15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
16.12.2025 | 19:45Հունվարի 1-ից էլեկտրոմոբիլներ ներմուծողները դարձյալ արտոնություն կստանան․ 2026-ի ընթացքում առանց մաքսատուրք վճարելու ՀՀ կարող է ներկրվել 15,000 էլեկտրոմոբիլ, այդ թվում՝ հիբրիդային։ Այս մասին առաջինը խոսեց Գևորգ Պապոյանը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելուց հետո։
Քվոտան վերաբերում է 2024, 2025 և 2026 թվականների արտադրության էլեկտրոմոբիլներին։ Մեքենաների մի մասը կբաշխվի դիլերների, մյուս մասը՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև։ Եթե քաղաքացիներն արդեն պատվիրել են մեքենաներ, նրանք մեկ ամիս հնարավորություն կունենան դրանք ներմուծել առանց ԱԱՀ-ի։ Սա՝ անկախ մեքենայի արտադրման տարեթվից։
Փետրվարից սկսած՝ ողջ 2026-ի ընթացքում առանց ավելացված արժեքի հարկի կներմուծվի 2024, 2025 և 2026 թվականների արտադրության ցանկացած էլեկտրոմոբիլ։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ողջունում է կառավարության որոշումը, բայց կարևորում դրանց շահագործման ավարտից հետո մարտկոցների անվտանգ հավաքումն ու վերամշակումը։
«Եթե մենք չունենանք այն մեխանիզմները, որոնք կնվազեցնեն կամ նվազագույնի կհասցնեն այն էկոլոգիական ռիսկերը, որը մարտկոցը կարող է բերել, ապա դա նշանակում է, որ մի տեղից մենք մաքրում ենք և մյուս տեղը սկսում ենք աղտոտել»,- նշեց Դուլգարյանը։
15,000 էլեկտրոմոբիլների ներկրման դեպքում 2026-ին, մոտավոր հաշվարկով, Հայաստան կարող է հասնել 4,875 տոննա մարտկոց։ Այս մարտկոցներում առկա են լիթիում, կոբալտ, նիկել և մանգան, որոնք կարող են աղտոտել հողը, ջուրն ու օդը և վնասել մարդկանց առողջությանը։
Դուլգարյանի խոսքով՝ անհրաժեշտ է խնդիրների կանխարգելման քաղաքականություն վարել։
Արտոնություններին վերաբերող նախագիծը երեկ քննարկվել էր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, բայց մարտկոցների ուտիլիզացիայի թեմայով ոչ մի հարց չհնչեց։
Մի շարք երկրներում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ճապոնիա և ԱՄՆ, գործում են մարտկոցների ուտիլիզացիայի գործարաններ, ինչը թույլ է տալիս վերականգնել թանկարժեք մետաղները և նվազեցնել շրջակա միջավայրին վնասը։ Հայաստանում նման գործարաններ չկան։ Դուլգարյանի խոսքով՝ հնարավոր լուծում է, որ մասնավոր ընկերությունները մարտկոցները գնեն և արտահանեն այն երկրներ, որտեղ կան այդպիսիք։
Մինչ կառավարությունը բնապահպանական սպասվող օգուտն է մատնանշում որպես էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունների հիմք, մասնագետներն արձանագրում են՝ անհրաժեշտ է նախապես մտածել հնարավոր ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան