Արդյոք Փաշինյանը հարցաքննվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործի շրջանակներում․ Քննչական կոմիտեն չի հայտնում

Լուրեր

03.03.2026 | 17:32
Իրանին հարվածների ֆոնին գազի և նավթի գները կտրուկ աճում են
03.03.2026 | 17:25
Ընտրությունները ՔՊ-ն արդեն կեղծում է․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 17:17
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
03.03.2026 | 17:13
Նվազագույն աշխատավարձը 95 հազար դրամ պետք է դառնա՝ միջազգային պարտավորությամբ․ Թադևոս Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 17:11
Իրանից Ադրբեջան 615 մարդ է տարհանվել
03.03.2026 | 17:09
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության իր պաշտոնակցի հետ
03.03.2026 | 17:00
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին
03.03.2026 | 16:48
Իսրայելում թուրք լրագրողներ են ձերբակալվել հրթիռային հարվածները լուսաբանելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 16:36
Զելենսկին օգնություն է առաջարկել իրանական ԱԹՍ-ների դեմ պայքարում՝ ՌԴ-ի հետ մեկամսյա հրադադարի դիմաց. Bloomberg
03.03.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
03.03.2026 | 16:22
Ռոնալդուն պատերազմի ֆոնին հեռացել է Սաուդյան Արաբիայից
03.03.2026 | 16:14
Լավրովը չի բացառում, որ Իրանի դեմ պատերազմը կհանգեցնի Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման
03.03.2026 | 16:03
Իսրայելը կոտրել է Իրանի ճանապարհային տեսախցիկների համակարգը՝ Խամենեիին լրտեսելու համար․ The Telegraph
03.03.2026 | 16:00
Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի լավագույն մարմնամարզիկ
03.03.2026 | 15:55
«Էկոպարեկները 18,3 կգ մարիխուանա են իրացրել․ անլուրջ է նրանց գործառույթների ընդլայնման քննարկումը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի հրապարակումից ավելի քան 3 ամիս անց դեռևս պարզ չէ, թե ով է հրապարակել տեսանյութը։ Քննչական կոմիտեում դեռևս նախաքննություն է իրականացվում։

Հիշեցնենք, որ 2025-ի նոյեմբերին Telegram-ում հրապարակվել է ինտիմ բնույթի տեսանյութ։ Ըստ տեսանյութը տարածող անհայտ հեղինակի՝ դրանում երևացող տղամարդը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է, որը, ըստ եկեղեցական կանոնների, պետք է լինի կուսակրոն։

Տեսանյութի հրապարակումից հետո Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով։ Մասնավորապես՝ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Նշենք, որ 204-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսվում ոչ միայն մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելու իրացնելու կամ հայտնելու համար, այլ նաև այդ տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելու կամ պահելու համար։

Հոդվածի 2-րդ մասով արարքի համար առավել խիստ պատիժ է նախատեսվում այն դեպքում, երբ տեղեկությունը տարածվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով։

Իսկ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով վարույթ է նախաձեռնվել համացանցում ինտիմ տեսանյութը հրապարակելու դեպքի առթիվ, սահմանվում է Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով։

Ինքը՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հերքել է այն հանգամանքը, որ տեսանյութում ինքն է։ Չնայած այդ հանգամանքին՝ Քննչական կոմիտեն փորձաքննություն է նշանակել, և, ստանալով դրա եզրակացությունը, պնդել, որ տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ տեսանյութի հրապարակումից ամիսներ առաջ՝ մայիսի 30-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել էր հոգևորականների դեմ արշավը և պահանջում էր Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը, մի գրառում էր կատարել՝ առանց անուններ նշելու հայտնելով, որ հոգևորականներից մեկն ինտիմ կապի մեջ է քեռու կնոջ հետ։

Դրան հաջորդում է վարչապետի ևս մեկ գրառում հունիսի 17-ին․ «Կանոնագիրք Հայոց»-ը Հայ առաքելական եկեղեցու դարերով ձևավորված վարքականոնների ժողովածուն է։

Դրանում է գրված, որ պոռնկացած (արք)եպիսկոպոսը՝ տվյալ դեպքում Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի։ Նկատի ունեմ, հենց այդ բառերով է գրված մեր Եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ «Կանոնագիրք Հայոց»-ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո»։

Ավելի ուշ՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը հարցերից մեկին ի պատասխան ասում է․ «Հոգևորականը Բենթլի ունենա, 3 կնիկ ունենա, 4 սիրուհի ունենա, ամեն երկրում երեխա ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞, խելագա՞ր եք, դուք ո՞ւմ եք ներկայացնում, Հիսուս Քրիստոսին, հետո էլ մեզ են ասում՝ նեռ»։

Օրեր անց Armenian WikiLeaks-ում հայտնվել են ինտիմ տեսանյութերը։ Տեսանյութերի հրապարակումից հետո թեև իշխող վերնախավը փորձում է հեռու վանել հրապարակման հետ իրենց ենթադրյալ կապը, սակայն Factor TV-ն, ուսումնասիրելով համացանցում առկա տեղեկատվությունը՝ փաստել էր, որ հոկտեմբերի 25-ի, լույս 26-ի գիշերը տելեգրամյան ալիքում հրապարակվելուց հետո դրանց առաջին տարածողները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հարող կամ աջակցող էջերն ու օգտատերերն են եղել։

Ստացվում է, որ վարչապետը հրապարակավ հայտարարել է ինչ-որ հոգևորականի և քեռու կնոջ կապի մասին, որին հաջորդել է հոգևորականի վերաբերյալ ինտիմ տեսանյութի հրապարակումը, որն ակտիվորեն տարածել են ՔՊ-ին հարող էջերն ու օգտատերերը։ Այս գործի շրջանակներում նաև խուզարկություններ են կատարվել արքեպիսկոպոսի քեռակնոջ բնակարանում։ Նման պայմաններում ինչպես օբյեկտիվ դիտորդի, այնպես էլ պատշաճ, օբյեկտիվ և համակողմանի քննություն իրականացնող քննիչի մոտ պետք է հարց առաջանա, թե արդյոք Փաշինյանի գրառումը կապ չունի հրապարակված տեսանյութի հետ, թե արդյոք վարչապետը կապ չունի տարածված տեսանյութի հետ կամ, առնվազն, որն է վարչապետի աղբյուրը, որից, հնարավոր է պարզ դառնա, թե ով է ձեռք բերել կամ տարածել տեսանյութը։

Քննչական կոմիտե ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել՝ արդյոք Փաշինյանը հարցաքննվել է վարույթի շրջանակներում, սակայն Կոմիտեն նախաքննական գաղտնիք է համարում այդ տեղեկատվությունը։

«Հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ պարունակելու պատճառաբանությամբ հայցվող տեղեկությունը չի կարող տրամադրվել»,- հայտնել են Կոմիտեից։ Մինչդեռ մեր տեղեկություններով՝ Փաշինյանն այս գործի շրջանակներում չի հրավիրվել քննչական մարմին։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ իշխանափոխությունից հետո Փաշինյանը հրավիրվում էր թե՛ Քննչական կոմիտե, թե՛ դատարան, ավելին, նա նաև սելֆի էր հրապարակել քննիչների հետ՝ որպես հեղափոխության ձեռքբերում ներկայացնելով այն հանգամանք, որ Հայաստանի վարչապետը հրավիրվում է Քննչական կոմիտե։

Արաքս Մամուլյան