Ծեծից մինչև թմրաբիզնես․ ի՞նչն է մղում դեռահասներին հանցավորության

Լուրեր

12.03.2026 | 21:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.03.2026 | 21:30
Իրանում հակամարտությունը շարունակվելու դեպքում ՀՀ տարածքով Նախիջևան տարանցումն արդիական կդառնա․ Ռուսիֆ Հուսեյնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 21:16
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
12.03.2026 | 21:16
«Նոան»` Հայաստանի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 21:09
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ գումար» է վաստակում, երբ նավթի գները բարձրանում են
12.03.2026 | 21:00
Վարչապետը նախապես տեղյակ չի եղել այդ քայլի մասին, պրոտոկոլից շեղում կա․ Լուսինե Բադալյանը՝ Էդիտա Գզոյանի հեռացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 20:51
Երևանի բյուջեի եկամուտները 2025-ին 148.5 մլրդ դրամ են կազմել․ ինչպե՞ս են ձևավորվել դրանք
12.03.2026 | 20:45
Որքան փող ու ինչ գույքեր են բռնագանձման ենթակա ՀՅԴ-ական նախկին նախարարից ու եղբորից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 20:37
ՍԴ–ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու որոշումը
12.03.2026 | 20:29
Այսօր Կատարից Օման անվճար տեղափոխվել է ՀՀ 10 քաղաքացի. ԱԳՆ
12.03.2026 | 20:13
Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով Իրանում երեք միլիոն ներքին տեղահանված կա. ՄԱԿ
12.03.2026 | 20:00
Իրանի դեմ լայնածավալ պատերազմ է ԱՄՆ-ի ներգրավմամբ․ բնական կլինի «Թրամփի ուղու» ձգձգումը․ Գեորգի Միրզաբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 19:49
Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի պաշտպանության նախարարի հետ
12.03.2026 | 19:37
Իրանի նոր գերագույն առաջնորդը խոսել է ընտանիքի զոհված անդամների մասին
12.03.2026 | 19:25
Factor TV-ի անդրադարձից հետո սոցաշխատողն այցելել է տնակում ապրող ընտանիքին
Բոլորը

Վերջին շրջանում առավել հաճախ կարելի է տեսնել անչափահասների կողմից կատարվող բռնարարքաների վերաբերյալ հաղորդագրություններ։ Թերթելով ընդամենը վերջին աիսների լրահոսը՝ կարելի է հանդիպել անչափահասների միջև բռնությամբ ուղեկցվող բազմաթիվ դեպքերի, որոնք արագորեն տարածվում են համացանցում և առաջացնում հանրային մեծ արձագանք։

Ըստ ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի տեղեկատվության՝ 2025 թվականին ՀՀ տարածքում անչափահասների կողմից կատարվել է հանցագործությունների 301 դեպք, 2024 թվականի 285-ի փոխարեն։

Դիտարկելով 2022-2025թթ․ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի վերջին 4 տարվա տվյալները, ակնհայտ է, որ առկա է աճի դինամիկա։ Եթե 2022 թվականին ՀՀ քննչական կոմիտեում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 244 քրեական վարույթ, ապա 2025 թվականին՝ 464։

Անչափահասների հանցավորության խնդիրն է անդրադարձել նաև ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ կառույցի 2025 թվականի գործունեությունն ամփոփելիս։ Մասնավորապես նա նշել է, որ անչափահասների կողմից կատարվող բռնարարքների հարցում նախարարությունը խստացրել է քաղաքականությունը։ Նախարարը մասնավորապես նշել է, որ նման դեպքերում ԿԳՄՍՆ-ն պետք է հետևողական լինի իրավապահների կողմից ուղղված միջնորդագրերի հարցում։

«Իրավապահները իմանում են դեպքերի մասին օպերատիվ աշխատանքների շրջանակում։ Օրինակ, եթե հայրը, մայրը կամ երեխան ասում են, որ միջադեպը տեղի է ունեցել վայր ընկնելու հետևանքով, մենք բնականաբար բոլոր դեպքերի հետևից գնում ենք, և պարզվում է, որ ոչ թե ուղղակի սայթաքել է, այլ եղել է ծեծկռտուք, կամ անչափահասը ստացել է կոտրվածք կամ այլ վնասվածքներ»,– նշել է նախարարը։

ՆԳՆ տվյալներով 2025 թվականին Հայաստանի ուսումնական հաստատություններում անչափահասների մասնակցությամբ 91 դեպք է արձանագրվել (2024 թ․ եղել է 43 դեպք), փաստացի միջադեպերի թիվը մեկ տարվա ընթացքում գրեթե կրկնակի աճել է։

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանի դիտարկմամբ անչափահասների հանցավորության շրջանում Հայաստանում դիտարկվում է թե՛ բռնի հանցագործությունների, թե՛ սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճ։ «Երբ երեխաները տեսնում են, որ բռնությունը հանդիսանում է հարցի լուծման հնարավոր միջոց, միշտ ուժեղի մոտ թույլն է մեղավոր, նրանք սկսում են բռնությունը կրկնօրինակել՝ ինքնահաստատման, իրենց ուժը ցույց տալու, մեծի տպավորություն թողնելու համար», – նշում է Թումասյանը։

Ինչ վերաբերում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճին՝ գողություններ, կողոպուտներ, ավազակություններ, խարդախություններ, ապա դրան է նպաստում սոցիալ-տնտեսական իրավիճակը և երեխայի ընտանիքի ֆինանսական ապահովությունը։ Շատ հաճախ ունեցվածքի ցուցադրությունը, դրանով հասակակիցների շրջանում արտոնյալ դիրք գրավելը մղում է երեխաներին գործողությունների, որպեսզի հետ չմնան իրենց համադասարանցիներից։
«Երբեմն նման քայլերի գնում են նաև շատ ապահով ընտանիքների զավակները, երբ չունեն իրենց ծնողների հետ առողջ հարաբերություններ, և իրենց կարիքների համար անհրաժեշտ գումարը փորձում են հանցավոր ճանապարհով ձեռք բերել»,- նկատում է Թումասյանը։
Հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու միջոցներից մեկը թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավումն է։

2026 թվականի հունվարին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի և Սարամեջ գյուղի բնակիչ 17-ամյա երկու տղաներ տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ։ Կատարված զննությամբ տղաների նշած վայրում հայտնաբերվել էր մարիխուանայով 19 փաթեթ։

2020-2025թթ․ ընթացում ՀՀ ՆԳՆ կողմից տրամադրած տվյալների համաձայն բացահայտվել է անչափահասների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր։

Այս դեպքերը փոխանցվել են նաև նախորդ տարիներից, ինչպես նաև ցույց չեն տալիս հանցագործության տարածվածության ողջ ծավալն ու իրական շղթան։

«Երեխաները փաստացի ներգրավվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, և երբ նրանք բացահայտվում են, շատ դեպքերում դժվար է գտնել, թե ով է նրանց պատվիրատուն։ Թեև արդեն իսկ վիճակագրությունը մտահոգիչ է, բայց բոլոր դեպքերը չէ, որ բացահայտվում են։Շատ դեպքերում նրանք ծանոթանում են պատվիրատուների հետ տելեգրամյան ալիքներով, գումարը փոխանցվում թ էլեկտրոնային դրամապանակների միջոցով, և հետևել ու հստակ բացահայտել բոլոր հնարավոր տարբերակները բավականին բարդ է», – նկատում է Դավիթ Թումասյանը։

Անչափահասները տարբեր դերակատարում են ունենում թմրաբիզնեսում, բայց նրանք հիմնականում միջանկյալ օղակն են, որոնք ստանում են փաթեթները, և որոշակի վճարի դիմաց տեղադրում են դրանք, ֆիքսում գեոլոկացիան, և ուղարկում թմրավաճառներին՝ գնորդին փոխանցելու նպատակով։ Սակայն Ըստ ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տվյալների՝ Հայաստանում աճում է նաև թմրանյութեր գործածող անձանց թիվը, որոնց մեջ կան նաև անչափահասներ:

Միաժամանակ, թմրամիջոցների գործածման փաստը գերազանցապես անհայտ է մնում ինչպես պետական մարմիններին, այնպես էլ բժշկական հաստատություններին, և անձինք, անգամ թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված խանգարումների ձևավորման դեպքում, հաճախ խուսափում են դիմել բուժման։ Ըստ այդմ, հաշվառման տվյալները չեն կարող հիմնավոր լինել անչափահասների շրջանում թմրամիջոցների գործածման տարածվածությունն օբյեկտիվորեն գնահատելու համար։ Միաժամանակ, ամբողջ աշխարհում 15-16 տարեկան դեռահասների կողմից վերջին տարվա ընթացքում կանեփից պատրաստված թմրամիջոցների գործածման տարածվածությունն ավելի բարձր է, քան մեծահասակների շրջանում (համապատասխանաբար 5.5%՝ 4.5%-ի դիմաց

Դեռևս 2023 թվականին ՀՀ Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ը հայտարարել էր, որ նախատեսվում է հարցում անցկացնել՝ դպրոցներում 16-ամյա դեռահասների շրջանում թմրանյութերի օգտագործման տարածվածությունը գնահատելու համար՝ եվրոպական երկրներում իրականացվող լայնածավալ ESPAD (European School Survey Project on Alcohol and Other Drugs) հետազոտության շրջանակներում։

Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանի, կենտրոնի մասնագետներն իրենց ռեսուրսներով կատարել էին նախապատրաստական ողջ աշխատանքը, թարգմանել և ադապտացրել հարցաթերթերը, սակայն ոլորտի պատասխանատու գերատեսչությունը բավարար հետաքրքրություն չցուցաբերեց։
«Շատ կարևոր էր, որ Հայաստանում իրականացվեր նման հետազոտություն՝ պարզելու համար ամենառիսկային տարիքում՝ 15-16 տարեկանում, անչափահասների շրջանում կախվածությունների հետ կապված իրական պատկերը։ Բայց, ցավոք այժմ իրական պատկերը տեսանելի չէ, իսկ թմրանյութերի օգտագործման տեսանկյունից Հայաստանում նկատվում է երտասարդացում», – ասում է Սուրեն Նազինյանը։

Միաժամանակ, այս թեմայով կատարված վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ դեռահասների շրջանում վնասակար վարքագծերը հաճախ կապված են հանցավոր վարքի աճի հետ։ Օրինակ, «Արատավոր դրսևորումների և անչափահասների հանցագործությունների միջև կապը միջին դպրոցում» 2025 թվականին հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թմրանյութերի ապօրինի օգտագործումը անչափահասների կողմից կապված է բռնի վարքով ուղեկցվող հանցագործությունների հետ։ Միևնույն ժամանակ, գլոբալ մակարդակում նման միտումները արձանագրում է նաև ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) «Գլոբալ անկայունությունը խորացնում է համաշխարհային թմրամիջոցների խնդրի սոցիալական, տնտեսական և անվտանգության ծախսերը» 2025 թվականի զեկույցը, որտեղ նշվում է, որ երիտասարդներն ու դեռահասները հանդիսանում են թմրանյութերի օգտագործման առումով ամենախոցելի խմբերից մեկը, իսկ թմրանյութերի ապօրինի շուկաները հաճախ ներգրավում են երիտասարդներին ոչ միայն որպես օգտագործողներ, այլ նաև որպես տարածման և այլ ապօրինի գործունեության մասնակիցներ։ Այս համադրությունը ցույց է տալիս, որ թմրանյութերի օգտագործումը դեռահասների շրջանում չի հանդիսանում միայն առողջապահական խնդիր, այլ նաև սոցիալական և կրիմինոլոգիական խնդիր է, որը նպաստում է հակասոցիալական վարքի ձևավորմանը, խմբային հանցավորության տարածմանը և հասարակական կարգի խախտումներին։

Պարզ է, որ այս ասպարեզում պետության պայքարի գործիքները պետք է չսահմանափակվեն միայն քրեաիրավական ներգործության մեթոդներով, այլև տարբեր այլ եղանակներով։Մասնավորապես վերջին տարվա ընթացքում Ոստիկանության ծառայողները առավել ակտիվ հանդիպումներ են կազմակերպում ուսումնական հաստատություններում՝ կատարելով իրավական իրազեկման աշխատանքներ և նպաստելով բարձրացնել անչափահասների, մանկավարժների և ծնողների իրավագիտակցության մակարդակը։

Համաձայն ՀՀ ՆԳ նախարարի ցուցման 2025 թվականին ակտիվացնել են անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները նախականխելու և բացահայտելու աշխատանքները, հատկապես ուժեղ հսկողություն է սահմանվել հասարակական, ժամանցի վայրերում, խոցելի կամ ռիսկային դիտարկվող հատվածներում /դպրոցներ և հարակից տարածքներ, զբոսայգիներ, հանրային սննդի օբյեկտներ և այլն/։

Նպատակն է հայտնաբերելու անչափահասների մոտ պահվող վտանգ ներկայացնող իրեր և առարկաներ, որոնք կարող են դառնալ հանցագործության գործիքներ։

Վերջերս, դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներից Factor.am-ը ստացել է նաև զանգեր, որ դպրոցների կողմից ուղարկվել են հաղորդագրություններ՝ պայուսակների կանխարգելիչ ստուգման վերաբերյալ։ Ծնողներից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ, փոխանցեց հաղորդագրություն, որում ասվում էր․

Ծնողներին հուզում էր հարցը, թե արդյո՞ք ոստիկաններն իրավունք ունեն ստուգելու երեխայի պայուսակը, և արդյոք դա երեխայի իրավունքների խախտում չէ։ Դավիթ Թումասյանի ձևակերպմամբ․

«Երբ ոստիկանության ներկայացուցիչը առաջարկում է երեխային բացել պայուսակը, այդտեղ որևէ խախտում ու խնդիր մենք չունենք, հատկապես եթե դա կատարվում է ուսուցչի, ծնողի կամ այլ ներկայացուցչի ներկայցությամբ։Իսկ երբ խոսքը գնում է խուզարկության մասին, երբ ոստիկանը ինքնուրույն է բացում, ապա այդ պարագայում մենք պետք է ունենանք որոշակի դատավարական կարգավիճակներ և առաջնորդվենք առավել բարձր պաշտպանության շեմ պահանջող օրենսդրությամբ”, – ասում է փորձագետը։

Ինչ վերաբերում է դպրոց բերվող արգելված իրերի ցանկին, ապա 2025թ․ հոկտեմբերին օրենսդիրն ընդունել է «Երեխաների իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է լիազորությունների նորմ։ Ըստ այդմ, 2026 թվականի ընթացքում կառավարությունը պետք է հաստատի այն իրերի ցանկը, որոնք արգելված է տանել կրթական հաստատություններ։

«Այդ ամենը դեռ նոր պետք է կազմվի, և այսօր մենք դեռ չունենք ցանկ, որն ունի իրավական ուժ և կսահմանի, թե դպրոց երեխան ինչ առարկա չի կարող բերել, մոտավոր ցանկը վերցվում է տարբեր օրենքներից, օրինակ, մինչև 18 տարեկաններին արգելվում է վաճառել ծխախոտ և դրա հետ կապված տարբեր պարագաներ, և երբ այժմ ոստիկանության կողմից կազմակերպվում են այցեր, նրանք հիմնականում նայում են այդ օրենքներում արգելված իրերի ցանկին, և եթե երեխայի մոտ հայտնաբերվում է դանակ կամ ծխախոտ և նման պարագաներ, դրանք առգրավվում են», – ասում է Դավիթ Թումասյանը։

Իհարկե, հնարավոր է մենք ունենանք լավ օրենսդրություն, սակայն վատ վերահսկողություն, քանի որ կան ազդակներ, որ դպրոցը ևս երբեմն կոծկում է դեպքերը, պլանային ստուգումների ընթացքում դպրոցը երբեմն ստանձնում է չակերտավոր օգնողի դերը։ Եվ մինչ ոստիկանության ծառայողները կմտնեն դասարան, երեխաներին արագ իրազեկում են, որ արգելված իրերը՝ ծխախոտը, կտրող-ծակող իրերը ապահով թաքցնեն։ Իսկ այս մոտեցմամբ մենք ոչ թե օգնում ենք երեխաներին, այլ շարունակական դարձնում վտանգավոր դեպքերն ու հանցագործությունները։

Այս ամենը ցույց է տալիս, որ անչափահասների հանցավորությունը չի ծնվում մեկ օրում և չի սկսվում միայն հանցագործության պահից։ Այն սկսվում է շատ ավելի վաղ՝ անտեսված խնդիրներից, չլսված երեխաներից, անտեսված դպրոցական միջավայրից, ընտանիքում բացակայող վստահությունից և հասարակությունում բռնության նորմալացումից։ Երբ երեխան առաջին անգամ ծեծկռտուքի մեջ է մտնում, երբ առաջին անգամ ձեռք է բերում ծխախոտ, երբ առաջին անգամ համաձայնում է ինչ-որ մեկի համար թմրանյութեվ փաթեթ տեղադրել՝ դա դեռ շատերի համար թվում է փոքր միջադեպ։ Բայց հենց այդ փոքր քայլերից են սկիզբ առնում ճանապարհները, որոնք կարող են տանել դեպի ավելի ծանր հանցագործություններ։ Եթե պետությունը, դպրոցը և ընտանիքը չեն արձագանքում այդ առաջին ազդակներին, ապա շատ արագ կարելի է հայտնվել մի իրականության մեջ, որտեղ դեռահասների հանցավորությունը դառնում է ոչ թե բացառություն, այլ համակարգային խնդիր։ Իսկ այդ դեպքում հարցը այլևս միայն այն չէ, թե ինչպես պատժել հանցանքը, այլ՝ ինչպես ժամանակին կանխարգելել։

Զարուհի Հովհաննիսյան