Բաքվում ձերբակալված ՌԴ քաղաքացիների կալանքի ժամկետը երկարաձգվել է
Քաղաքականություն
27.01.2026 | 19:12
Բաքվում կալանքի տակ գտնվող Ռուսաստանի քաղաքացիների խմբի անդամների նախնական կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշում է կայացվել։ Համապատասխան միջնորդությունները քննվել են Բաքվի Խաթայիի շրջանային դատարանում։
Փաստաբան Ջավադ Ջավադլին հայտնել է, որ այսօրվա դատական նիստերի ընթացքում խմբի յուրաքանչյուր անդամի նախնական կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։
Ջավադ Ջավադլին նաև հայտարարել է, որ բողոքարկելու է իր պաշտպանյալի՝ Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ կայացված որոշումը։
Նշենք, որ այս անձինք ձերբակալվել են Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կողմից Իրանից թմրանյութերի տարանցման և ապօրինի շրջանառության, ինչպես նաև կիբեռխարդախության հետ կապված իրականացված գործողության արդյունքում։ Անցյալ տարվա հուլիսի 1-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրանց նախնական կալանքի ժամկետը սահմանել էր չորս ամսով։ Հոկտեմբերի 28-ին Խաթայիի շրջանային դատարանը նրանց նախնական կալանքի ժամկետը երկարաձգել էր ևս երեք ամսով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի