Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի. Արա Բաբլոյանը ուղերձ է հղել Ազգային ժողովի արձակման կապակցությամբ
Քաղաքականություն
02.11.2018 | 11:25Արա Բաբլոյանի ուղերձն Ազգային ժողովի արձակման կապակցությամբ.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման հարգելի՛ պատգամավորներ, Ազգային ժողովի աշխատակիցներ,
խորհրդարանը վարչապետի հրաժարականից եւ երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ ներկա խորհրդարանը կգործի մինչեւ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:
Ակնհայտ է, որ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորական կազմն առանձնացավ իր խոհեմությամբ ու հանդուրժողականությամբ: Դա մեր գործընկերների բարձր պրոֆեսիոնալիզմի, քաղաքական կամքի ու իմաստության արդյունքն էր: Անցած մեկուկես տարին լրիվ բավական էր համոզվելու համար, որ մեր պատգամավորներն ունեն սեփական դիմագիծ եւ ցանկացած խնդրում մինչեւ վերջ պաշտպանում են իրենց քաղաքական դիրքորոշումը: Բայց դժվարին պահերին, որոնք անցած ամիսներին քիչ չէին, հաճախ մի կողմ թողնելով կուսակցական շահերն ու տեսակետները՝ բոլորը համախմբվեցին Հայաստանում ու Արցախում կայունության պահպանման գաղափարի շուրջ եւ երկիրը չտարան նորանոր ցնցումների:
Ուստի, շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նման բարձր գիտակցություն ցուցաբերելու համար: Եւ, միաժամանակ, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հատկապես ա՛յն պատգամավորներին, ովքեր անկախ հին ու նոր իրողություններից այս ամեն օր փոփոխվող ժամանակներում չդավաճանեցին իրենց սկզբունքներին եւ որոշումներ ընդունելիս առաջնորդվեցին իրենց խղճի ու ներքին համոզմունքների թելադրանքով: Դրա շնորհիվ էլ այս ամիսներին պահպանվեց ամենակարեւորը՝ ներքին ու արտաքին գործընթացների կանխատեսելիությունը, ինչը թույլ տվեց երկրին, ժողովրդին ու բանակը հետ պահել մեծամեծ փորձություններից:
Սիրելի բարեկամներ,
2017 թվականի գարնանից ի վեր ստանձնելով խորհրդարանի ղեկավարումը՝ օրենսդիր աշխատանքին զուգընթաց ձեռնամուխ էի եղել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի բարեփոխմանը:
Իհարկե, ափսոսում եմ, որ չհասցրեցինք իրականացնել մեր բոլոր ծրագրերը: Իսկ արածի արդյունքներն արդեն տեսնում ենք եւ համոզվում, որ ընդունված որոշումները ճիշտ էին ու տեղին: Մասնավորապես, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների ինստիտուտի պարզեցումը թույլ տվեց աշխատել անմիջապես Ազգային ժողովի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների հետ ու բացահայտել եւ զարգացնել նրանց մասնագիտական մեծ հնարավորությունները: Եւ այսօր, օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի ողջ աշխատակազմին՝ բարեխիղճ եւ արhեստավարժ աշխատանքի համար:
Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում նաեւ մամուլին եւ խորհրդարանում հավատարմագրված բոլոր լրագրողներին: Նրանք այս ընթացքում բարձր մակարդակով իրականացրեցին մեր աշխատանքների անկողմնակալ ու օպերատիվ լուսաբանումը եւ ավելին` հաճախ մատնացույց արեցին հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ ու ասես դարձան մեր օգնականներն ու խորհրդատուները:
Իսկ կառուցվածքային բարեփոխումների շրջագծում ամենամեծ ծրագիրն Ազգային ժողովի վերլուծական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն էր: Մեր նպատակն էր ունենալ ընդունված օրենքների արդյունավետության մշտադիտարկման ապահովումը, վերլուծությունն ու գնահատումն իրականացնող, ինչպես նաեւ ցանկացած ասպարեզում միջազգային օրենսդրական փորձն ու ավանդույթները Հայաստանում կիրառելու հնարավորության վերաբերյալ հիմնավորված առաջարկներ ներկայացնող մարմին: Լիահույս եմ, որ ապագա խորհրդարանն ու նրա ղեկավարությունը հետամուտ կլինեն այս գրեթե ավարտուն նախաձեռնությունը վերջնականապես կյանքի կոչելուն:
Հարգելի՛ պատգամավորներ,
սիրելի՛ հայրենակիցներ,
ավարտելով խոսքս՝ պարզ ու անկեղծ ասում եմ հետեւյալը. իմ կյանքի ուղեկիցը միշտ եղել է պատասխանատվությունը: Այն կրել եմ, երբ պարզապես բժիշկ էի, բժշկական կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարար եւ տասը տարի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ, անդավաճան ընկերս` պատասխանատվությունը, կրկին ինձ հետ էր ու վերահսկում էր ինձ:
Իսկ որպես Հայաստանի խորհրդարանի նախագահ՝ իմ պատասխանատվությունն ավելի է ընդգծվել:
Ըստ այդմ, երբ արդեն պարզ էր քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը, առաջին հայացքից ամենաճիշտ եւ ընկալելի քայլը, որպես խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական ուժի ներկայացուցիչ` լինելու էր իմ հրաժարականը:
Բայց ընդհակառակը: Դարձյալ առաջնորդվել եմ նույն պատասխանատվությամբ, քանի որ կարծել եմ, որ իմ հրաժարականը կարող էր առաջացնել ավելորդ դժվարություններ:
Ի դեպ, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ուներ ինձ անվստահություն հայտնելու իրավունք: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր խմբակցություններին ցուցաբերած բարձր վստահության համար, ինչը կրկնապատկեց իմ պատասխանատվությունը:
Սիրելի բարեկամներ,
չեմ թաքցնում, որ ափսոսանքով ու մտահոգությամբ եմ հեռանալու՝ մտածելով, թե արդյո՞ք ավարտին են հասցվելու այն մտահղացումները, որոնք սկսել էի. օրենսդրական նախաձեռնություններ, միջազգային համագործակցություն, խորհրդարանական դիվանագիտություն, կառուցվածքային բարեփոխումներ եւ այլն: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի:
Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման խորհրդարանին մաղթում եմ օրինաստեղծ արդյունավետ աշխատանք եւ ամենակարեւորը՝ պատասխանատվություն: