Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
Քաղաքականություն
15.05.2026 | 21:18
Ռուսական կրեմլամետ «Մատրյոշկա» բոտային ցանցն արշավ է սկսել Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այս արշավն ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրությունների ժամանակ միասին, գրում է Meduza-ն:
Հրապարակման համաձայն՝ «Մատրյոշկա» արշավը Հայաստանի դեմ դարձել է ամենամեծը 2025 թվականի Մոլդովայի ընտրություններից ի վեր։ Մայիսի սկզբին, ըստ «Блокировщик ботов» նախագծի, կրեմլամետ բոտերի ցանցը հրապարակել է 343 կեղծ տեսանյութ Հայաստանի և նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, որը համարժեք է 10,8 շաբաթվա անընդմեջ աշխատանքի։
Համեմատության համար՝ Մոլդովայի ընտրություններից առաջ հրապարակվել է 409 տեսանյութ (15,7 շաբաթ), ԱՄՆ ընտրություններից առաջ՝ 180 տեսանյութ (5,7 շաբաթ), Գերմանիայում՝ 97 տեսանյութ (2,4 շաբաթ) և Լեհաստանում՝ 14 տեսանյութ (0,5 շաբաթ)։
«Մատրյոշկա» արշավը Հայաստանի դեմ սկսվել է բավականին վաղ։ Առաջին հրապարակումները հայտնվել են 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված ընտրություններից 243 օր առաջ։ Մոլդովայում արշավը սկսվել է 168 օր առաջ, իսկ ԱՄՆ-ում՝ 113 օր առաջ։
Նշվում է, որ Հայաստանի ընտրություններից առաջ ապատեղեկատվությունը տարածվում է ոչ թե անընդհատ, այլ ալիքներով։ Վերջին ալիքը տեղի է ունեցել մայիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ, որին, ի թիվս այլոց, մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հայաստանի դեպքում «Մատրյոշկան» առաջին անգամ սկսել է տարածել կեղծ լուրեր առողջության, այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի առողջության մասին։
«Երբ կոռուպցիայի, «երկիրը Արևմուտքին վաճառելու» և «Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու» մասին փաստարկները սպառվել կամ դադարել են աշխատել, միակ տարբերակը մնացել է դիմել այն գործոնին, որի նկատմամբ անհատը որևէ վերահսկողություն չունի՝ իր առողջությանը»,- նշել է «Блокировщика ботов»-ի ներկայացուցիչը։
Փաշինյանի գրասենյակը հերքել է լուրերը, որ վարչապետն առողջական խնդիրներ ունի։
Հայաստանի և Ռուսաստանի միջև հնարավոր ռազմական հակամարտությունը դարձել է «Մատրյոշկա»-ի կողմից խթանվող թեմաներից մեկը։ Գործակալությունը նշում է, որ ապատեղեկատվական ցանցը սկսել է այս մասին կեղծ տեսանյութեր հրապարակել սոցիալական ցանցերում առնվազն մարտի 6-ից։ «Блокировщик ботов» նախագծի համաձայն՝ հայտնվել է առնվազն 20 նման տեսանյութ։
Կրեմլի բոտերի կողմից տարածվող կեղծ նյութերում արված պնդումներն են՝
-Եթե Փաշինյանը հաղթի խորհրդարանական ընտրություններում, նա Հայաստանը կտանի Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության;
-Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խոստացել է պատերազմ սկսել։
Polymarket-ի միլիոնավոր օգտատերեր խաղադրույք են կատարել այն բանի վրա, որ Հայաստանը կհրահրի հակամարտություն Ռուսաստանի հետ։
Վերջին տեսանյութն այս թեմայով հրապարակվել է մայիսի 11-ին։ Այնտեղ պնդում կար, որ Փաշինյանի մամուլի քարտուղարը հաստատել է ՆԱՏՕ-ի հրահանգիչների աշխատանքը Հայաստանում, և որ խորհրդարանական ընտրություններից հետո նա «կհրահրի ռազմական հակամարտություն Ռուսաստանի հետ»։
Մայիսի 9-ի երեկոյան լրագրողները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել էին Նիկոլ Փաշինյանի մասին, որը «վերջերս ընդունել է Զելենսկիին և նրան հարթակ տվել Ռուսաստանի դեմ սպառնալիքներ հնչեցնելու համար»։
Պուտինը պատասխանել էր. «Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերին, ապա դա, իհարկե, հատուկ քննարկում է պահանջում»։
Ռուսաստանի նախագահն ասել էր, որ «դա մեր գործը չէ», բայց առաջարկել էր Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ անդամակցության վերաբերյալ։ Անցյալում Ռուսաստանի նախագահն արդեն հասկացրել է, որ Մոսկվան դեմ է Հայաստանի՝ Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին մերձենալու ծրագրերին։
Մայիսի 9-ին շվեդական Blankspot-ը հայտնել էր, որ ռուսական հատուկ ծառայության աշխատակցի էլեկտրոնային փոստի կոտրված հաշվի միջոցով հայտնաբերվել է փաստաթուղթ, որը մանրամասն նկարագրում է Կրեմլի ծրագիրը՝ Հայաստանում ընտրությունների վրա ազդեցության արշավ իրականացնելու համար։ Փաստաթղթից ենթադրվում է, որ Ռուսաստանի նպատակն է՝ նվազեցնել Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդյունքները ընտրություններում։ Դրան հասնելու համար ծրագրով առաջարկվում է եռապատկել ռուսամետ բովանդակության հասանելիությունը՝ օրական մեկ միլիոնից մինչև երեք միլիոն դիտում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի