Գյուլագարակի անտառապետը ձերբակալվել է
Հասարակություն
19.02.2026 | 15:30
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները փետրվարի 16-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյուլագարակի անտառպետության անտառապետի տան բակում կայանված երկու «ԳԱԶ -53» բեռնատարները բեռնված են ապօրինի փայտանյութով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Իրականացված ուսումնասիրության արդյունքում անտառպետության տարածքում հայտնաբերվել է 5 խմ վառելափայտ, ինչի վերաբերյալ 46-ամյա տղամարդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նրա տան բակում կայանված բեռնատարների թափքում հայտնաբերվել է ընդհանուր մոտ 6 խմ բոխի և հաճարենի տեսակի փայտանյութ, որոնց վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանել բեռնատարների թափքում առկա փայտանյութի ծավալին և տեսակին։ Անտառապետը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ: