով։ Ռուս քաղտեխնոլոգները ЭИСИ-ն անվանում են «նախագահական վարչակազմի մասնաճյուղ»։

Հայկական հույսի մասոնական հետքը

ЭИСИ-ի փորձագիտական ​​խորհրդի ղեկավար Գլեբ Կուզնեցովը  հայկական ընտրությունների հետ կապված աշխատանքներով զբաղվող հիմնական դեմքերից մեկն է. նա հանդիսանում է հակափաշինյանական նախագծի քաղաքական ճարտարապետը: Ըստ «Դոսյե»-ի՝ Կուզնեցովն ինքը Մոսկվայում գտնվող «Ջուզեպպե Գարիբալդի» №49 մասոնական պատվավոր օթյակի անդամ է, որը գործում է Ռուսաստանի Մեծ օթյակի հովանու ներքո: Սակայն քաղաքագետը նախընտրել է չհրապարակել իր կապը կազմակերպության հետ: 2014 թվականից նա ապրում է երկու երկրում՝ Ռուսաստանում և Պորտուգալիայում։

Այն, ինչի մասին Կուզնեցովը գրել էր նախագահի աշխատակազմին ուղղված առաջարկներում 2025 թվականի ամռանը, աշնանը սկսեց վերածվել իրական քարոզարշավի. հոկտեմբերին «Մեր ձևովը» հավաքել էր հինգ հազար կամավորի։ Կուսակցության գրանցումից առաջ Նարեկ Կարապետյանը հարցազրույց տվեց ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին, որում խոսեց հորեղբոր ձերբակալության մասին։

Չնայած արագ մեկնարկին՝ ռուսական թիմը կասկածի տակ դրեց շարժման ներուժը՝ որպես հաստատված ընդդիմության այլընտրանք: Ըստ Կուզնեցովի՝ նոր անկախ նախագծի փոխարեն՝ հայ ընտրողները տեսնում են նախկին լրատվամիջոցները, նախկին կադրերին, նախկին քաղաքական կապերը և նույն հակափաշինյանական հռետորաբանությունը: Օրինակ՝ մեկ ներքին փաստաթղթում փորձագետը շփոթմունք է հայտնել այն մասին, թե ինչու է քարոզարշավը ղեկավարում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշնակիցը, մինչդեռ «Մեր ձևովի» հանրային կողմնակիցների շարքում անհնար է գտնել որևէ մեկին, որը կապված չէ Կարապետյանի բիզնես կառույցների հետ: Ռուս քաղաքագետը «Մեր ձևովին» քննադատել է նաև քարոզարշավի  հնացած  ձևաչափերի համար, ինչպիսիք են «հույսի տուրիզմը»՝ «քաղաք այցելելը, այն զննելը և գրասենյակ բացելը»: Նրան դուր չի եկել նաև շարժման հիմնական հայեցակարգը՝ «ընտրենք Կարապետյանին՝ Փաշինյանի փոխարեն»: Գործարարի վրա ուղղակիորեն հույսը դնելու փոխարեն՝ Կուզնեցովն  առաջարկել է այլ մոդել՝ ստեղծել «նոր հույս» Հայաստանի համար, որտեղ Սամվել Կարապետյանի դերը իշխանությունը մարմնավորելը չէ, այլ այդ հույսն իրականացնելուն նպաստելը: Նա որպես հաջողակ օրինակ բերել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ մի մարդու, որը հաղթեց հենց որպես քաղաքական նախագծի դեմք, այլ ոչ թե որպես պաշտոնի ուղղակի հավակնորդ։

Կարապետյանի վերելքն ու անկումը

Իրավական առումով՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ո՛չ խորհրդարանի անդամ, ո՛չ էլ Հայաստանի վարչապետ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն ունենալու պատճառով: 2026 թվականի ապրիլին Կարապետյանը որոշեց շտկել այս իրավիճակը և հայտարարեց երկու օտարերկրյա քաղաքացիություններից հրաժարվելու որոշման մասին: Նրան, հավանաբար, չի հաջողվի դա անել ընտրություններից առաջ: Ռուս քաղաքագետների համար ակնհայտ էր նաև մեկ այլ խնդիր՝ Կարապետյանի և նրա բիզնեսի կապվածությունը Ռուսաստանին։ Ինչպես նշվում է  փաստաթղթերից մեկում, նա արդեն իսկ գտնվում է «նախապատժամիջոցային գոտում»՝ որպես «Գազպրոմի» խոշոր կապալառու. օրինակ՝ Ֆրանսիայում առգրավվել է մի առանձնատուն, որը, ըստ Ֆրանսիայի դատախազության, իրականում պատկանում է ռուսական գազային հոլդինգի դուստր ընկերությանը։

«Ցանկացած հանրային գործողություն, որը կարող է որակվել որպես «Ռուսաստանի շահերից բխող  միջամտություն» Հայաստանում, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի SDN-ի [ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում] ու ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Շվեյցարիայի պատժամիջոցների ցուցակներում ներառման»,- ափսոսանքով նշել է ռուս քաղաքագետներից մեկը։

Այնուամենայնիվ, 2025 թվականի դեկտեմբերին գրանցվեց հայամետ կուսակցություն, թեեւ  այն հետագայում վերանվանվեց «Ուժեղ Հայաստան», և Սամվել Կարապետյանը, որը դեռևս բանտում էր, ընտրվեց դրա նախագահ։

Միևնույն ժամանակ, Կուզնեցովն այլևս գոհ չէր հայ գործարարի արշավից՝ վարչապետի պաշտոնում Սամվել Կարապետյանի առաջադրումը ինքնաոչնչացում անվանելով։ Ռուս քաղաքագետի կարծիքով՝ ռիսկերից մեկն այն էր, որ Կարապետյանին վարչապետ դառնալու համար անհրաժեշտ  սահմանադրական փոփոխությունները, որոնք  «Ուժեղ Հայաստան»-ը խոստացել էր իրականացնել,  կարող էին չճանաչվել։ Նա գնահատել է, որ Արևմուտքը կարող է չճանաչել ո՛չ այդ փոփոխությունները, ո՛չ էլ Կարապետյանի լեգիտիմությունը որպես կառավարության ղեկավար։ Նման սցենարը կարող է ընկալվել որպես ավտոկրատիայի ուղղությամբ քայլ և հանգեցնել պատժամիջոցների։

Բացի այդ, նրա կարծիքով, Կարապետյանի թեկնածությունն ընկալվում է որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու փորձ։

«Ռուս միլիարդատերը, որի ակտիվները գտնվում են Ռուսաստանի իրավասության ներքո, որի թեկնածությունը սատարվում է ռուսական պետական ​​լրատվամիջոցների կողմից (Սոլովյովը և Սիմոնյանը երկուսն էլ հրապարակավ պաշտպանել են Կարապետյանին, ինչը հանգեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության բողոքի նոտային), ավտոմատ կերպով ընկալվում է որպես Կրեմլի նախագիծ։ Կարևոր չէ՝ արդյո՞ք իրականում այդպես է։ Բավական է, որ այս կառուցվածքը կատարելապես տեղավորվում է  առկա նարատիվի մեջ։ Վերլուծաբաններն արդեն առաջարկում են վերանվանել կուսակցությունը «Ուժեղ  Ռուսական Հայաստան», գոնե դա ավելի ազնիվ կլիներ»,- գրել է նա «իրավիճակի նախագծային վերլուծության» մեջ 2026 թվականի փետրվարին։

Կուզնեցովի խոսքով՝ սա կարող է նաև հանգեցնել Հայաստանին Արևմուտքի աջակցության աճի՝ ռուսական ազդեցությանը դիմադրելու գործում։ Քաղաքագետը կանխատեսել է, որ Կարապետյանի՝ որպես Մոսկվայի կամակատար,  կերպարը կարող է նպաստել սփյուռքի պառակտմանը և, մեծ հավանականությամբ, հանգեցնել պատժամիջոցների թե՛ Կարապետյանի, թե՛ «Տաշիրի» դեմ։

2026 թվականի սկզբին, ռուս քաղաքագետների կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումների համաձայն, Կարապետյանն ավելի մեծ ժողովրդականություն էր վայելում, քան Փաշինյանը Երևանում։ Այնուհետև նրա վարկանիշը նվազեց. գործարարի հեղինակությունը խաթարվեց նրա որդու՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սարգիսի հայտարարությունների պատճառով։ Հունվարին հայկական «Եռանկյունի» փոդքասթի ժամանակ նա առաջարկել էր ստեղծել «սեքսի նախարարություն»՝ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար։

«Ուժեղ  Հայաստանում դժգոհ կանայք չեն լինի»,- հայտարարել էր Կարապետյան կրտսերը՝ քաղաքացիների և մարդու իրավունքների պաշտպանների քննադատության փոթորիկ առաջացնելով։ Սկանդալը լայնորեն լուսաբանվեց միջազգային մամուլում և բացասաբար ազդեց Հայաստանում անցկացված հարցումների և ֆոկուս խմբերի արդյունքների վրա, մասնավորապես այն պատճառով, որ կուսակցության ներկայացուցիչը ներողություն չէր խնդրել։

Կարապետյանի վարկանիշն է՛լ ավելի անկում ապրեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցից հետո։ Մամուլի ասուլիսի ժամանակ նա բացահայտորեն սատարել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջիկա ընտրություններում։ «Գիտեմ, որ ընտրությունները մոտենում են, մենք քննարկել ենք դա։ Եթե իմ աջակցությունը իմաստալից է, ապա նա [Փաշինյանը] անկասկած ունի այն, քանի որ նա է, ով կարող է կառուցել երկարաժամկետ գործընկերություն՝ նման նախագծերը հաջողությամբ իրականացնելու համար»,- հայտարարել էր  Վենսը։

Պահեստային թեկնածու

ЭИСИ-ի աշխատակիցները, սակայն,  չէին հուսահատվում։ Նրանք իրենց ծրագրերում  ունեին մեկ այլ թեկնածու՝ Արման Թաթոյանին։ 2025 թվականի օգոստոսին, Կարապետյանի թեկնածության հետ մեկտեղ, Ռուսաստանի նախագահի աշխատակազմ է հասել Թաթոյանի ներուժի և նրան որպես «առաջադեմ թեկնածու» ընտրություններում դիրքավորելու ներուժի մասին զեկույց։

Թաթոյանը 44-ամյա հայ իրավաբան է, նախկին օմբուդսմեն։ Նախագահական աշխատակազմի համար նրա կենսագրական գրառման համաձայն՝ Թաթոյանը սովորել է ռուսալեզու դպրոցում, ազատ տիրապետում է ռուսերենին, գրել և պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը ռուսերենով, իսկ  նրա պաշտպանության ժամանակ  պաշտոնական ընդդիմախոսը եղել է ՌԴ վաստակավոր իրավաբան՝   Ռուսաստանի դատախազությունից։  Որպես օմբուդսմեն (նշանակվել է այս պաշտոնում 2016 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից), նա սերտորեն համագործակցել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ, մասնակցել է Եվրասիական օմբուդսմենների դաշինքի ստեղծմանը, ամուր կապեր է հաստատել Ռուսաստանի տարածաշրջանների օմբուդսմենների հետ և համագործակցել է Եվրոպայի խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում ռուսական հաստատությունների հետ։ Նա նաև պարբերաբար հանդիպումներ է ունեցել Ռուսաստանում հայկական սփյուռքի հետ։

2025 թվականի հոկտեմբերին Թաթոյանը հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին՝ «Միասնության թևեր» նախաձեռնության շրջանակներում։ 2026 թվականի ապրիլի կեսերին շարժումը գրանցվել է որպես քաղաքական կուսակցություն՝ գլխավորված իրավաբանի կողմից։

Թաթոյանի քարոզարշավի առաջին փուլի մասին  փաստաթուղթը հայ քաղաքական գործչին ներկայացնում է որպես ուժեղ մեկնարկային դիրք ունեցող թեկնածու. նա ունի բարձր ճանաչելիություն, ցածր հակառեյտինգ,  իրավապաշտպանի համբավ, կոռուպցիոն հետագծի բացակայություն և նոր մարդու կերպար է հանրային հոգնածության ֆոնին՝ թե՛ կառավարությունից, թե՛ հաստատված ընդդիմությունից: Այնուամենայնիվ, կա մի խնդիր. նրա անձնական կապիտալը գրեթե չի վերածվել քաղաքական կապիտալի. ընտրազանգվածը լավ կարծիք ունի նրա մասին, բայց չի հասկանում, թե ինչու է նա առաջադրվում, որ կուսակցությունն է ներկայացնում կամ ինչու: Այս փաստաթուղթը, դատելով մետատվյալներից, պատրաստվել է 2026 թվականի հունվարին Կուզնեցովի կնոջ՝ Կարինե Սարգսյանի կողմից, որը Ռուսաստանի և Պորտուգալիայի քաղաքացի է։

Առաջին փուլում ռուս քաղաքագետները իրենց առջև նպատակ դրեցին Թաթոյանին դարձնել ընտրարշավի տեսանելի խաղացող և մինչև 2026 թվականի մարտը նրա վարկանիշը բարձրացնել մինչև 10%։

Բացի հստակ ինքնաներկայացումից, կարճ և հասկանալի ծրագրից, ինչպես նաև արտաքին գովազդի, տպագիր նյութերի և  առցանց գովազդի միջոցով ագրեսիվ տեսողական ներկայության ապահովումից, աշխատանք տարվեց նաեւ ռուսախոս լսարանի և Ռուսաստանի հայկական սփյուռքի ուղղությամբ։

2025 թվականի դեկտեմբերին Կուզնեցովը Թաթոյանի համար կազմել է ընթերցանության ցանկ՝ հետևյալ նշումով. «Նվեր Արման Թաթոյանին. Ցանկը կազմվել է մարդու իրավունքների պաշտպանի համար, որը մտնում է քաղաքականություն փոքր պետության տրավմատիզացված հասարակությունում: Ընտրության չափանիշը՝ ոչ ակնհայտ գրքեր այն մարդկանցից, ովքեր ոչ միայն մտածել են, այլեւ դա արել են»: Դատելով փաստաթղթի ոճից՝ ցանկը կարող էր կազմված լինել արհեստական ​​բանականության միջոցով։

Կարինե Սարգսյանը բողոքել է, որ մինչև 2026 թվականի փետրվարը Արման Թաթոյանի քաղաքական քարոզարշավը, ըստ էության, նույնիսկ մեկնարկած չէր: Բացի բյուջեից, նրա թիմը գործնականում ոչինչ չուներ. ո՛չ մեդիա պլան, ո՛չ ուեւորությունների պլան, ո՛չ վերջնական ծրագիր, ո՛չ քարոզչական նյութեր, ո՛չ էլ նույնիսկ հաստատված կարգախոսներ։

Նա նաև դժգոհ էր Թաթոյանի շտաբի  հաղորդակցման հմտություններից։

Ձմռան վերջին, ըստ ընտրական հարցումների, Թաթոյանը չորրորդ տեղում էր որպես պահեստային թեկնածու՝ ունենալով ինչպես ցածր, այնպես էլ բացասական վարկանիշ՝ հավանաբար իր ցածր ճանաչելիության  պատճառով։ Չնայած մարտ ամսին Թաթոյանը չէր հասել նախատեսված 10%-ին, ըստ ռուս քաղաքագետների ներքին հաղորդագրությունների,  նրա վարկանիշը փոքր-ինչ բարձրացել էր՝ հասնելով 7.8%-ի։ Թեկնածուին լրագրողների բարդ հարցերին պատասխանելուն նախապատրաստելու համար Կուզնեցովը, ի թիվս այլ բաների, մշակեց հաղորդակցության ընդհանուր կանոններ, ինչպես նաև հարցերի պատասխաններ։  Օրինակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների և Հայաստանի՝ ՀԱՊԿ վերադառնալու թեմայով առաջարկվում էր խոսել այսպես․ «Ես հայամետ եմ։ Ռուսաստանը յոթ խաղացողներից մեկն է, որոնց հետ Հայաստանը պետք է աշխատի։ Հարցը «Ռուսաստանի կողմ կամ դեմ» լինելու մեջ չէ։ Հարցն այն է՝ ինչո՞ւ է Փաշինյանն աշխատում միայն մեկ կողմի հետ՝ անտեսելով մյուսներին»։ «Ռուսաստանը իրականություն է։ Այնտեղ ապրում են հարյուր հազարավոր հայեր։ Այնտեղից է գալիս գազը։ Սա փաստ է։ Բայց փաստ է նաև, որ ՀԱՊԿ-ը մեզ չպաշտպանեց։ Պետք չէ կույր հավատարմություն, պետք է գրագետ աշխատանք»։

Եվ անմիջապես հետո տրվում էր հետևյալ խորհուրդը․ «ՉԱՍԵԼ՝  ոչ մի  խոսք ՀԱՊԿ վերադառնալու մասին։ Ոչ մի նոստալգիա ԽՍՀՄ-ի նկատմամբ։ Ոչ մի հարձակում Ռուսաստանի՝ որպես պետության, դեմ»։

«Դոսյեի» տրամադրության տակ են նաև Թաթոյանի քարոզարշավի  ամսական ծախսերի  նախահաշիվները՝ հինգ ամսվա համար (2026 թվականի հունվարից մինչև հունիս): Երկու աղյուսակներն էլ հեղինակել է Դավիթ Անանյանը, ենթադրաբար՝ Հայաստանի Պետական ​​եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավարը: «Միասնության թևեր» կազմակերպության սոցիալական ցանցերի պաշտոնական էջի համաձայն՝ Անանյանը միացել է նախաձեռնության տնտեսական թիմին 2026 թվականի փետրվարին։

Հինգ ամսվա համար նախատեսված քարոզարշավի բյուջեն կազմել է 926.7 միլիոն դրամ (մոտավորապես 185.6 միլիոն ռուբլի: Ամենամեծ գումարը՝ 322 միլիոն դրամը կամ գրեթե 64.5 միլիոն ռուբլին, նախատեսված էր Երևանում և մարզերում գտնվող քարոզարշավի շտաբների ցանցի համար: Աշխատավարձերը և բոնուսները կազմել են 145.8 միլիոն դրամ (29.2 միլիոն ռուբլի), լրատվամիջոցների հետ կապերը՝ 73.8 միլիոն դրամ (մոտ 14.8 միլիոն ռուբլի), տարածաշրջանային քարոզարշավները և անվտանգությունը՝ համապատասխանաբար 69.05 և 33 միլիոն դրամ (13.8 միլիոն ռուբլի և 6.6 միլիոն ռուբլի), իսկ ընտրարշավի եզրափակիչ փուլում լիազոր ներկայացուցիչների համար՝ լրացուցիչ 75 միլիոն դրամ (15 միլիոն ռուբլի): Առանձին նշված է գովազդի և քարոզարշավի արժեքը՝ 165.35 միլիոն դրամ (33.1 միլիոն ռուբլի), ներառյալ արտաքին գովազդը, քարոզարշավային տաղավարները, քարոզարշավի աշխատակիցների աշխատավարձերը, տպագիր նյութերը, առցանց գովազդը, լրատվամիջոցների հետ կապերը և սոցիոլոգիական հետազոտությունները:

Մեկ այլ փաստաթուղթ ներառում է «Фонд з/п работников Москва»  վերնագրով տող, ինչպես նաև ներառում է շարունակական հետազոտությունների ֆինանսավորում՝ երկու քանակական ուսումնասիրություն և ամսական 10 ֆոկուս խումբ: Փաստաթղթում նաև նշված է արդեն ստացված գումարը՝ 19 միլիոն դրամ (3.8 միլիոն ռուբլի) պահանջված գրեթե 35 միլիոնից (7 միլիոն ռուբլի): Առանձին նշված են միջոցներ պաշտոնական ընտրարշավից առաջ գովազդային և առաջխաղացման աշխատանքների համար. նախատեսված էր ընդհանուր առմամբ 22.8 միլիոն ռուբլի: Բյուջեի համաձայն՝ թիմին հինգ ամսվա ընթացքում տրամադրվել է 63.5 միլիոն ռուբլի տեղեկատվական և վերլուծական աջակցության համար. ապրիլի վերջին փոխանցվել էր 34 միլիոն ռուբլի:

«Դոսյեն» չգիտի, թե ով է  ֆինանսավորում Թաթոյանի քարոզարշավը, սակայն Անանյանի կողմից կազմված գնահատականներից մեկը խմբագրել է ЭИСИ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Եկատերինա Սոկոլովան, իսկ ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գլխավոր փորձագետ Ալեքսանդր Գերասիմովը վերլուծել է Հայաստանի վերաբերյալ որոշ հարցումների արդյունքները։

Ռուսամետ կոալիցիա

Ռուսական կողմը դիտարկել է ոչ միայն առանձին թեկնածուների առաջադրման տարբերակը, այլև այն սցենարը, որի դեպքում Թաթոյանը և Կարապետյանը կարող են միավորվել ընտրություններից հետո: Ինչպես նշվում է ռուս քաղաքագետների ներքին փաստաթղթերում, երկու քաղաքական գործիչների միջև հիմնարար գաղափարական հակասություն չկա, ընդհակառակը, նրանց օրակարգերը կարող են ներկայացվել որպես փոխլրացնող: Կարապետյանը ներկայացվում է որպես աշխարհաքաղաքական, ռեսուրսային և պահպանողական ասպեկտների պատասխանատու, մինչդեռ Թաթոյանը պատասխանատու է ինստիտուցիոնալ ասպեկտների համար, որոնք ավելի հարմար են հասարակության չափավոր մասի համար: Դրանից եզրակացվում է, որ երկու քաղաքական գործիչների կոալիցիան կարող է ստեղծել հակափաշինյանական մեծամասնություն՝ միաժամանակ վերացնելով «հին» ընդդիմության հիմնական թուլությունը՝ Քոչարյանին կապված տոքսիկությունը: Այս ծրագրի առաջին փուլում առաջարկվում էր հայտարարել գործընկերության մասին, և եթե «Մեր Ձևովը» չգրանցվեր, Թաթոյանը կարող էր իր ցուցակին ավելացնել իր ներկայացուցիչների մոտ 40%-ը: Կարապետյանի կուսակցության՝ ընտրություններին  մասնակցությունը գրանցելուց հետո,   նշվում է, որ ընտրությունների ընթացքում կարող է համակարգում հաստատվել, իսկ հետո կարող է կոալիցիա ձևավորվել:

Մարտի վերջին ռուս քաղաքագետները մշակել  են երկու զուգահեռ տեղեկատվական ծրագիր՝ դժգոհ ընտրողներին մոբիլիզացնելու համար: Առաջինը կառուցված էր «Յուրաքանչյուրի համար՝ բացի Փաշինյանից» կարգախոսի շուրջ՝ ընտրողներին խնդրվում էր ընտրել Թաթոյանի, Կարապետյանի և Քոչարյանի միջև, և հիմնական նպատակն էր «հակազդել բողոքի ձայների ցրմանը»: Հայեցակարգի հեղինակները առաջարկում էին ծրագիրը տարածել կարճ տեսանյութերի, բլոգերների, թռուցիկների և պաստառների միջոցով:
Երկրորդ՝ «Եկեք» ծրագիրը մշակվել էր ընտրողների մասնակցությունը մեծացնելու համար, որի ռազմավարությունը կառուցված էր Փաշինյանի ռեժիմից հոգնածությունը խթանելու վրա՝ աղքատության, կոռուպցիայի և անարդարության թեմաներով, և ընտրողներին կոչ անելով քվեարկել կառավարության դեմ: Ստանդարտ գովազդային գործիքներից՝ բլոգերների տեսանյութերից սոցիալական ցանցերում կամ քաղաքական գործիչների հայտարարություններից բացի, նրանք նաև առաջարկել են ստեղծել ընտրությունների մասին  այլընտրանքային  կայք, որտեղ ընտրողները կարող էին գտնել իրենց ընտրատեղամասը, ստանալ քվեարկության հրահանգներ և հիմնական ընդդիմադիր ուժերի համառոտ ակնարկ:

Լրատվամիջոցը նշում է, որ ռուս քաղաքագետների քարոզարշավի արդյունավետությունը կարելի է գնահատել Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների միջոցով: «Armenian Election Study»-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ Փաշինյանի աշխատանքի հավանությունը 2026 թվականի մայիսին հասել է 49%-ի, և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանում է զգալի առավելություն մյուս քաղաքական ուժերի նկատմամբ: Կարապետյանի «Ուժեղ  Հայաստանը» մնում է միակ ընդդիմադիր ուժը, որը կարող է հաղթահարել անհրաժեշտ չորս տոկոս ընտրական շեմը: Չնայած մինչև ընտրությունների օրը մնացել է մեկ ամսից էլ պակաս ժամանակ, ռուս քաղաքագետների կողմից մշակված տեղեկատվական ծրագրերը այդպես էլ  չեն իրականացվել, և նրանց առաջարկությունները չեն նպաստում իրենց «սեփական» թեկնածուներից որևէ մեկի հաղթանակին, եզրափակում է «Դոսյեն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի