Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Տնտեսություն
19.12.2025 | 20:28
Կենտրոնական բանկում կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 2-րդ փուլի ավարտական նիստը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ֆինանսական գրագիտության թեմաները համակարգային կերպով ինտեգրված են հանրակրթության մեջ և ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում՝ «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն» և այլ առարկաներ։ Նրա խոսքով՝ ֆինանսական կրթությունը վաղ տարիքից կարևոր հիմք է երեխաների և երիտասարդների ֆինանսական մտածողության և կյանքի որակի բարելավման համար։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ ֆինանսական կարողությունների ինդեքսը 2025 թվականին կազմել է 56.5 տոկոս՝ գերազանցելով ինչպես ազգային թիրախը, այնպես էլ երկարաժամկետ նպատակային ցուցանիշը։ Վերջին հինգ տարիներին ցուցանիշն աճել է 9.7 տոկոսային կետով։
Նշվել է նաև, որ ֆինանսական կրթությունը դպրոցներում ընդգրկում է շուրջ 320 հազար աշակերտի, իսկ ծրագրի իրականացման համար վերապատրաստվել է մոտ 10 հազար ուսուցիչ։