Ֆիցոն հերքում է, որ Թրամփի հոգեվիճակը «վտանգավոր» է անվանել
Քաղաքականություն
28.01.2026 | 22:55
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կտրականապես հերքել է Politico-ի պնդումը, որ Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նա ԵՄ առաջնորդներին ասել է, որ ցնցված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգեվիճակից հունվարի 17-ին Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո կալվածքում կայացած նրանց անձնական հանդիպման ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Ես չեմ խոսել Բրյուսելի ոչ պաշտոնական գագաթնաժողովում, ինչպես նաև մյուս վարչապետները։ Ես բացահայտ քննադատել եմ այս գագաթնաժողովը, դրա նախապատրաստումը և գումարումը։ Ես ոչ պաշտոնական զրույց չեմ ունեցել որևէ վարչապետի կամ նախագահի հետ գագաթնաժողովում ԱՄՆ կատարած իմ այցի մասին»,- գրել է Ֆիցոն Facebook-ում։
Սլովակիայի վարչապետը Politico-ի զեկույցն անվանել է «հակառակորդներին վերացնելու չարաշահում» և «անհիմն լրատվամիջոցների ստեր»։
«Կատարվել է դաժան փորձ՝ կանխելու իմ այցը ԱՄՆ, ինչպես նաև Ռուսաստան, որտեղ նույնիսկ որոշ ԵՄ երկրներ թույլ չտվեցին ինձ թռչել իրենց տարածքի վրայով», – հիշեցրել է Ֆիցոն՝ հավելելով, որ ինքը «համաձայն է ԱՄՆ նախագահի շատ ռազմավարությունների հետ և համաձայն չէ մյուսների հետ» և «արժեքավոր է համարում հանդիպումները Ամերիկայի նախագահի հետ»։
Վաշինգտոնը, իր հերթին, Politico-ի հաղորդագրությունը որակել է որպես կեղծ։ «Սա լիովին կեղծ տեղեկատվություն է անանուն եվրոպացի դիվանագետների կողմից, որոնք փորձում են ուշադրություն գրավել։ Մար-ա-Լագոյում կայացած հանդիպումը դրական և արդյունավետ էր»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։
Ավելին՝ Թրամփի և Ֆիցոյի հետ հանդիպմանը ներկա ԱՄՆ վարչակազմի անանուն բարձրաստիճան պաշտոնյան Politico-ին ասել է, որ հանդիպման ընթացքում որևէ անհարմար պահ կամ անպատշաճ զրույց չի հիշում։
Ֆիցոն ԱՄՆ նախագահի հետ Ֆլորիդայի իր անձնական նստավայրում հանդիպումից հետո ԵՄ առաջնորդներին ասել է, որ մտահոգված է Թրամփի հոգեկան առողջությամբ, մի քանի ժամ առաջ Politico-ն հաղորդել էր՝ հղում անելով հինգ անանուն եվրոպացի դիվանագետների։ Նրանք ասել են, որ Սլովակիայի վարչապետը հայտարարությունն արել է ԵՄ մի քանի առաջնորդների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ առանձին՝ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, այլ ոչ թե պաշտոնական կլոր սեղանի շուրջ բանակցությունների ժամանակ։
Երկու աղբյուրների համաձայն՝ Ֆիցոն օգտագործել է «վտանգավոր» բառը՝ նկարագրելու ԱՄՆ նախագահի վարքագիծը Թրամփի Ֆլորիդայի կալվածքում իրենց անձնական հանդիպման ժամանակ։ Մեկ այլ աղբյուր պնդել է, որ Սլովակիայի վարչապետը «տրավմա է ստացել» Սպիտակ տան գործող նախագահի հետ զրույցից։ Politico-ի աղբյուրները նաև հավելել են, որ իրենք չգիտեն ԱՄՆ նախագահի գործողությունների մանրամասները, որոնք առաջացրել են Ֆիցոյի արձագանքը։
Հրապարակման համաձայն՝ Սլովակիայի վարչապետի և եվրոպացի քաղաքական գործիչների միջև զրույցը տեղի է ունեցել Բրյուսելում հունվարի 22-ին՝ Գրենլանդիան գրավելու Թրամփի սպառնալիքներից հետո հրավիրված ԵՄ արտակարգ գագաթնաժողովի շրջանակներում։ Politico-ն իր աղբյուրները նկարագրել է որպես «ԵՄ չորս տարբեր կառավարությունների ներկայացուցիչներ, որոնցից հինգերորդը՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի