Թուրք լրագրողի և կեղծիքի ցանցի նոր պնդումները ադրբեջանցիների վերադարձի մասին

Լուրեր

23.05.2026 | 15:55
Արևմուտքը փորձում է Հայաստանում անել այն, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում. Լավրով
23.05.2026 | 15:30
Թուրք լրագրողի և կեղծիքի ցանցի նոր պնդումները ադրբեջանցիների վերադարձի մասին
23.05.2026 | 15:20
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արմավիրում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 14:52
ՄԻՊ-ը մեկնարկել է ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը գնահատելու նպատակով
23.05.2026 | 14:31
Նիկոլ, դու 18 թվից բոլորին խաբում ես, դու ամենամեծ սուտ խոսացողն ես. քաղաքացին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 14:02
ՊՆ-ն փոխե՞լ է Զինված ուժերի զինանշանը․ զորահանդեսի ցուցապաստառին այլ զինանշան է
23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանում ընտրություններին ընդառաջ տեղեկատվական կեղծիքի նոր սխեմա է նախաձեռնվել օտար դերակատարների կողմից։ Այս անգամ թուրք լրագրող Օքայ Դեփրեմը և X-ում գործող, կեղծիքներ տարածող էջերը համատեղ են իրականացնում գործողությունը։

Մայիսի 18-ից X հարթակում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում պնդում է արվում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են եկել Հայաստանի սահմանամերձ տարածքներն Ադրբեջանին հանձնելու և այնտեղ 600 հազար ադրբեջանցիներ բնակեցնելու վերաբերյալ։

X-ի տարբեր ալիքներով տեսանյութը հավաքել է առնվազն 8,8 մլն դիտում։

Որպես տեսանյութում ներկայացված պնդումների սկզբնաղբյուր՝ տեսանյութերի մեկնաբանություններում հղում է արվում թուրքալեզու dikGAZETE պարբերականին, որտեղ մայիսի 17-ին համանման բովանդակությամբ հոդված է հրապարակել թուրք լրագրող Օքայ Դեփրեմը։ Վերջինս հայտնի է Հայաստանի վերաբերյալ պարբերաբար կեղծ և չհիմնավորված թեզեր շրջանառելով։

Ի տարբերություն տեսանյութերում ներկայացվող ուղիղ պնդումների, Դեփրեմի հոդվածում միայն ակնարկվում է, թե «կան կանխատեսումներ», ըստ որոնց՝ բնակչության աճ է սպասվում այն բնակավայրերում, որտեղ իրականացվում է բնակարանաշինության պետական ծրագիրը։

Հոդվածում ենթադրվում է, թե այդ աճը կարող է պայմանավորված լինել Արցախից և մինչև պատերազմը «Ադրբեջանի օկուպացված շրջաններից» եկած կամ ապագայում եկող խմբերով։ Ընդ որում, ըստ Դեփրեմի, սահմանամերձ գոտում իրականացվող ենթակառուցվածքային ու շինարարական նախագծերը բանակցությունների առարկա են՝ սահմանի վերջնական ճշգրտման սպասվող պայմանավորվածություններում։

Թե՛ տեսանյութում, թե՛ հոդվածում ներկայացված պնդումները փաստական հիմքեր չունեն և չեն հաստատվում բաց աղբյուրներում առկա վստահելի և պաշտոնական փաստաթղթերով։

ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Factor TV-ի հետ զրույցում հերքեց տարածվող լուրերը։

«Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի քաղաքացիների բնակեցման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն, ծրագիր կամ գործընթաց գոյություն չունի, ինչի մասին ՀՀ վարչապետը հրապարակային անդրադարձել է։ Իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի զիջման ցանկացած պնդում ի բնե կեղծ է, ինչի մասին ևս անդրադարձել ենք բազմիցս։ Գործ ունենք արտաքին ապատեղեկատվական ազդեցության հերթական փորձի հետ, որի նպատակը հանրության շրջանում անհանգստության, անվստահության և ներքին լարվածության խորացումն է»,- նշում է ՀՀ վարչապետի խոսնակը։

Հոդվածի ու տեսանյութի պնդումները չեն համապատասխանում նաև հիշատակված ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի մասշտաբների հետ։

Տեսանյութի գլխագրում ասվում է, թե «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տներ է կառուցում 600,000 ադրբեջանցիների համար, մինչդեռ հազարավոր հայեր պայքարում են աղքատության մեջ»։

600 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին պնդում այս ծրագրի շրջանակում չի կարող իրականացվել նաև այն պատճառով, որ առաջին փուլի շրջանակներում ծրագրում  ընդգրկվել է 2319 ընտանիք, իսկ 2026 թ․ վերաբացված ծրագրով ընդգրկվել է 1417 նոր տան կառուցման քվոտա։

Հատկանշական է, որ X-ի տեսանյութը պատրաստողները փաստացի օգտվել են այն բանից, որ վերջին շրջանում հայկական տիրույթում ակտիվորեն շրջանառվում է 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալու թեման։ Նրանք  այդ թեզը «կրկնապատկել» ու մտցրել են հրապարակման  մեջ՝ դրա թեզերի տարածումն ավելի հավանական դարձնելու համար։

Այսպիսով՝ Հայաստանի սահմանամերձ տարածքներն Ադրբեջանին հանձնելու և այնտեղ 600 հազար ադրբեջանցիների բնակեցնելու վերաբերյալ տեսանյութը կեղծ է,  և՛ տեսանյութում, և հոդվածում  ներկայացված պնդումները սահմանամերձ համայնքներում վերաբնակեցման վերաբերյալ չեն հիմնավորվում այլ աղբյուրներով, իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմը հերքում է նման համաձայնության մասին տեղեկատվությունը՝ այն որակելով կեղծիք։

Կեղծիքի ստեղծման ու տարածման սխեման

Տեսանյութի անգլերեն խոսքը գեներացված է արհեստական բանականության (AI) միջոցով։ Խոսքին զուգահեռ ներկայացվող բնակարանների կառուցման լուսանկարները իրականում վերցված են Էդգար Բաղդասարյանի YouTube-յան ալիքից։ Այդ կադրերում պատկերված է Կոտայքի մարզի Գողթ մշակութային թաղամասում ընթացող մասնավոր տների շինարարությունը, որը որևէ կապ չունի պետական սահմանամերձ ծրագրերի հետ։

Տեսանյութում ներկայացված են Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ 2026 թ․ փետրվարի 4-ին Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպման նկարները, որոնց զուգահեռ ներկայացվում է նրանց համաձայնությունը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը Ադրբեջանին փոխանցելու, ինչպես նաև այդ հողերը վերաբնակեցման համար նախապատրաստելու վերաբերյալ։

Տեսանյութի վրա փակցված է լոգո, որը չի նույնականացվում որևէ հայտնի կամ հեղինակավոր լրատվամիջոցի հետ։ Ենթադրաբար, այն նույնպես ստեղծված է արհեստական բանականությամբ։

Կեղծ տեսանյութը ակտիվորեն տարածվել է մայիսի 18-21-ն ընկած ժամանակահատվածում X-ի տասնյակ էջերի կողմից։ Ամենամեծ տարածումն ապահովել է Ethan Levins օգտատերը (ավելի քան 148 հազար հետևորդ), որի հրապարակած տեսանյութը հավաքել է 2.8 միլիոն դիտում։

Էթան Լևինսը ներկայանում է որպես ամերիկացի լրագրող, խոշոր լսարան ունի Յութուբում, Ֆեյսբուքում և X-ում։ Լևինսը պարբերաբար հարցազրույցներ է տալիս ռուսական RT հեռուստաալիքին ու աչքի է ընկնում խիստ պրոռուսական կողմնորոշմամբ։

Հայաստանի թեմայով նրա մեկ այլ տեսանյութում տարածվում է մեկ այլ կեղծ տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանը ՄԻԱՎ-ով է վարակվել ազատազրկման տարիներին։

Դիտարկված հրապարակումներից ամենավաղը արվել է մայիսի 18-ին՝ ժամը 23։01-ին, DK օգտատիրոջ կողմից։ Այս ժամանակագրությունը ցույց է տալիս, որ տեսանյութը տարածվել է ոչ թե մեկուսացված հրապարակմամբ, այլ մի քանի օրվա ընթացքում  X-ի՝ տարբեր մեծ լսարան ունեցող էջերի միջոցով։

X-ում այդ տեսանյութը տարածած էջերն  ունեն հարյուր հազարավոր դիտումներ։

Այս էջերը տեսանյութին կից կատարում են գրառումներ՝ հիմնականում Հայաստանում սոցիալական խնդիրների շեշտադրմամբ։ Օրինակ․

  • «Մինչ հայերը բախվում են հոսանքի անջատումների և տարրական ծառայությունների բացակայության խնդրին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսավորում է սահմանի երկայնքով 600,000 ադրբեջանցիների համար շքեղ քոթեջների կառուցումը» (հղում
  • «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ շրջանառվող լուրերի, նոր շքեղ տներ է կառուցում 600,000 ադրբեջանցիների համար, մինչդեռ հայերի 21.7%-ն ապրում է աղքատության մեջ» (հղում

Հատկանշական է, որ այս տեսանյութը տարածող օգտատերերից մի քանիսը մասնակցել են նաև Հայաստանի թեմայով այլ կեղծիքների տարածմանը։

Factor TV-ն վերջերս անդրադարձել էր նաև մեկ այլ նմանատիպ տեսանյութի, որտեղ պնդում  էին, թե Եվրոպական միության աջակցությամբ կնքված ոչ հրապարակային համաձայնագրի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանում թուրքական ռազմաբազայի տեղակայմանը։

Կեղծիքի և դավադրապաշտության սերմեր ցանողը

Հայաստանի մասին պարբերաբար կեղծ նարատիվներ տարածող Օքայ Դեփրեմը թուրք լրագրող է, որը ներկայանում է նաև որպես սոցիոլոգ, քաղաքագետ և միջազգային հարաբերությունների մասնագետ։ DikGazete-ում հրապարակված կենսագրության համաձայն՝ նա բարձրագույն կրթությունը ստացել է Գերմանիայում, մինչև 2014 թվականը ապրել է Ուկրաինայի տարբեր քաղաքներում, իսկ 2014 թվականին տեղափոխվել է Դոնեցկ և 2014-2023 թվականներին, ըստ International reporters պարբերականի,  եղել է Դոնբասում բնակվող ու աշխատող միակ թուրք լրագրող-թղթակիցը։

Reporters Without Borders կազմակերպությունը այդ հարթակը նկարագրում է որպես Կրեմլի ֆինանսավորմամբ գործող կայք, որը ներկայանում է որպես մասնագիտական լրատվամիջոց և տարածում ռուսական ապատեղեկատվություն։

«Լետոպիս Դոնբասա» կայքի տվյալներով՝ Դեփրեմը հանդիսանում է «Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին․ առաջնորդը, որը Ռուսաստանը ոտքի կանգնեցրեց» գրքի համահեղինակը։ Այնտեղ նաև նշվում է, որ նա 2023 թ․ կանոնավոր համագործակցում է թուրքական լրատվականների հետ։

Իր քաղաքական հայացքներն ու կողմնորոշումը Դեփրեմը հստակ արտահայտել է դեռևս 2022 թվականին տված հարցազրույցում, որտեղ պնդում է, թե մինչև 2014 թվականը Ուկրաինան  խաղաղ երկիր էր, իսկ դրանից հետո այնտեղ ակտիվացան ֆաշիզմն ու ազգայնականությունը։

Թուրք լրագրողի գործունեությունը հայտնվել է նաև միջազգային իրավապաշտպան և դիտորդական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) կողմից ստեղծված FakeObservers.org հասարակական կազմակերպությունների միջազգային ցանցի տվյալների բազայում Օքայ Դեփրեմը ներառված է «կեղծ և կողմնակալ դիտորդների» ցանկում։ Նա 2018 թ․ որպես դիտորդ մասնակցել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության «ընդհանուր ընտրություններին» (2022 թ․ Դոնեցկը բռնակցվել է Ռուսաստանին)։

Ռուսական լրատվամիջոցներում նշվում է, որ 2022 թ․ սեպտեմբերին Օքայ Դեփրեմը մասնակցել է նաև Լուգանսկում անցկացված հանրաքվեին։

Բելառուսում պետական ԲելՏԱ գործակալությունը 2025 թ․ հունվարի 26-ին գրել է, որ Դեփրեմը ներգրավված է եղել նաև Բելառուսի նախագահական ընտրություններում։ Սակայն նույն տարվա սեպտեմբերին, ըստ նրա՝ թուրքական Cumhuriyet պարբերականին տված հարցազրույցի, նրան ձերբակալել էին Բելառուսում և տեղափոխել Քաղաքացիության և միգրացիայի վարչություն՝ «ապօրինի մնալու» հիմքով։

Օքայ Դեփրեմը  հայկական տիրույթում հայտնի է հենց նրանով, որ պարբերաբար Հայաստանի վերաբերյալ ներքաղաքական, ազգային, կրոնական կամ պատմական զգայուն թեմաներով կեղծ կամ դավադրապաշտական թեզեր է տարածում։

Նրա նախորդ հրապարակումներից էր, օրինակ, այն տեղեկությունը, թե Երևանում նախատեսվում է 10 նոր մզկիթ կառուցել, որը հետագայում տարածվեց հայկական, ադրբեջանական և ռուսական հարթակներում։ Նույն սկզբունքով էր կառուցված նաև Արաքս գետի ջրային ռեսուրսների վերաբերյալ պնդումը, թե ՀՀ վարչապետը համաձայնել է Թուրքիային անհատույց տրամադրել գետի ջրային ռեսուրսների օգտագործման բացառիկ իրավունքների մի մասը։

Բացի այդ, վերջերս նա տարածել էր նաև պնդում, թե Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված հանրային միջոցառումները նախատեսվում է չեղարկել։ Այս պնդումի հիման վրա էլ X-ում արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութեր էին տարածվել։

Բոլոր այս դեպքերում նրա պնդումները կեղծիք են պարունակել ու հերքվել են։

 

Մարիա Խաչատրյան