Սկանդալ կա՝ չես կարող կոծկել․ պատասխանը եղել է, որ եկեղեցին կքանդվի․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.01.2026 | 19:35«Իմ իրավունքները, ըստ դատարանի վճռի, պետք է վերականգնվեն իբրև թեմի առաջնորդ»,- այս մասին Factor TV-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։ Եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Մեկ օր անց դատարանը դատավոր և ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ հայցի ապահովման միջանկյալ որոշում կայացրեց՝ Սարոյանին վերանշանակել թեմի առաջնորդի պաշտոնում մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։
Այս օրերին քննարկվում է այն հարցը, թե արդյոք դատարանն իրավունք ունի քննելու կաթողիկոսի որոշումները։
«Դատարանն արդեն որոշում է կայացրել, որ իմ լիազորությունները պիտի վերականգնվեն որպես թեմի առաջնորդ մինչև վերջնական դատավճիռը։ Բայց հարցն այն է՝ արդյո՞ք Մայր Աթոռը կհարգի դատարանի որոշումը։ Սա փորձություն է նաև եկեղեցու համար՝ հարգե՞լ երկրի օրենքը, թե՞ ոչ։ Մենք տեսնում ենք, որ այսօր եկեղեցում տիրում է մի իրավիճակ, որտեղ այլախոհությունը չի հանդուրժվում: Եթե դու ունես ուրույն կարծիք, եթե դու տեսնում ես սխալներ ու բարձրաձայնում ես դրանց մասին, քեզ փորձում են լռեցնել, պատժել, զրկել պաշտոնից։ Բայց եկեղեցին մի մարդու սեփականություն չէ, այն ամբողջ ժողովրդինն է»,- ասաց նա։
Փաստաբան Արա Զոհրաբյանը, որը կաթողիկոսին աջակցություն հայտնած հոգևորականների ներկայացուցիչն է մի շարք գործերով, ֆեյսբուքյան գրառմամբ գրել էր՝ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ: Եպիսկոպոս Սարոյանը հակադարձում է․
«Որևէ հիմք չկա իմ ազատման համար։ Երբ դատարան հայց ենք ներկայացրել, իմ փաստաբանական խումբը, հիմնվելով Հայ Եկեղեցու՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից արդարադատությանը ներկայացված, Արդարադատության նախարարությանը ներկայացված և վավերացված կանոնադրության վրա՝ ցույց է տվել, որ իմ ազատումը թեմակալ առաջնորդի պաշտոնից ապօրինի է։ Այսինքն՝ ընթացակարգ կա, ինձ չեն կարող ազատել զուտ նրա համար, որ ես ունեմ գաղափարական անհամաձայնություն։ Իմ ազատումը խիստ քաղաքականացված է, որովհետև կապված է վերջին շրջանում Հայ Եկեղեցու շուրջ այս զարգացումների հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան