«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:51
Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
Բոլորը

«Բիդեք» ընկերության առաջ խնդիր է դրված՝ ավարտել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման աշխատաքները մինչև ապրիլի 24-ը։ Խոստանում են՝ կարվի. այդ օրն ավարտված կլինի 12 մույթից 3-ի վերականգնումը։

Այս աշխատանքները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետ որևէ առնչություն չունեցող մի բան՝ աղմուկ բարձրացրեց․ ամեն քանդվող-հեռացվող քարի հետ սրվում էին «ավերում են», «ջնջում են հիշողությունը» ու նմանատիպ մյուս ահազանգերը։

Այս վախերի մի մասն արդեն ժամանակավրեպ է։ Բայց շինարարության մեկնարկից ամիսներ անց՝ նախանշված ավարտից օրեր առաջ, որոշ հարցեր դեռ կան․ ի՞նչ տեղի ունեցավ հուշահամալիրի տարածքում, այս մասշտաբներով ու այս մեթոդներով աշխատանքներն իսկապե՞ս անհրաժեշտություն էին, ինչի՞ մասին էին բողոքողների դժգոհությունները ու դրանց ո՞ր մասն է շարունակում արդիական մնալ։ 

  • Այն, ինչ ի սկզբանե էր. ի՞նչ միջավայրում կայացվեց Ցեղասպանության հուշահամալիրը վերանորոգելու որոշումը

ԿԳՄՍ նախարարության՝ հուշահամալիրը վերանորոգելու որոշումը թունդ արձագանք ստացավ. 

«Ես չէի ուզում խոսել, չէի հավատում աչքերիս»։
«Հուշարձանը սկսել են ջարդել, ապականել, ավերել և վանդալիստական գործողություններ անել»։
«Ապամոնտաժի ժամանակ աստիճանները կոտրել են, ահա տեսեք»։

Պատճառները բազմաշերտ են։

Ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը սկսվեց 1965-ին, երբ ազգի մեծագույն ողբերգության մասին խոսելու արգելքը հանվեց։ Հուշահամալիրի առաջին մեծ վերանորոգումը՝ ամբողջականության ժամանակավոր խաթարմամբ, տեղի է ունենում 60 տարի անց, երբ խոսելու ուղիղ արգելք չկա, բայց կան պաշտոնական ակնարկներ՝ Ցեղասպանության ճանաչումն այլևս առաջնահերթություն չէ։ 

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում»,2025-ին թուրք լրագրողներին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շվեյցարիայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ զրույցում բարձրացրել էր այլ հարց. «Ո՞նց է, որ 1939 թվականին Հայոց Ցեղասպանության օրակարգ չի եղել և ո՞նց է, որ 1950 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել։ Էս մենք պետք է հասկանա՞նք, թե՞ չպետք է հասկանանք»։

Ցեղասպանության հարցի շուրջ պետական դիրքորոշման վերանայման այս  հայտարարությունների ֆոնին ԿԳՄՍ նախարարը հայտնում է՝ անձրևաջրերը վնասել են հուշահամալիրը, այն կքանդվի և կվերանորոգվի։ 

Տեսանելի ու անհասկանալի մեղադրանքներ. ինչի՞ մասին էին դժգոհությունները

Մեղադրանքները հնչում էին սովորական քաղաքացիների համար երբեմն տեսանելի, երբեմն՝ անհասկանալի հիմնավորումներով։ Հանրային աղմուկի առաջին՝ բոլորին հասկանալի շերտը շինհրապարակի կահավորման մասին էր. շինարարությունն ի սկզբանե տեղի էր ունենում ժանգոտված ձողերով, առանց պատշաճ հարդարման, շինհրապարակը փակված չէր անթափանց վարագույրով։

«Ընդունենք մի փաստ, եթե հանրային աղմուկը չլիներ, ես վստահ եմ, որ նույն ձև շինարարական աշխատանքները շարունակվելու էին»,- ասում է ակտիվիստ Արթուր Չախոյանը։

Բացի շինհրապարակի կահավորումից՝ կար հստակ ձևակերպված մեկ այլ խնդիր ևս։ Սոցցանցային աղմուկն ամենասուրը ջարդված քարերի տեսարանից առաջացավ։ Միանգամից պարզ դարձավ, որ Ծիծեռնակաբերդի դեպքում տեղի ունեցողը ոչ թե վերանորոգում է, այլ նյարդաբանական փորձարկում ամբողջ ազգի վրա․ դու ոչ թե քար ես փոխում, այլ միջամտում ես մարդկանց հիշողությանը։

Նախնական պայմանագրով նախատեսված էր քարերի ապամոնտաժում, համարակալում, պահպանում, հետո՝ վերադարձ։ Փոփոխված նախագծում համարակալման պահանջ այլևս չկար։ 

«Տարբերակ չկար համարակալելու, ենթադրում էինք, որ դա պետք է լինի, բայց երբ անցանք ապամոնտաժման գործընթացի, պարզվեց, որ հնարավոր չէ ամբողջապես այդ քարն անջատել, հնարավոր չէ ուղղակի, այն կոտրվում է անկախ ամեն ինչից»,- բացատրում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծերի հեղինակ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։ 

Ու թեև նա «ամեն ինչ նորմալ է» ասողների շարքում է, համաձայնում է ամենահաճախը հնչած քննադատությանը՝ հուշարձանի վերականգնումը ստանձնած ընկերությունը դա անելու փորձ չուներ։

«Սովորեց, մենք ստիպված եղանք սովորեցնել իրեն, թե որտեղ ինչ անել և ինչքան զգուշացությամբ անել»,- նշում է Քալաշյանը։

«Բիդեք» ընկերության ձեռքը բացվել է՝ ասում է Սաշուր Քալշյանը, չնայած դեռ լիարժեք վստահ չէ՝ Ծիծեռնաբերդի հուշահամալիրի վրա վերականգնել սովորող ընկերությանը նոր հուշարձաններ վստահել արժե՞, թե՞ ոչ։

Այն, ինչի մասին չի խոսվում 

Հանրությանը հասանելի դարձան տեսանելի խնդիրները՝ կահավորումը վատն է, քարերը կոտրվում են, կառուցապատողը չունի ռեստավրացիոն փորձ։ Բայց այլ մտահոգություններ ևս կային․ փորձեցինք հուշահամալիրի մասին անհանգստությունն ամենահաճախը բարձրաձայնած մարդկանցից մեկի՝ հուշահամալիրի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանից պարզել, մասնավորապես, ի՞նչն է սխալ անում կառուցապատողը, բացել մասնագիտական դժգոհությունների բոլոր շերտերը։ Արդյունքը ձեզ ցույց տալ չենք կարող, որովհետև շատ անսպասելիորեն տիկին Թարխանյանը պահանջեց դադարեցնել հարցազրույցը և չհեռարձակել արդեն իսկ արված տեսագրությունը՝ մեր հնչեցրած մեկ հարցից հետո։

Հարցն այն է, որ «Արթուր Թարխանյանի կենտրոնը» 2025 թվականի հոկտեմբերի 21-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ դժգոհությունն ամենախիտն էր, «Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ-ճարտարապետների հայտարարությունը» անունով գրառում արեց։ Դա խորը մտահոգության մասին հայտարարություն էր, որը պահանջում էր դադարեցել աշխատանքները։ Նույն օրը Ճարտարապետների պալատից ասացին՝ իրենք այդպիսի հայտարարություն չեն արել։ Փորձեցինք պարզել՝ ովքե՞ր են այդ 172 ճարտարապետները և արդյո՞ք դեռ ունեն հուշահամալիրի վերականգնման աշխատանքների հետ կապված մտահոգություններ։ Հենց այս հարցն էր, որ փակուղի մտցրեց Անահիտ Թարխանյանի հետ մեր զրույցը։

Մեկ այլ զրույց, որը տեղի չունեցավ։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ամենշաբաթյա շրջայցեր է իրականացնում ու տեղեկանում՝ ինչպե՞ս են անցնում շինարարական աշխատանքները, ի՞նչ է արվում, որքանո՞վ է արվածն արդյունավետ։ 

Ունեինք նախարարի հետ շրջայցի մասնակցելու, այս հարցերի պատասխանները հենց նրանից ստանալու նախնական պայմանավորվածություն։ Սակայն ավելի ուշ նախարարությունից մեզ հայտնեցին, որ այս փուլում նախարարը չի ցանկանում խոսել  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին։

Ուստի մեզ մնում է ներկայացնել հեռակա բանավիճողների պնդումները, որոնք հաճախ խիստ իրարամերժ են։

Խնդիրներ, որոնց մասին դեռ խոսվում է

Արթուր Չախոյանի՝ դեռ արդիական վերապահումներից մեկը ոչ թե մասնակի, այլ ամբողջական վերանորոգման հետ է կապված․ «Էս հատակը նորմալ, բարվոք վիճակում է, քանդած, պոկված չէ։ Բայց ամբողջ հարթակը նախագծով ենթակա է փոխարինման։ Ինչի՞ համար։ Եթե կոտրված քար կա, փոխարինենք։ Երբ մտնում ես հուշահամալիր, ինքն արդեն պատմության մասին է վկայում, պատկերացնենք մի պահ՝ ամբողջովին նորը սարքեն, մարդ էստեղ մտնելուց, կներեք արտահայտությանս, սա, ոնց որ, եվրոռեմոնտ արած լինեն»։

Նախկինում նման փորձեր արվել են։ Սա հուշահամալիրի առաջին մասշատաբային նորոգումն է, նախկինում տրվել են միայն տեղային լուծումներ։ Չախոյանն ասում է՝ հիմա էլ պետք էր այդպես անել, Սաշուր Քալաշյանը պնդում է՝ դա չի աշխատում։

«Մի քանի անգամ փորձել ենք դրա դեմն առնել, կարող ենք մշակել, որ ջրերը չանցնեն, բայց դա չի օգնում»,- ասում է Սաշուր Քալաշյանը։ 

Նա, ամեն դեպքում, կարծում է, որ արդեն ամեն բան կարգին է ու մարդիկ, որոնք հետաքրքրվեցին վերանորոգման ընթացքով, նկատեցին դա։ 

Մենք փորձեցինք դա անել։ Բայց սա հեշտ խնդիր չէ, երբ կողմերը սկզբում բողոքում և հակադարձում են թունդ, հետո՝ ավելի մեղմ ձևակերպումներով, իսկ ավելի ուշ պարզապես հրաժարվում ասել՝ ի՞նչ փոխվեց, փոխվե՞ց ինչ-որ բան։ Լռությամբ նրանք բազմիաթիվ հարցերին ավելացնում են ևս մեկը՝ ինչո՞ւ են հուշահամալիրի վերանորոգման մասին հարցերը նրանց համար անցանկալի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան