Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ-ի 15 կետանոց ծրագրին և պատերազմը դադարեցնելու պայմաններ սահմանել
Քաղաքականություն
26.03.2026 | 19:12
Իրանը պաշտոնապես ներկայացրել է իր պատասխանը Միացյալ Նահանգների կողմից միջնորդների միջոցով փոխանցված 15 կետանոց համաձայնագրին և ներկայացրել է սեփական պայմանները, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Տեղեկացված աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ «ԱՄՆ-ի կողմից առաջարկված 15 կետերի վերաբերյալ Իրանի պատասխանը պաշտոնապես ուղարկվել է երեկ գիշեր՝ միջնորդների միջոցով, Իրանը սպասում է մյուս կողմի պատասխանին»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանը պատասխանում նշել է, որ «թշնամու ագրեսիան և ահաբեկչությունը պետք է դադարեցվեն, պետք է ստեղծվեն օբյեկտիվ պայմաններ, որպեսզի պատերազմը չկրկնվի, պետք է երաշխավորվի վնասների վճարումը և փոխհատուցում տրվի, հստակ որոշվեն պատասխանատվությունները, և պատերազմի ավարտը պետք է իրականացվի բոլոր ճակատներում և տարածաշրջանում ներգրավված բոլոր դիմադրության խմբերի համար»։
Նշվում է, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության իրականացումը եղել է և կլինի Իրանի բնական ու օրինական իրավունքը, և դա նաև մյուս կողմի պարտավորությունների կատարման երաշխիք է, որը այն պետք է ճանաչվի։
Հաղորդվում է, որ իրանական այս պայմանները տարբերվում են Ժնևում բանակցությունների երկրորդ փուլում (ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից մի քանի օր առաջ) մյուս կողմին ներկայացված պահանջներից։
«Իրանի համար պարզ է, որ բանակցությունների մասին ԱՄՆ պնդումն ընդամենը «երրորդ խաբեության» նախագիծ է, և ամերիկացիները բանակցությունների քողի տակ մի քանի նպատակ են հետապնդում. առաջինը՝ խաբել աշխարհին՝ ներկայանալով որպես թվացյալ խաղաղասեր և պահանջելով պատերազմի դադարեցում, երկրորդ՝ պահպանել նավթի ցածր գինը աշխարհում, և երրորդ՝ ժամանակ շահել՝ ցամաքային ներխուժման միջոցով հարավային Իրանում նոր ագրեսիվ գործողության նախապատրաստվելու համար։ Եթե Իրանը կասկածներ ուներ բանակցությունների արդյունքի և Ամերիկայի կողմից համաձայնագրերին հավատարիմ մնալու վերաբերյալ 12-օրյա պատերազմից առաջ, ապա 12-օրյա պատերազմից հետո այն լիակատար կասկածներ ունի Ամերիկայի ցանկացած պահի բանակցելու պատրաստակամության վերաբերյալ»,- նշել է աղբյուրը։
Ըստ նրա՝ ամերիկացիները պատերազմը սկսել են բանակցությունների ընթացքում՝ թե՛ 12-օրյա պատերազմի, թե՛ Ռամադանի շրջանում պատերազմի ժամանակ, և այս անգամ, բանակցությունների քողի տակ, ամերիկացիները ձգտում են հող նախապատրաստել նոր հանցագործության համար։
Նախօրեին իրանական Press TV-ն էր հայտնել, որ Իրանը մերժել է պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի առաջարկը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի