«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացնելու է 200 հոգուց բաղկացած ցուցակ. ովքե՞ր են ընդգրկված լինելու
Քաղաքականություն
09.11.2018 | 19:08«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բավական ուժեղ ցուցակ է ներկայացնելու: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ԼՀԿ անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Ընդգրկված անձինք ինտելեկտուալ առումով բավական ուժեղ են և մեր ցուցակի ցանկացած համար կարողանալու է բանավեճերի մասնակցել»,- առանց անուններ նշելու՝ ասաց Գորգիսյանը:
Նա փոխանցեց, որ «Լուսավոր Հայաստանը» ներկայացնելու է մոտ 200 հոգուց բաղկացած ցուցակ: Գևորգ Գորգիսյանը բացառեց, որ Հանրապետականի հետ որևէ առնչություն ունեցող անձ կլինի իրենց ցուցակում: «Հիմնականում լինելու են կուսակցականներ, բայց նաև անկուսակցականների կտեսնենք ցուցակում»,- նշեց մեր զրուցակիցը:
Արդեն հայտնի է, որ ԼՀ համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Ըստ մամուլի՝ ցուցակում լինելու են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
Գորգիսյանից հետաքրքրվեցինք՝ կառաջադրվի՞ նաև ռեյտինգային ընտրակարգով. «Ես, ամենայն հավանականությամբ, այո, հավանաբար այն ընտրատարածքից, որտեղից ընտրվել եմ»:
Հիշեցնենք՝ Գևորգ Գորգիսյանը անցած խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքից, որն ընդգրկում է Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները:
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի, Մանե Թանդիլյանի՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելուն, ԼՀԿ անդամը փոխանցեց, որ դեռ քննարկումներ են ընթանում, այս պահին չի կարող հստակ հայտնել՝ առաջադրվելո՞ւ են, թե՞ ոչ:
Շողիկ Գալստյան