6 եպիսկոպոսի արգելել են լքել ՀՀ-ն․ ինչ է սպասվում Ավստրիայում կայանալիք ժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.02.2026 | 23:29
Թուրքիան և Ադրբեջանը պետք է ապացուցեն, որ ԵՄ-ին Ռուսաստանի գազ չեն մատակարարում
02.02.2026 | 23:15
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
02.02.2026 | 22:59
Թուրքիան, Եգիպտոսն ու Կատարը ձգտում են Անկարայում Սթիվ Ուիթկոֆի և Իրանի պաշտոնյաների միջև հանդիպում կազմակերպել
02.02.2026 | 22:42
Ստյոպա Մկրտչյանը` «Նյուրնբերգի» ֆուտբոլիստ
02.02.2026 | 22:30
«Ասել են՝ միացեք վարչապետի բարենորոգման կոչին»․ գնդերեցներ՝ Մայր Աթոռի ենթակայությունից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 22:16
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.02.2026 | 22:03
Ալիևն ու Ադրբեջանը՝ Էփշտեյնի գործի նոր հրապարակված ֆայլերում
02.02.2026 | 21:50
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
02.02.2026 | 21:39
Սեռական սկանդալների մասին՝ 3 մլն էջ․ ովքեր են Էփշտեյնի ֆայլերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
02.02.2026 | 21:27
WTA. Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
02.02.2026 | 21:15
Կարծում եմ՝ ՌԴ-ի հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականությունը կա․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 21:02
Գերմանիայում 5 մարդ է ձերբակալվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների անօրինական արտահանման գործով
02.02.2026 | 20:51
Վլադիմիր Հովհաննիսյանը պարգևատրվել է գրեփլինգի ֆեդերացիայի ամենաբարձր աստիճանի պատվո մեդալով
02.02.2026 | 20:40
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում
02.02.2026 | 20:27
«Իմ կյանքը վտանգված է». ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստի ահազանգը
Բոլորը

6 եպիսկոպոսներ չեն մասնակցի Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին․   Քննչական կոմիտեն նրանց արգելել է լքել ՀՀ տարածքը։ Շաբաթ հայտնի դարձավ, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանը մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Ակտը վերաբերում է ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդին՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Ամեն ինչ սկսվեց հունվարի 10-ին, երբ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատեց թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Սարոյանը հայց  ներկայացրեց Մայր Աթոռի դեմ՝ պահանջելով իրեն վերականգնել պաշտոնում։ Դատարանը որոշեց՝ Սարոյանը պետք է վերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը: Բայց հունվարի 27-ին Մայր Աթոռը հայտարարություն տարածեց, որ Գերագույն հոգևոր խորհուրդն առաջարկել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակել, կաթողիկոսն էլ համաձայնել է։

«Կարգալուծությունը միայն Ամենայն հայոց կաթողիկոսի մենաշնորհն է։ Որևէ մեկը չի կարող Ամենայն հայոց կաթողիկոսի նման տնօրինությունն ու որոշումները չեղարկի կամ միջամտի»,- ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Մայր Աթոռը գործընթացում միտում է տեսնում՝ խաթարելու Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորապես, փետրվարի 16-19-ին Ավստրիայում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովի աշխատանքները։

«Չեմ կարող ասել, իհարկե, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այդ մասով ինչ որոշում կկայացնի, չեմ կարող այդ մասով դիրքորոշում արտահայտել։ Բոլոր դեպքերում՝ այն, որ պետությունը խոչընդոտներ է ստեղծում արդեն, որպեսզի ժողովը չկայանա, դա, կարծում եմ, ակնհայտ է»,- մեզ հետ զրույցում նշել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

Եպիսկոպոսների՝ հեռանալու արգելքի որոշումները բողոքարկվելու են։ Կրոնագետ Հայկ Հակոբյանը, այդուհանդերձ, նշում է՝ եկեղեցական կանոնագիրքը Եպիսկոպոսաց ժողովի կայացման համար քվորում չի պահանջում։ 

«Որևէ թիվ, որևէ տեղ չկա գրած։ Մարդկանց մտքով չի անցել, որ կարող է այսպիսի բաներ լինեն։ Տրամաբանականը գոնե 2/3-ն է, բայց դա, այսինքն, շատ սուբյեկտիվ կարծիք է, ուղղակի տրամաբանության վրա հիմնված»,- նշում է կրոնագետ Հայկ Հակոբյանը։

Կրոնագետի խոսքով՝ կանոնագիրքը հստակ սահմանում է՝ ինչ կարող է անել եպիսկոպոսը, եթե նրան պաշտոնանկ են անում կամ կարգալույծ են հռչակում։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, օրինակ, կարող էր դիմել Գերագույն հոգևոր խորհրդին (խորհրդի փոխարեն պետք է նշված լիներ Եպիսկոպոսական ժողովը-խմբ․), սակայն հաշվի առնելով այն, որ հենց Խորհուրդն է առաջարկել նրան կարգալույծ հռչակել, Սարոյանը դա չի արել։

«Եպիսկոպոսն իրավունք ունի դիմել մեկ այլ կաթողիկոսի, այսինքն՝ մենք ունենք Սիսի կամ Կիլիկիո, կամ Անթիլիասի աթոռը, որը թեև հոգևոր հարցերում ոչ վարչական առումով ընդունում է Էջմիածնի գերակայությունը, բայց ինքն ինքնուրույն կաթողիկոս է»,- ասել է կրոնագետը։

Կրոնագետի խոսքով, օրինակ, Արամ Ա կաթողիկոսը կարող էր Սարոյանին վերականգնել իր կարգավիճակում։ Հակոբյանն ընդգծում է՝ եպիսկոպոսն ուխտով է նշանակվում, աշխատանքային պայմանագիր չունի։

Կարգալույծ հռչակված եպիսպոսը մեր զանգերն անպատասխան թողեց։ Մայր Աթոռից ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ժողովի կայանալ-չկայանալը չեն մեկնաբանում։ Ասում են՝ նոր իրավիճակով պայմանավորված՝ քննարկումներ կլինեն։

Հայ Առաքելական սուրբ եկեղեցին 56 եպիսկոպոս ունի․ նրանցից 3-ը կալանավորված են, 6-ի համար խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, Նիկոլ Փաշինյանին միացած 9-ն էլ հայտարարել են՝ չեն մասնակցելու ժողովին։ Չնայած նրան, որ եպիսկոպոսների թիվը ժողովը գումարելու համար խոչընդոտ չէ, սակայն չի բացառվում՝ Մայր Աթոռը չեղարկի այն՝ հաշվի առնելով չմասնակցող բարձրաստիճան հոգևորականների դերակատարումը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան