Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է, պետությանն է վերադարձվել 124 գույք
Հասարակություն
09.03.2026 | 14:16
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Մասնավորապես նշվում է, որ մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է և պետությանն է վերադարձվել 124 գույք։
Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
«Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության և դատախազության ստորաբաժանումների՝ այս ոլորտում կատարած աշխատանքի մասին խոսելիս՝ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնում արձանագրված տվյալների համաձայն՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025 թվականի ընթացքում նվազել է 23.2%-ով, իսկ առանց հանկարծամահության դեպքերի՝ 25.7%-ով: Նվազումն արձանագրվել է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: 2025 թվականի ընթացքում 36.7%-ով նվազել են առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (2025 թվականին՝ 737 դեպք, 2024 թվականին՝ 1164 դեպք): 57 դեպքով նվազել է առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի թիվը (2025 թվականին՝ 221 դեպք, 2024 թվականին՝ 278):
2025 թվականին դատարաններում Դատախազության ստորաբաժանումների՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով ավարտվել է 769 գործ՝ 872 անձի վերաբերյալ, կայացվել է 619 մեղադրական դատավճիռ՝ 679 անձի վերաբերյալ:
Անդրադառնալով 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության և այս ոլորտում դատախազության մյուս ստորաբաժանումների կատարած աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ 2025 թվականի ընթացքում, 2024 թվականի համեմատ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 13.7%-ով նվազում (2025 թվականին՝ 10.400 դեպք, 2024 թվականին՝ 12.050). Երևանում դեպքերը նվազել են 653-ով կամ 8.9%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից անմիջական դատավարական հսկողություն իրականացվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից 2025 թվականի ընթացքում վերականգնվել է 1 միլիարդ 49 միլիոն 597 հազար դրամը, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված գույքային վնասից վերականգնվել է 32 միլիոն 475 հազար դրամը: Բացի այդ, 2025 թվականին բավարարվել է 2024 թվականին քրեական վարույթով դատարան ներկայացված՝ 127 միլիոն 118 հազար դրամի գույքային հայցը:
Ներկայացնելով պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում 2025 թվականին կատարված աշխատանքները՝ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2025 թվականին կատարվել է 298 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 390 իրավախախտում, ներկայացվել է 9 միջնորդագիր, հարուցվել է պետական շահերի պաշտպանության 236 հայց, ներկայացվել է հանցանքի մասին 60 հաղորդում, որոնցով արձանագրված ընդհանուր վնասը կազմել է 13 միլիարդ 934 միլիոն դրամ:
2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին են վերադարձվել և Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել 30 միավոր անշարժ գույքի նկատմամբ, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 5 միլիարդ 870 միլիոն դրամ:
2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցերով կայացված 15 վճիռներով պետության սեփականության իրավունքն է գրանցվել՝
- Արմավիրի մարզում՝ 6 հա, Գեղարքունիքի մարզում՝ 1.5 հա, Տավուշի մարզում՝ 3 հա, Լոռու մարզում՝ 4 հա, Կոտայքի մարզում՝ 3.8 հա «հատուկ պահպանվող» և «բնապահպանական» գործառնական նշանակության հողատարածքների նկատմամբ,
- Երևանում՝ Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող «անտառային, բնակավայրերի» նպատակային նշանակության շուրջ 6 հա մակերեսով 6 հողամասերի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում, Նուբարաշենում՝ 2 հողատարածքների նկատմամբ,
- Ընդհանուր՝ 1 միլիարդ 640 միլիոն դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում գտնվող շուրջ 2.8 հա մակերեսով հողատարածքի, հյուրանոցի, և այլ կառույցների, ինչպես նաև Ղափանցյան 59/11 հասցեի 0.04 հա հողամասի նկատմամբ:
Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ դատարանի 3 վճիռներով համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզում գտնվող 1.66 հա «գյուղատնտեսական», «բնակավայրերի» նշանակության 4 հողամասերի, Լոռու մարզում՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Բացի այդ, դատարանի 9 բավարարված հայցերով և կիրառված դատախազական ներգործության միջոցներով Տավուշի մարզի Իջևան համայնքում 10 հողամասեր՝ ընդհանուր 4.164 քմ մակերեսով, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2 հողամասեր՝ ընդհանուր 16.591 քմ մակերեսով, Սյունիքի մարզի Կապան համայնքում 1 հողամաս՝ 4.16 հա մակերեսով, կառուցապատման իրավունքի դադարեցմամբ վերադարձվել են համայնքներին:
2025 թվականին պետական, համայնքային շահի պաշտպանության լիազորության շրջանակներում առաջընթաց է արձանագրվել նաև Դատախազության մյուս ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքներում: Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում մարզերի, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների կողմից կատարվել է 242 ուսումնասիրություն, պետության շահերին հասցրած վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել է 29 անձ, ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել է 22 հաղորդում և միջնորդագիր, հարուցվել է պետական շահերի պաշտպանության 114 հայց՝ ընդհանուր 998 միլիոն 391 հազար դրամ բռնագանձելու պահանջով, ներկայացվել է հանցանքի մասին 32 հաղորդում:
«Ամփոփելով նշեմ, որ Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, կնքված հաշտության համաձայնություններով և կիրառված դատախազական ներգործության միջոցներով 2025 թվականին պետության, համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել, ինչպես նաև պետության, համայնքի փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ»,- նշել է Լիլիթ Գրիգորյանը: