Վրաստանը վտանգի է ենթարկում ադրբեջանցի լրագրողին՝ Բաքու արտաքսելով․ HRW-ը՝ Ալիևի քննադատի գործի մասին
Քաղաքականություն
10.04.2026 | 22:25
Վրաստանի իշխանություններն ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին հարկադրաբար Ադրբեջան են վերադարձրել՝ նրան ենթարկելով քաղաքական դրդապատճառներով հետապնդման և վատ վերաբերմունքի իրական ռիսկի։ Այս մասին հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
Իշխանությունները նրան արտաքսել են՝ առանց պատշաճ կերպով գնահատելու այս ռիսկերը, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում պատշաճ դատավարության վերաբերյալ: Ըստ HRW-ի՝ Ադրբեջանի ու Վրաստանի գործողությունները կասկածի տակ են դնում երկու կառավարությունների ազնվությունը՝ կապված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունների հետ:
«Այս արտաքսումը չպետք է տեղի ունենար, և թե ինչպես դա տեղի ունեցավ, հատկապես մտահոգիչ է։ Վրացական իշխանությունները Սադիգովին վերադարձրին մի երկիր, որտեղ նա կանգնած է հետապնդման իրական ռիսկի առջև՝ առանց այդ ռիսկը պատշաճ կերպով գնահատելու և արագացված դատավարություններով, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում արդարության վերաբերյալ»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Գիորգի Գոգիան։
Ադրբեջանում ենթադրյալ հանցագործությունների և կառավարական կոռուպցիայի մասին հրապարակումներ անող Azel.tv մեդիա հարթակի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովը 2023 թվականի դեկտեմբերից ապրում էր Վրաստանում, որտեղ շարունակել էր իր լրագրողական գործունեությունը: 2016 թվականից ի վեր Սադիգովին Ադրբեջանում բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրել, այդ թվում՝ հարուցվել է երկու քրեական գործ, որոնք դիտարկվում են որպես նրա լրագրողական գործունեության համար վրեժ: 2020 թվականի նոյեմբերին Բաքվի դատարանը նրան դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ կասկածելի շորթման մեղադրանքներով: Նա ազատ է արձակվել 2022 թվականի սկզբին՝ ներում շնորհելուց հետո:
2024 թվականի օգոստոսի 3-ին վրացական իշխանությունները ձերբակալել են Սադիգովին՝ նրան Ադրբեջան արտահանձնելու նպատակով, այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները նոր մեղադրանքներ են առաջադրել լրագրողին։ Նա յոթ ամսից ավելի անցկացրել է կալանքի տակ։ Սադիգովը միջազգային պաշտպանություն է խնդրել Վրաստանում, սակայն իշխանությունները մերժել են նրա ապաստանի հայցը և հետագա բողոքարկումները՝ չնայած Ադրբեջանում հալածանքների ենթարկվելու նրա հիմնավորված մտավախություններին։
2025 թվականի հունվարին Սադիգովը հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հիմնվելով այն բանի վրա, որ իր արտահանձնումն Ադրբեջան կխախտի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ 2025 թվականի փետրվարի 28-ին դատարանը ժամանակավոր միջոցառում կիրառեց՝ հունվարին սկզբնապես տրված միջոցառումը երկարաձգելով՝ Վրաստանին հրամայելով չարտահանձնել Սադիգովին մինչև գործի վերանայման ավարտը։ Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակեց 2025 թվականի ապրիլի 16-ին։
Ազատ արձակվելուց հետո Սադիգովը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող բողոքի ցույցերին։ Դատարանները նրան տասնյակ անգամ տուգանել են հավաքների ժամանակ երթևեկությունը խոչընդոտելու հետ կապված ենթադրյալ վարչական իրավախախտումների համար՝ սահմանելով, ընդհանուր առմամբ, 275,000 լարիի (մոտավորապես 102,000 դոլար) տուգանք։ Իշխանությունները նրան նաև երկու անգամ կալանքի են ենթարկել՝ 14 և 7 օր՝ վարչական իրավախախտումների համար։
Ապրիլի 1-ին Ադրբեջանի իշխանությունները դադարեցրին Սադիգովի դեմ քրեական հետապնդումը և այդ մասին տեղեկացրին Վրաստանի իշխանություններին։ Ապրիլի 3-ին Վրաստանի դատարանը վերացրեց նրա գրավը և տեղաշարժի սահմանափակումները։ Ապրիլի 4-ի ուշ երեկոյան ոստիկանությունը ձերբակալել էր Սադիգովին նրա տանը։ Նրա կինը՝ Սևինջ Սադիգովան, լրատվամիջոցներին հայտնել էր, որ ոստիկաններն ուժով մտել են բնակարան և հեռացրել նրան՝ առանց հստակ բացատրություն տալու։ Ապրիլի 5-ի կեսգիշերից կարճ ժամանակ անց ոստիկանությունը հայտարարել էր, որ Սադիգովը ձերբակալվել է սոցիալական ցանցերում ոստիկանին վիրավորելու մեղադրանքով։ Մոտավորապես ժամը 4-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան մեղավոր ճանաչեց, տուգանեց 2000 լարիով (մոտ 745 դոլար), հրամայեց արտաքսել նրան Ադրբեջան և սահմանեց երեք տարվա մուտքի արգելք։ Վրաստանի իշխանությունները նույն օրը նրան տեղափոխեցին Ադրբեջան։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը փորձեց արդարացնել արտաքսումը՝ հղում անելով Սադիգովի ենթադրյալ ներգրավվածությանը բազմաթիվ վարչական իրավախախտումների մեջ և Ադրբեջանի գործընկերների կողմից ներկայացված «անվտանգության հետ կապված մտահոգությունների» չճշտված լինելուն։ Նախարարությունը պնդում էր, թե Եվրոպական դատարանի ժամանակավոր միջոցը վերաբերում էր միայն քրեական վարույթի համատեքստում արտահանձնմանը, որն Ադրբեջանը դադարեցրել էր։
Այնուամենայնիվ, Սադիգովի շահերը ներկայացնող Սոցիալական արդարության կենտրոնը հայտարարել է, որ ժամանակավոր միջոցները պարտադիր են և ուժի մեջ են մնում մինչև դատարանի կողմից դրանց վերացումը։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Վրաստանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմեր են և իրավաբանորեն պարտավոր են հարգել դատարանի որոշումները։
Ադրբեջանում ապրիլի 6-ին իրավապահ մարմինների աշխատակիցներն առանց բացատրության ձերբակալել էին Սադիգովին և տարել ոստիկանական բաժանմունք, որտեղ նրան պահել էինշուրջ 40 րոպե։ Ավելի ուշ նրան ասել էին, որ նպատակը նրան հետախուզվող անձանց տվյալների բազայից հեռացնելն ու մատնահետքեր վերցնելն էր, որից հետո նա ազատ արձակվեց։
Human Rights Watch-ը նշում է, որ Սադիգովի վերադարձը հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով Ադրբեջանում լրագրողների և կառավարության քննադատների նկատմամբ երկարատև հետապնդման միտումը։ Իշխանությունները բազմիցս քրեական և վարչական մեղադրանքներ են առաջադրել լրագրողներին, ակտիվիստներին և քաղաքական հակառակորդներին թիրախավորելու համար, ընդ որում՝ քննադատները հաճախ ենթարկվում են ձերբակալության, ճանապարհորդության արգելքի և այլ տեսակի ոտնձգությունների։
Նշվում է, որ Սադիգովի արտաքսման հանգամանքները լուրջ մտահոգություններ են առաջացնում, որ վրացական իշխանությունները գործել են անբարեխղճորեն և համաձայնության են եկել Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները շրջանցելու համար: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է հետաքննեն Վրաստանի գործողությունները և ապահովեն պատասխանատվությունը իր պարտավորությունների ցանկացած խախտման համար: Դրանք ներառում են վերադարձի բացարձակ արգելքը՝ հալածանքների, խոշտանգումների կամ մարդու իրավունքների լուրջ խախտումների ռիսկի դեպքում (չվերադարձնելու սկզբունք), ինչպես նաև պատշաճ դատավարության երաշխիքները, արդար դատաքննության իրավունքը, արդյունավետ միջոցառումը և ժամանակավոր միջոցառումների պահպանումը:
Վրաստանը պետք է նաև հետաքննի Սադիգովի արտաքսման հանգամանքները և ապահովի մարդու իրավունքների վերաբերյալ իր պարտավորությունների լիարժեք կատարումը:
«Վրացական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն Սադիգովի արտաքսման կազմակերպման գործում Ադրբեջանի հետ իրենց ակնհայտ համագործակցության համար, չնայած նրա անվտանգությանը սպառնացող ակնհայտ ռիսկերին, ինչը խախտում է մարդու իրավունքների վերաբերյալ իրենց միջազգային պարտավորությունները»,- ասել է Գոգիան։
Ըստ նրա՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է երաշխավորեն Սադիգովի անվտանգությունը, որ նա կամայականորեն չի ձերբակալվի կամ հետապնդվի, և որ նա կկարողանա ազատորեն իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իր իրավունքները, այդ թվում՝ երկրից դուրս գալու իրավունքը։
Ուշագրավ է, որ ապրիլի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով Վրաստանում էր։ Այն տեղի էր ունենում Ալիևի նկատմամբ քննադատական հայացքներ ունեցող անկախ լրագրող Աֆղան Սադիգովի՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ Վրաստանից Ադրբեջան արտաքսվելուց մեկ օր անց։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի