Կաթողիկոսը հրավիրել է նաև Փաշինյանին միացած եպիսկոպոսներին. ինչ է քննարկվելու Ավստրիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.01.2026 | 21:27Ավստրիայում փետրվարի 16-19-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին հրավիրված են նաև Նիկոլ Փաշինյանին աջակցող եպիսկոպոսները․ այս մասին Factor TV-ին հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ չմեկնաբանելով՝ արդյո՞ք նրանք հաստատել են իրենց մասնակցությունը։
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել նաև եպիսկոպոսներից, բայց մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Վերջին անգամ արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարվել է Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսի գահակալության տարիներին՝ Կահիրեում։ Ի՞նչն է ստիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին սովորաբար Մայր Աթոռում անցկացվող ժողովն այլ երկրում անցկացնել։
«Հոգևորականների նկատմամբ ճնշումները և հակաեկեղեցական այս սպառնալիքներն ու գործունեությունը»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որը տարակուսելի է համարում Եպիսկոպոսաց ժողովն արտերկրում անցկացնելու որոշումը, պնդում է՝ Հայաստանի կառավարությունը եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում չի իրականացրել։
«Ընդհակառակը, ձեռնարկվել է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման պոզիտիվ նախաձեռնություն, որին միացել են եկեղեցու սպասավորներ, եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներ, քահանաներ»,- նշում է Խանդանյանը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ կարևոր չէ, թե ժողովը որտեղ է անցկացվելու, բայց այս դեպքում Հայաստանից դուրս անցկացնելը կոնկրետ պատճառներ ունի։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Մայր Աթոռը փորձում է բացառել իշխանությունների կողմից հոգևորականների նկատմամբ ճնշումները։
«Սրանից դեռևս մեկ ամիս առաջ, երբ առաջին անգամ խոսվեց այդ ժողովի անցկացման մասին, նաև տեղեկատվություն ստացվեց, որ իշխանությունները տարբեր կառույցների և անձանց միջոցով փորձում են ոչ միայն խնդիրներ առաջացնել տեղում՝ Հայաստանում գտնվող հոգևորականների համար, այլ նաև կար որոշակի սպառնալիք դրսից եկող հոգևորականների համար, ենթադրաբար, դեպի երկիր մուտքի ու ելքի հետ կապված կամ, միգուցե, նաև որոշակի սպառնալիքներ՝ քրեական հետապնդումների ձևով»,- կարծում է Աբրահամյանը։
Կաթողիկոսի եղբայրը՝ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդն է։ Վերջերս ՔՊ կուսակցության լրատվամիջոց Civic.am-ում հայերեն մի փաստաթղթի պատճեն հրապարակվեց՝ պնդմամբ, թե Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 1980-ականներին հավաքագրվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) կողմից։ ԱԱԾ-ից լրատվամիջոցին հայտնել էին նաև, որ «առկա տվյալների համաձայն՝ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայում կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին»։ GALA TV-ի փոխանցմամբ՝ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն անդրադարձել է իր վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթին և ասել, որ այն կեղծ է։ Իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել՝ կաթողիկոսի եղբայրը գործակալ է և սպառնալիք Հայաստանի համար։
Արդյո՞ք Տիգրան Աբրահամյանի հիշատակած սպառնալիքներն ուղիղ առնչվում են հենց Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ հետաքրքվեցինք պատգամավորից։
«Տեղեկություններ կան ոչ միայն Կաթողիկոսի եղբոր հետ կապված, այլ նաև այլ հոգևորականների, որոնց վրա տարբեր ազդեցության գործիքակազմեր են կիրառվում, և որոնց մի մասը հասարակության լայն շերտերի համար պարզապես տեսանելի չէ»,- ընդգծում է Աբրահամյանը։
Պատգամավորը, սակայն, անուններ չնշեց։ Ի դեպ, Եպիսկոպոսաց ժողովը պետք է կայանար նախորդ տարվա դեկտեմբերի 10-12-ին, բայց Մայր Աթոռը հետաձգեց այն՝ որպես հիմնավորում նշելով «Հայաստանում տիրող իրավիճակը, մասնավորապես, եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներն ու կալանավորումները»։
Դեկտեմբերին սպասվող ժողովին, ըստ պաշտոնական հաղորդագրության, պիտի քննարկվեին Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Ի՞նչ հարցեր են դրված առաջիկայում կայանալիք ժողովի օրակարգում՝ Մայր Աթոռից չեն մեկնաբանում։
Ի դեպ, Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու կոչով կալանավայրից դիմել էին Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Եպիսկոպոսաց ժողովը կազմավորվում է Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսներից. նախագահը Ամենայն Հայոց կաթողիկոսն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան