Հիլարի Քլինթոնը Կոնգրեսին ցուցմունք է տվել և կոչ արել Թրամփին երդմամբ վկայություն տալ Էփշտեյնի հետ կապերի վերաբերյալ
Քաղաքականություն
27.02.2026 | 17:32
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի Հանրապետականների գլխավորած հանձնաժողովի առջև իր պարտադիր ներկայությունն օգտագործել է հակագրոհի անցնելու և նախագահ Դոնալդ Թրամփից պահանջելու, որպեսզի նա ցուցմունք տա՝ սեռական հանցագործի՝ Էփշտեյնի հետ իր սեփական կապերի վերաբերյալ, գրում France 24-ը։
Քլինթոնը Կոնգրեսի հանձնաժողովին ասել է, որ որևէ տեղեկություն չունի Էփշտեյնի հանցագործությունների մասին, չի հիշում նրա հետ հանդիպելու դեպք, երբեք չի եղել նրա կղզում և չի թռել նրա ինքնաթիռով։ Նա նաև մեղադրել է հանձնաժողովին այն բանում, թե այն փորձում է «պաշտպանել մեկ պետական պաշտոնյայի»՝ նկատի ունենալով Թրամփին։
Հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը, որի ղեկավարած հանձնաժողովը ուրբաթ հարցաքննելու է նաև նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, հայտարարել է, որ «քննության նպատակը Էփշտեյնի վերաբերյալ բազմաթիվ հարցեր հասկանալն է»՝ նկատի ունենալով մահացած և դատապարտված սեռական հանցագործին։
«Կային բազմաթիվ հարցեր, որոնք մենք ուղղեցինք, և որոնց պատասխաններից գոհ չէինք», – հավելել է նա։
Քլինթոնը մարտահրավեր է նետել հանձնաժողովին՝ ասելով․ «Եթե այս հանձնաժողովը լուրջ է Էփշտեյնի թրաֆիքինգի հանցագործությունների մասին ճշմարտությունը պարզելու հարցում… ապա այն պետք է (Թրամփին) ուղղակիորեն երդմամբ հարցնի Էփշտեյնի փաստաթղթերում նրա հայտնվելու տասնյակ հազարավոր դեպքերի մասին»։
Թեև նա ցուցմունքը տվել է փակ դռների հետևում, Քլինթոնը սոցիալական ցանցերում հրապարակել է իր բացման խոսքը, իսկ ամբողջական արձանագրությունը սպասվում է հրապարակել՝ փաստաբանների հաստատումից հետո։ Տեսանյութը, Քոմերի խոսքով, կհրապարակվի 24 ժամվա ընթացքում։
Հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ռոբերտ Գարսիան ևս կոչ է արել, որ Դոնալդ Թրամփը ցուցմունք տա՝ «պատասխանելու այն հարցերին, որոնք այս երկրի տարբեր վայրերում բարձրացվում են տուժածների կողմից»։
«Դա պետք է տեղի ունենա անմիջապես»,- հավելել է նա։
Դեմոկրատական կոմիտեի անդամ Սուհաս Սուբրամանիամը նշել է, որ Էփշտեյնի փաստաթղթերի բացահայտումներից բաց թողնված «ՀԴԲ ֆայլերը» (ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո) պարունակում են Թրամփի դեմ «սեռական բռնության վերաբերյալ լուրջ մեղադրանքներ»։
Հանրապետականների գլխավորած Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեն հետաքննում է Էփշտեյնի հետ կապված անձանց, որոնցից մեկը մահացել է Նյու Յորքի բանտախցում 2019 թվականին՝ դատավարությանը սպասելիս։
Հիլարի Քլինթոնը հանձնաժողովին ուղղված իր բացման խոսքում նշել է․ «Իմ նկատմամբ ծանուցումը հիմնավորել է այն ենթադրությամբ, թե ես տեղեկություններ ունեմ Ջեֆրի Էփշտեյնի և Գիսլեյն Մաքսվելի հանցավոր գործունեության հետաքննությունների վերաբերյալ»։
«Թույլ տվեք հնարավորինս հստակ ասել․ չունեմ», — ընդգծել է նա։
Լսումները կտրուկ դադարեցվել են այն բանից հետո, երբ Քլինթոնի՝ ցուցմունք տալու ընթացքում արված լուսանկարը հայտնվել է համացանցում․ դա դիտվել է որպես փակ ձևաչափի պայմանավորվածության խախտում։
«Անընդունելի է, որ վերահսկողության հանձնաժողովի հանրապետականները խախտում են իրենց իսկ կանոնները… լուսանկարներ հրապարակելով», – ասել է Սուբրամանյամը։
Դեմոկրատները պնդում են, որ հետաքննությունը օգտագործվում է որպես քաղաքական գործիք՝ Թրամփի ընդդիմախոսներին հարվածելու համար, այլ ոչ թե իրական վերահսկողություն իրականացնելու նպատակով։
Թրամփը և Բիլ Քլինթոնը, երկուսն էլ 79 տարեկան են և բավականին շատ են հիշատակվում՝ Էփշտեյնի հետ կապված պետական փաստաթղթերի փաթեթում, սակայն հայտարարել են, որ ֆինանսիստի հետ կապերը խզել են մինչև նրա 2008 թվականի՝ Ֆլորիդայում սեռական հանցագործության համար դատապարտվելը։
Փաստաթղթերում պարզապես հիշատակվելը հանցագործություն կատարելու ապացույց չէ։
Քլինթոնները պահանջել էին, որ իրենց ցուցմունքները լինեն հրապարակային, սակայն հանձնաժողովը պնդել է հարցաքննությունն անցկացնել փակ դռների հետևում։
Ցուցմունքներն անցկացվում են Նյու Յորք նահանգի Չափաքուա քաղաքում, որտեղ բնակվում են Քլինթոնները։
Բիլ Քլինթոնը խոստովանել է, որ 2000-ականների սկզբին մի քանի անգամ թռչել է Էփշտեյնի ինքնաթիռով՝ Քլինթոնի հիմնադրամին առնչվող մարդասիրական աշխատանքների համար, սակայն ասել է, որ երբեք չի այցելել Էպշտեյնի անձնական Կարիբյան կղզի։
Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի