Թափուր տեղ՝ ՍԴ-ում․ Հրայր Թովմասյանն այլևս դատավոր չէ
Քաղաքականություն
16.02.2026 | 19:30Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ․ նրա լիազորությունները փետրվարի 13-ին դադարել են: Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Հանրապետության նախագահը պետք է մեկամսյա ժամկետում դատավորի նոր թեկնածու առաջադրի։ Սահմանադրական դատարանից արդեն իսկ դիմել են նախագահին ու տեղեկացրել, որ հաստիքը թափուր է։
Թովմասյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց 2019 թվականի դեկտեմբերի 27-ին։ Ըստ գործի նյութերի՝ նա արդարադատության նախարար աշխատելու տարիներին նոտարներին ստիպել է իրեն պատկանող Բաղրամյան 1 հասցեում գործող նոտարական տարածքի գրասենյակները վարձակալել շուկայականից թանկ գնով։
Թովմասյանը պնդում էր՝ դատական գործընթացի նպատակն իր լիազորությունները որպես Սահմանադարական դատարանի նախագահ դադարեցնելն է։
«Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չկատարելու դեպքում Ձեզ մի օր մեղադրանք կառջադրվի։ Իսկ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր»,- իրեն մեղադրանք առաջադրելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել էր նա։
Նախքան Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ ներկա իշխանությունների օրոք Սահմանադրական դատարանի դատավոր դարձած Վահե Գրիգորյանը հայտարարել էր, թե Սահմանադրական դատարանում ճգնաժամ է։
«ՍԴ անդամի և ՍԴ դատավորի կարգավիճակները նույնական չեն: Դրանց տարբերությունը պայմանավորված է թե՛ թեկնածուների նշանակման և ընտրության չափանիշների ու կարգի, թե՛ նրանց պաշտոնավարման ժամկետների, թե՛ պաշտպանվածության ծավալի տարբերությամբ»,- հայտարարության մեջ նշել էր Վահե Գրիգորյանը։
Նա նաև 2018 թվականից առաջ դատավոր դարձած անձանց՝ լեգիտիմ մարմնի կողմից ընտրված լինել-չլինելու հարց էր բարձրացրել։
Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ ԱԱԾ էին կանչել նրա դուստրերին, խուզարկել հոր բնակարանը։
Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գործընթացներից անմասն չէր մնացել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անառարկելի փաստ գոյություն ունի, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Անառարկելի փաստը, սակայն, Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեկ տարի առաջ առարկելի է դարձել։
Թովմասյանի՝ ՍԴ դատավոր, ապա դատարանի նախագահ ընտրվելու առթիվ քրեական հետապնդում էր սկսվել ԱԺ այն ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի նկատմամբ, սակայն նրանք արդարացվել են, մեկ տարի առաջ նրանց արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։
Ինչ վերաբերում է Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելուն, նա այդպես էլ հրաժարական չտվեց․ գործադիրը մշակեց օրենսդրական փոփոխություն, որը, առանց Սահմանադրական դատարանի ընթացակարգերով անցնելու, մտավ ուժի մեջ ու դադարեցին Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ նախագահ։ Թովմասյանը վերջին տարիներին շարունակում էր պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր։
Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը դատարանում տևեց մի քանի տարի։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, որը դատական համակարգում հայտնի էր գործերն արագ քննելու կարողությամբ, այս գործն ավարտել չէր կարողանում։
Պաշտպանական կողմը բարձրաձայնում էր այն մասին, որ Թովմասյանի նկատմամբ հետապնդումը հարուցվել է ապօրինի, առանց հաղթահարելու նրա անձեռնմխելիությունը, պնդում, որ քրեական գործի հատորներում առկա չէ գեթ 1 նշում այն մասին, որ Թովմասյանը ՍԴ դատավոր է։
2024-ի օգոստոսին Տաթևիկ Գրիգորյանն ընդգրկվել էր Քրեական վերաքննիչ դատարանում դատավորների թեկնածուների ցուցակում։ Նա սկսեց աննախադեպ արագությամբ քննել գործը, Թովմասյանին մեղավոր ճանաչեց, բայց պատիժ չնշանակեց, քանի որ անցել էր նրան քրեական պատասխանատության ենթարկելու վաղեմության ժամկետը։ Կարճ ժամանակ անց Տաթևիկ Գրիգորյանն ընտրվեց Վերաքննիչ դատարանի դատավոր։
Թովմասյանի վերաբերյալ դատական ակտը, փաստորեն, Վճռաբեկ դատարանի փետրվարի 12-ի որոշմամբ մնացվել է անփոփոխ, այսինքն՝ օրինական ուժի մեջ է մտել Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ըստ Սահմանադրական դատարանի մասին օրենքի, դադարում է, երբ նրա վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտնում է ուժի մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արաքս Մամուլյան