Ընտրություններից հետո կառավարությունը կվերադառնա՞ տրանսֆերտները հարկելու գաղափարին, թե՞ կհրաժարվի այդ մտքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Տրանսֆերտները հարկելու գաղափարի շուրջ աղմուկը չի հանդարտվում: Կառավարությունը շարունակում է հերքել՝ նշելով, որ փաստաթղթավորված նման նախագիծ չկա, ընդդիմախոսները, մասնավորապես՝ ՀՀԿ անդամները, իրար հերթ չտալով՝ շարունակում են քննադատել այդ չեղած նախագիծը: Այնուամենայնիվ, նախընտրական այս շրջանում, երբ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն աստիճանաբար թափ է ստանում, այս հարցը գործող իշխանություններին քննադատելու համար գտնված պատճառ դարձավ:

Աղմուկը սկիզբ առավ օրեր առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մի հարցազրույցից, որտեղ նա հայտարարել էր, թե 2020 թվականից եկամտահարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Հայաստանը փորձում է ներդնել տրանսֆերտների հարկման մեխանիզմ. եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտահարկ վճարել պետությանը:

Այդ գաղափարը կարող է տարածվել հատկապես մեր այն հայրենակիցների վրա, որոնք արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Այդ երկրում եկամտահարկը 13 տոկոս է, Հայաստանում իշխանությունները պատրաստվում են սահմանել եկամտահարկի միասնական՝ 23 տոկոսանոց շեմ: Եվ եթե ՌԴ-ում աշխատած ՀՀ քաղաքացին 13 տոկոս հարկ է վճարել, այստեղ պետք է վճարի 10 տոկոս տարբերությունը, իսկ եթե ընդհանրապես հարկ չի վճարել, ապա պարտավոր է ամբողջ 23 տոկոսը հայրենիքում վճարել: Եվ որպես առաջին քայլ՝ սեփական եկամուտները հայտարարագրելու համակարգ պետք է ներդրվի ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների, այլև բոլորի համար:

ՀՀԿ-ականներն անմիջապես կառչեցին ՊԵԿ նախագահի այս հայտարարությունից և, իրար հերթ չտալով, սկսեցին քննադատել այդ գաղափարը՝ նշելով, թե երբ կառավարությունը չի կարողանում զարգացնել տնտեսությունը և ավելացնել հարկային եկամուտները, իր բացթողումները լուծում է ՀՀ քաղաքացու հաշվին՝ նրանից գանձելով հավելյալ հարկեր:

Իշխանությունները հասկացան, որ նախընտրական շրջանում նման գաղափարի արտահոսքը խիստ վտանգավոր է, մեծ հարված կհասցնի իրենց վարկանիշին։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից մինչև փոխվարչապետն ու նույն ՊԵԿ նախագահը սկսեցին բացատրություններ տալ: Նրանցից որևէ մեկը, սակայն, ամբողջությամբ չհերքեց, որ տրանսֆերտները հարկելու գաղափարը, այնուամենայնիվ, քննարկվել է:

«Ցանկացած եկամուտ պետք է հարկվի, դա ժամանակակից տնտեսագիտության սկզբունքներից է, բայց ես վստահ եմ, որ դա Հայաստանում տեղի չի ունենա»,- ասում է տնտեսական մեկնաբան, «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Հայկ Գևորգյանը։ Նա հերքում է, թե կառավարությունը ցանկանում է հարկել տրանսֆերտները, քանի որ քաջ գիտակցում է՝ հարկելը կտա հակառակ էֆեկտը. արդյունքում մեծ կլինի վտանգը, որ ոչ թե եկամուտները կավելանան, այլև կտրուկ կնվազեն բանկային համակարգով փոխանցումները: Բայց եթե չկա տրանսֆերտները հարկելու մտադրություն, ապա այդ մասին ինչո՞ւ է բարձրաձայնել ՊԵԿ նախագահն ու մանրամասն բացատրել, թե դա երբ, ինչպես և ինչու պետք է լինի: «Ինչ-որ տեղ բնական է, որ ՊԵԿ նախագահն այդ մասին խոսում է որպես իդեա, որովհետև իր առաջ դրված խնդիրն առաջին հերթին պետական եկամուտներն ավելացնելն է: Ինքը պիտի երազի դրա մասին»,- պատասխանեց Հայկ Գևորգյանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գագիկ Մինասյանն էլ կարծում է, որ գործող իշխանություններին դեռ թվում է՝ հասարակությունն իրենց ցանկացած գաղափար կընդունի ծափողջյուններով, ինչպես դա անում էր հեղափոխության օրերին: Միաժամանակ, ընդհանրապես չբացառելով տրանսֆերտների հայտարարագրման և հարկման մեխանիզմի ներդրումը՝ նա կարծում է, որ դրանից առաջ պետք է լուծել մի շարք այլ խնդիրներ: «Դրանցից առաջինը ստվերն է, որի մասին մեր նոր իշխանությունները բազմաթիվ ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, բայց երբ նայում ենք, թե ստվերից որքան եկամուտ ենք ուզում բերել պետական բյուջե, ապշեցուցիչ է: Այս տարվա առաջին ինն ամիսների համար մեր կառավարությունը պլանավորել էր պետբյուջե բերել 907 մլրդ դրամ, դրանից ավելի բերել ենք ընդամենը 1.3 տոկոս: Տեսեք՝ ինչ միզեռ թիվ է»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Հայաստանն այլ երկրներից՝ հիմնականում ՌԴ-ից ստանում է տարեկան 1.7-2 մլրդ դոլարի չափով տրանսֆերտ: Եվ եթե ներդրվի տրանսֆերտների հարկման մեխանիզմը, ապա այդ գումարի 23 տոկոսը պետք է վճարել պետությանը: Կառավարությունը գուցե մտածում է, որ տրանսֆերտների հարկումով կարող են բյուջետային մուտքեր ապահովել մինչև մի քանի հարյուր միլիոն դոլարով, բայց դա կունենա նաև բացասական հետևանք: Մեր հայրենակիցների մեծ մասը դրսում աշխատում է՝ շրջանցելով հարկային դաշտը կամ չնչին հարկեր է վճարում: ՌԴ-ն կամ ԵՏՄ մյուս երկրները, որտեղ աշխատում է մեր հայրենակիցների մեծ մասը, ունեն ավելի կոռումպացված և հարկային դաշտից դուրս գործող տնտեսություն: Եվ եթե մեր հարկային մարմինները որոշեն ստուգել արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտները՝ պարզելու համար, թե նրանք այնտեղ հարկեր վճարե՞լ են, ապա կվտանգեն նրանց աշխատանքը: Ավելին՝ հարկեր վճարելու կամ նույնն է, թե իրենց եկամուտների ու ապրուստի մի մասից զրկվելու մտավախությունից ելնելով՝ արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիները, գուցե, ավելի նպատակահարմար գտնեն հարազատներին էլ իրենց հետ տանել:

Ի դեպ՝ արտագնա աշխատողների ուղարկած տրանսֆերտները հարկելու ցանկություն ունեցել են նաև նախկին իշխանությունները, որքան էլ հիմա հերքեն դա: Բայց նախկին իշխանությունները չեն համարձակվել տրանսֆերտները հարկելու մեխանիզմ ներդնել, որպեսզի դժգոհության ալիք չբարձրացնեն: Ի՞նչ կանի նոր կառավարությունը՝ հայտնի չէ: Ենթադրվում է, որ առայժմ ձեռնպահ կմնա՝ զգուշանալով հասարակական դժգոհությունից: Մի հարցում, սակայն, բոլորն են համաձայն. արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների ուղարկած եկամուտները հարկելուց առաջ անհրաժեշտ է տնտեսությունը զարգացնել, ստվերը կրճատել, բնակչության կենսամակարդակը բարձրացնել, որ նման բարեփոխումները ցավոտ ազդեցություն չունենան:

 

Արմինե Ավետյան