Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան տեսանյութով հայտարարել է․ «Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետև այլ ամուսնություն չունենք, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը»։ Նա նաև նշել է, որ չի բացառում, թե կարող են քրգործ հարուցել իր հանդեպ որպես «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն։

«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։

Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։
Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան էջում։

Աննա Հակոբյանի տեսանյութի ամբողջական սղագրությունը՝ ստորև.

«Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ։ Ինչպես արդեն հայտարարել էի, իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է, թեև որոշակի խառնաշփոթ առաջացավ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, իսկ ես նշել էի այդպես, որովհետև մենք այլ ամուսնություն չունենք։

Այսօր՝ փետրվարի 25-ին, ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսու վարորդները, տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես, թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից և հետս տարել, անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել։

Փաստ 1․ Ես տուն չունեմ։ Այն տունը, որ վարկով գնվել է, դեռ շենքը կառուցման ճանապարհին է, և հետևաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Այն պարագայում, եթե ասեն՝ դոլարային միլիոնատեր եմ, հաշիվներ ունեմ օֆշորային գոտիներում, դղյակներ և այլն, հարկ եմ համարում ասել, որ իմ հաշվեհամարին կա գումար տան վաճառքից մնացած (թիվը չեմ հիշում, որովհետև երբեք չեմ հետաքրքրվել), որից ծախսվել է անձնական նպատակներով ինչ-որ գումար, իմ քարտին կա գումար «Իմ քայլը» հիմնադրամի աշխատավարձից և եկամտային հարկի վերադարձից կուտակված գումար (դա հիշում եմ, որովհետև ամեն անգամ բացելիս երևում է՝ 5 միլիոն դրամ)։ Կարծում եմ՝ ինձ բավարար է ապրելու համար։

Փաստ 2․ Ես չունեմ մեքենա։

Փաստ 3․ Բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն։ Այնպես որ, եթե Երևանի փողոցներում ինձ տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանալ և խնդրում եմ նաև չվիրավորել, որովհետև անցած մոտ 8 տարվա ընթացքում ես բավարար չափով վիրավորանք լսել եմ։

Փաստ 4․ Ես ցանկություն ունեմ շարունակել աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետև դա վարձատրվող աշխատանք է, ինչն ինձ շատ պետք է։ Բայց կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը թերևս բավարար չէ սրա համար։ Եվ բացի այդ, դատելով երեկվա Հակակոռուպցիոն կոմիտեի և լրագրողի միջև տեղի ունեցած հարցուպատասխանից՝ չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ Կյանք է, գուցե և հնարավոր է այդպիսի զարգացում։ Ինչ արած, կապրենք, կտեսնենք։

Անհրաժեշտ եմ համարում նաև ձեզ ցուցադրել այս զարդերը, որոնք արարողակարգային նվերներ են այս տարիների ընթացքում ինձ տրված, որոնք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ իրենցից կոռուպցիոն վտանգ չեն ներկայացրել և թերևս մի 7 ամիս առաջ հանձնվել են ինձ։ Սրանցից ոմանք կրել եմ, ոմանք նույնիսկ չեմ կրել։ Բնականաբար ես այս բոլոր նվերները, զարդերը և այս հագուստը, որոնք նույնպես կարծում եմ բավականին թանկարժեք են, հանձնում եմ պետությանը։

Սիրելի ժողովուրդ, այս տուփերի մեջ անձնական հագուստ է և անձնական հիգիենայի պարագաներ, նաև գրքեր․ ուրիշ բացարձակապես ոչինչ։

Բայց քանի որ ինչ-որ իմաստով հրաժեշտի տեսանյութ է ստացվում, մի բան կա, որի մասին ուզում եմ ձեզ հատուկ ասել։ Խոսքը վերաբերում է անցած 8 տարիների ընթացքում որպես վարչապետի տիկին իմ տարբեր հարթակներում ներկայացած կերպարներին, որոնց հետ կապված հսկայական աժիոտաժ է եղել, քննադատություն և այլն։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այս ամբողջ ընթացքում զգեստապահարան ձևավորելու և այլնի համար ես չեմ ունեցել գումար, զրո գումար է, զրո բյուջե է եղել։ Եվ ես այս տարիների ընթացքում բառիս բուն իմաստով աճպարարություն եմ արել տարբեր հարթակներում տարբեր կերպ ներկայանալու համար։ Եվ եթե ինչ-որ կերպարներ հուսահատեցրել են կամ վրդովեցրել են՝ կներեք, իհարկե։

Ես ուզում եմ նորից առիթից օգտվելով հազարերորդ անգամ շնորհակալություն հայտնել այն դիզայներներին, ովքեր ինձ օգնել են այս իրավիճակից ինչ-որ ձևով դուրս գալ և համագործակցել են։ Համագործակցությունը եղել է հետևյալ կերպ․ նրանք ինձ տարբեր միջոցառումների համար կամ կարել են, կամ ունեցած իրենց հագուստից տվել են, ես կրել եմ և վերադարձրել եմ իրենց, ինչի համար անչափ շնորհակալ եմ այդ ջանքի և աշխատանքի համար։ Եվ նորից ներողություն եմ խնդրում նրանց մեծապես հարվածի տակ դնելու համար՝ պայմանավորված իմ կերպարով և այլն։

Այսպիսով՝ ցտեսություն, մինչ նոր հանդիպում։ Չեմ ուզում ասել՝ սիրում եմ բոլորիդ, որովհետև իմ կարծիքով սերը մի բան է, որը ոչ թե պետք է ասել, այլ պետք է գործողությամբ ցույց տալ՝ հոգատարությամբ, այն խնամքով, որը ուղղվում է սիրած էակին։ Ես կարծում եմ, որ այս մոտ 8 տարիների ընթացքում իմ գործողություններով համենայն դեպս դրանց հիմքում միայն եղել է սերը և հոգատարությունը ձեր և պետության հանդեպ։

Աստված պահապան բոլորին, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։