Երևանում արհեստական բանականությամբ աշխատող լուսացույցների համակարգ կարող է ներդրվել երթևեկությունը կարգավորելու նպատակով․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.03.2026 | 19:00ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների լուծման նպատակով կարող է ներդրվել լուսացույցերի կառավարման «խելացի» համակարգ, որը կաշխատի արհեստական բանականության (ԱԲ) հիման վրա։ Այս նախագիծն ուղղակիորեն կապված է Հայաստանում կառուցվող հաշվողական գերհզոր կենտրոնների հետ, որոնք կապահովեն համակարգի արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ տեխնոլոգիական հիմքը։ Հարցն այժմ քննարկվում է։ ԲՏԱ նախարարը մանրամասնել է, թե ինչպես կարող է ԱԲ-ն օպտիմալացնել երթևեկությունը՝ վերլուծելով ողջ քաղաքի տրանսպորտային հոսքերը և ակնթարթային որոշումներ կայացնելով։
«Խոսքը միլիվայրկյանների ընթացքում շատ արագ տվյալների հետ աշխատելու, տվյալները վերլուծելու, դրա հիման վրա որոշումներ կայացնելու մասին է», – բացատրել է Հայրապետյանը։
«Համակարգն ինքնուրույն հասկանալու է, թե որ փողոցի վրա ինչքան ժամանակով պիտի այս կամ այն լուսացույցը կարմիր լինի, երբ պիտի փոխի իր լույսը, հաշվի առնելով՝ օրինակ Ջրվեժից, ամբողջ մեքենաների հոսքը Նոր-նորքով, Գայի պողոտայով մինչև Հարավ-արևմտյան թաղամաս։ Այսինքն՝ ամբողջ շղթան պիտի վայրկյանների ընթացքում վերլուծի, տվյալները հավաքագրի, անալիզ անի և դրա արդյունքում հանձնարարություն իջեցնի սարքերին, սարքավորումներին, և դրանք պիտի ամբողջությամբ խելացի կերպով կառավարեն ամբողջ հոսքը»։
Նախարարի խոսքով, նման մասշտաբային համակարգի ներդրումը հնարավոր կդառնա շնորհիվ Հայաստանում ստեղծվող հզոր ԱԲ ենթակառուցվածքների, ինչպիսին է, օրինակ, «Firebird» ընկերության կողմից կառուցվող տվյալների կենտրոնը։
Նախարար Հայրապետյանը, խոսելով ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության մասին, կարևորել է ոչ թե վերջին շրջանի այցերը, այլ դրանց հիմքում ընկած պայմանավորվածությունները։ «Մինչև փոխնախագահ Վենսի այցը, ես կցանկանայի նշել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունները և դրան հաջորդած շրջանը»,- ասաց նա՝ նշելով, որ այդ օրը կնքվել են մի քանի փաստաթղթեր, որոնցից մեկը վերաբերում էր հենց բարձր տեխնոոլոգիաների ոլորտին՝ մասնավորապես արհեստական բանականությանը և կիսահաղորդիչների արդյունաբերությանը։
Այս համաձայնագրի շոշափելի արդյունքներից մեկը, ըստ նախարարի, դարձել է «Firebird» ընկերությանը տրամադրված արտահանման թույլտվությունը։ «Դրա ցցուն դրսևորումներից մեկը, իհարկե, Firebird ընկերությանը տրված արտահանման թույլտվությունն էր Սպիտակ տան կողմից, ինչը համարվում է շատ բարդ և հազվագյուտ իրադարձություն»,- նշել է Հայրապետյանը։
Նախնական 500 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը զգալիորեն ընդլայնվել է։ «Ընկերությունը հայտարարեց, որ հաշվի առնելով արդեն իսկ երկրորդ փուլի հաջողությունը, ըստ էության, ստանալով թույլտվություն ձեռք բերել ավելի մեծ քանակի գրաֆիկական պրոցեսորներ՝ շուրջ 50,000, ընդհանուր ներդրումային ծավալը կհասնի 4 միլիարդ ԱՄՆ դոլարի»,- հայտարարել է նախարարը։
Անդրադառնալով այս ներդրումներից Հայաստանի շահին՝ նախարարը շեշտեց, որ խոսքը միայն հարկային մուտքերի մասին չէ։ Գլխավոր նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական գործոն համաշխարհային քարտեզի վրա։ «Իմ երազանքն է Հայաստանը վերածել արհեստական բանականության տվյալային կենտրոնների պարտեզի»,- ասաց նա՝ հավելելով, որ սեփական հաշվողական ռեսուրսների և ենթակառուցվածքների առկայությունը կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսության և տեխնոլոգիական թռիչքաձև զարգացման համար։
Միևնույն ժամանակ, նախարարն ընդունեց, որ ոլորտը կանգնած է կադրային խնդրի առաջ։ «Ունենք նմանատիպ խնդիր։ Ընդ որում՝ միայն արհեստական բանականության ոլորտում չեն այդ խնդիրները՝ տվյալագիտության մեջ նմանատիպ մարտահրավերներ ունենք, կիբերանվտանգության ոլորտում ներգրավված մասնագետների խնդիր ունենք»,- խոստովանել է Հայրապետյանը։
Ըստ նրա՝ այս խնդրի լուծման լավագույն ուղին կրթության մեջ ներդրումներն են։ Կառավարությունը մշակում է նոր ռազմավարություն, որը պետք է պատրաստ լինի մինչև հուլիսի 1-ը։ Այն մշակվում է ոլորտի, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ, որպեսզի կրթական ծրագրերը համապատասխանեն շուկայի իրական պահանջներին։
Անդրադառնալով մտավախություններին, թե արհեստական բանականությունը կհանգեցնի զանգվածային գործազրկության, նախարարը նշեց, որ սա համամարդկային մարտահրավեր է, որը նոր չէ։ «Սա մի փուլ է, որով մարդկությունն իր ողջ գոյության ընթացքում անցել է տարբեր ձևերով՝ ինդուստրիալ հեղափոխության ժամանակահատվածում, դրանից ավելի վաղ, երբ որևէ տեխնոլոգիա եկել է փոխարինելու մարդու այս կամ այն ֆունկցիան»,- բացատրել է նա։ Հայրապետյանի խոսքով, մարդիկ պետք է հարմարվեն նոր իրողություններին և կարողանան ձևակերպել ու լուծել ավելի բարդ խնդիրներ։
Հարցազրույցի ընթացքում նախարարը հստակ ժամկետներ նշեց Հայաստանում YouTube-ի դրամայնացման (մոնետիզացիայի) հնարավորության վերաբերյալ։ «Ապրիլի վերջ, մայիսի սկիզբ արդեն իսկ ծառայությունն ամբողջությամբ ակտիվացված կլինի Հայաստանում։ Այս երկու-երկուսուկես ամիսները, ըստ էության, փորձարարական, թեստավորման շրջան են»,- նշեց Մխիթար Հայրապետյանը։ Նա նաև հավելեց, որ աշխատանքներ են տարվում այլ միջազգային ծառայություններ, ինչպիսիք են PayPal-ը և Stripe-ը, Հայաստանում հասանելի դարձնելու ուղղությամբ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան