ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը
Քաղաքականություն
20.03.2026 | 16:47
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 20-ի նիստում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքին եւ արդյունքներին վերաբերող զեկույցի շրջանակում արդյունքային ցուցանիշներն ու կատարված աշխատանքն են ներկայացրել ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչները․ հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Արտաքին գերատեսչության մակարդակում կատարված աշխատանքն ու փոխգործակցության ուղղությունները ներկայացրել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
2025 թվականի ընթացքում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2, միջկառավարական խորհրդի 4, Եվրասիական հանձնաժողովի խորհրդի 11 նիստ, որոնց շրջանակում ընդունվել են շուրջ 150 որոշում եւ 70 կարգադրություն:
ԵԱՏՄ պետությունների ղեկավարների կողմից հաստատվել է մինչեւ 2030 եւ 2045 թվականները Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ հռչակագրի միջոցառումների ծրագիրը:
ԱԳՆ-ն իր իրավասության սահմանում շարունակել է ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ շրջանակում իրականացվող նիստերին, նախագծերի մշակման, լրամշակման եւ համաձայնեցման աշխատանքներին:
ԱՊՀ շրջանակում Հայաստանը մասնակցել է պետությունների ղեկավարների խորհրդի 1, Կառավարության ղեկավարների խորհրդի 2, ԱԳ նախարարների 2, Տնտեսական խորհրդի 4 նիստերի, որոնց շրջանակում հաստատվել է շուրջ 150 փաստաթուղթ:
Հայաստանյան կողմն արդյունավետ ներգրավվածություն է ապահովել ԱՊՀ ձեւաչափով բազմակողմ փոխգործակցությանը: ԱԳՆ-ն շարունակել է կանոնավոր փոխգործակցությունն ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գերատեսչությունների հետ:
Հաշվետու տարում Ռուսաստանի Դաշնության հետ բարձրագույն եւ բարձր մակարդակներով շարունակվել է երկխոսությունը: ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի միջեւ տեղի են ունեցել 5 հեռախոսազրույց եւ 4 հանդիպում: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 7.7 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 38.3 տոկոսով:
Կայացել է Հայաստանի ԱԳ նախարարի այց ՌԴ, պատասխան այցով ժամանել է ՌԴ ԱԳ նախարարը:
Հունիսին կայացել է ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, անցկացվել է միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ հոբելյանական համաժողովը: Դեկտեմբերին կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 24-րդ նիստը:
Ներկայացվել է նաեւ Ղազախստանի հետ համագործակցության ձեւաչափը:
Ֆինանսների նախարարության գործառույթների շրջանակներում կատարված աշխատանքներն ու դրանց հիմնական արդյունքները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության մասին՝ զեկուցողը կարեւորել է այն փաստը, որ կատարելագործվել է մակրոտնտեսական կանխատեսումների եւ վերլուծություների համակարգը: «Սրա կարեւորությունն այն է, որ մենք ավելի փաստահեն վերլուծություններ եւ կանխատեսումներ ենք կարողանում կատարել, ինչը մի կողմից՝ հանրային ռեսուրսի օգտագործումն է դարձնում ավելի որակյալ ձեւով պլանավորված եւ նպատակային, մյուս կողմից՝ քաղաքականությունների արդյունավետությունն է բարձրացնում»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել, որ այդ համատեքստում իրականացվել են նաեւ հարկաբյուջետային ռիսկերի գնահատման համակարգի նոր մոդելներով համալրման ու համակարգի լավարկման աշխատանքներ:
Անդրադառնալով պետական պարտքին՝ Արման Պողոսյանը նշել է, որ միտումները կառավարելիության տիրույթում են: 2025 թվականի տարեվերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 5,5 տրիլիոն դրամ կամ շուրջ 14,5 մլրդ ԱՄՆ դոլար: Զեկուցողը տեղեկացրել է, որ դրամով արտահայտված պարտքի կշիռն անշեղորեն աճում է: Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում ներքին փոխառու միջոցների հաշվին պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը կազմել է 297 մլրդ դրամ: 2025 թվականի տարեվերջի դրությամբ դրամով արտահայտված պարտքի կշիռը կազմել է 52,9 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2,2 տոկոսով:
Արման Պողոսյանը խոսել է նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության մասին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ տեղեկացրել է, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ-ի առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է ավելի քան 8 մլրդ ԱՄՆ դոլար: 2025 թվականին արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ կազմել է ավելի քան 3.2 մլրդ ԱՄՆ դոլար: Համաձայն ՀՀ սահմանային անցման կետերով հավաքագրված նախնական տվյալների՝ 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր թվաքանակը կազմել է ավելի քան 2 մլն 263 հազար մարդ՝ 2024 թվականի ցուցանիշը գերազանցելով 2.5 տոկոսով:
Ռուս զբոսաշրջիկների թվաքանակը եղել է շուրջ 938.000՝ ընդհանուր այցելության մեջ կազմելով 43 տոկոս:
2025 թվականին ԵԱՏՄ անդամակցության շրջանակում իրականացվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ պարենային անվտանգության ապահովման եւ տնտեսական կայունության նպատակով մեր երկիրը նախաձեռնել եւ իրականացրել է բանակցություններ, որոնց արդյունքում Հայաստանին տրամադրվել են սակագնային արտոնություններ մի շարք կարեւոր նշանակության ապրանքների ներմուծման համար:
Ներկայացվել են նաեւ այլ ուղղություններով կատարված աշխատանքները:
Ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին: