Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
Քաղաքականություն
19.05.2026 | 17:24
Մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկվի կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այնտեղ քննարկում կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ։ Հարցը շատ բարդ է։ Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել։ Բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու կամ մերձենալու դեպքում։ Սկզբունքորեն, այդ խնդիրներն արդեն իսկ ի հայտ են գալիս»,- հայտարարել է նա։
Օվերչուկը նաև նշել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության 11 տարիների ընթացքում երկիրը «բառացիորեն ծաղկել է, աճել են նրա կենսամակարդակը և ՀՆԱ-ն»։
«Այս ամենը տեղի է ունենում հիմնականում ԵՏՄ-ին անդամակցության տնտեսական օգուտների շնորհիվ։ Ոչ ոք չի կարող դա փոխարինել Հայաստանի համար»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Նա նշել է, որ Հայաստանի ընտրությունը ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև «հեշտ չէ»․ «Տնտեսական և քաղաքական հարցերն այստեղ սերտորեն փոխկապակցված են։ Այս ամենը փոխկապակցված է Հայաստանում ներկայում ընթացող ընտրարշավի հետ։ Այնտեղ կան ուժեր, որոնք պաշտպանում են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի պահպանումը։ Կան ուժեր, որոնք ձգտում են երկիրը տանել Եվրամիություն։ Իր հերթին, իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանը ԵՏՄ-ում»։
Միևնույն ժամանակ, ըստ Օվերչուկի, Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին։
«Իրականում, Ռուսաստանի ջանքերը հանգեցրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև նորմալ հարաբերությունների զարգացմանը։ Մենք գիտենք, որ արդեն պատվիրակություններ փոխանակվում, երկու երկրների միջև առևտուրը սկսվել է։ Սա լիովին նորմալ գործընթաց է, և մենք շատ գոհ ենք։ Հայաստանի տրանսպորտային համակարգը մասամբ ապաշրջափակվել է: Այսօր ռուսական հացահատիկն ու պարարտանյութը երկաթուղով Հայաստան է հասնում Ադրբեջանի և Վրաստանի միջոցով: Ռուսաստանը նույնպես մասնակցում է ապաշրջափակման գործընթացին: Այս ամենն ամրապնդում է Հայաստանը: Բայց միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ Հայաստանում կան ուժեր, որոնք պաշտպանում են Եվրամիության հետ մերձեցումը: Նրանք օրենք են ընդունել անցյալ տարվա ապրիլին: Այս օրենքը հստակ ցույց է տալիս Եվրամիությանը միանալու ձգտումը»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Ըստ նրա՝ «ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրամիությունը տնտեսական ինտեգրման միավորումից վերածվում է ռազմաքաղաքական միության, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, և ռազմականացվում է Ռուսաստանի դեմ՝ չթաքցնելով դա, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»։
Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կորցնի իր ներկայիս տնտեսական առավելությունները։
«Ընդհակառակը, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք նրանց տնտեսության ծաղկումը։ Բայց եթե ընտրությունը ԵՄ-ի օգտին է, ապա, իհարկե, մենք հարց ունենք. ինչո՞ւ պետք է աջակցենք մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ երկրներին, ինչո՞ւ պետք է աջակցենք նրան։ Մի բան է, որ Հայաստանը լինի մեր միության անդամ, և բոլորովին այլ բան, որ Հայաստանը մոտենա մեր նկատմամբ անբարյացակամ երկրների միությանը։ Մենք հայկական կողմից լսում ենք, որ նրանք ձգտում են միանալ ԵՄ-ին և ընդունել դրա չափանիշները, բայց միևնույն ժամանակ ցանկանում են առայժմ մնալ ԵՏՄ-ում և վայելել ԵՏՄ-ին անդամակցության բոլոր տնտեսական առավելությունները։ Ավելի լավ կլիներ, եթե Հայաստանն արագ որոշում կայացներ. դա ավելի արդարացի կլիներ թե՛ ԵՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե՛ հենց Հայաստանի համար»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի