ԱՄՆ-ն արգելափակել է Հունաստանով ադրբեջանական գազի մատակարարումը Ուկրաինա
Քաղաքականություն
20.11.2025 | 23:16
ԱՄՆ-ն արգելափակել է Հունաստանի միջոցով Ուկրաինային ադրբեջանական գազի մատակարարումը: Հունական Kathimerini-ին կառավարության աղբյուրներին հղումով նշում է, որ պատճառն ԱՄՆ-ի պահանջն է Ուկրաինային իր հեղուկ բնական գազը վաճառելու բացառիկ իրավունքի վերաբերյալ, գրում է ադրբեջանական haqqin.az-ը։
Անցյալ կիրակի Աթենքում պայմանագիր է կնքվել ուկրաինական «Նաֆթոգազ»-ի և Atlantic-See LNG Trade-ի միջև, որը հունական «Ակտոր Գրուպ»-ի և DEPA-ի կողմից ստեղծված նոր ընկերություն է։ Ըստ համաձայնագրի՝ Հունաստանը պարտավորվում է ամերիկյան հեղուկացված բնական գազ մատակարարել Ուկրաինային «ուղղահայաց միջանցքով» (Բուլղարիայի և Ռումինիայի միջով)՝ 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի մարտը։
Հունաստանի կառավարության աղբյուրները հայտնել են, որ Միացյալ Նահանգները վետո է դրել այս երթուղով ադրբեջանական գազի մատակարարման վրա։ Հունաստան Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) միջոցով մատակարարվող ադրբեջանական գազն ավելի էժան է, քան ամերիկյան հեղուկ բնական գազը, և Միացյալ Նահանգները մտահոգված է մրցակցության կապակցությամբ։ Վաշինգտոնը ձգտում է Ուկրաինային Հունաստանի միջով գազ մատակարարելու բացառիկ իրավունքներ ձեռք բերել։
ԱՄՆ պահանջներին համապատասխան՝ Atlantic-See LNG Trade-ի և «Նաֆթոգազ»-ի միջև կնքված համաձայնագիրը սահմանում է, որ ադրբեջանական գազի մատակարարումներն «ուղղահայաց միջանցքով» հնարավոր են միայն ֆորսմաժորային իրավիճակներում: Սա նշանակում է, որ եթե որևէ պատճառով Atlantic-See LNG Trade-ի ամերիկյան LNG առաքումն ուշանա (ինչը չի կարելի բացառել) կամ առաջանան տեխնիկական խնդիրներ, հունական ընկերությունը կկարողանա օգտագործել TAP-ի միջոցով մատակարարվող և DEPA-ի կողմից պահվող ադրբեջանական գազը՝ «Նաֆթոգազ»-ի նկատմամբ իր պարտավորությունները կատարելու համար։
Սակայն Ուկրաինային մատակարարվող գազի ծագումը կասկածներ է առաջացնում նոր միջսահմանային երթուղու (3-րդ երթուղի) վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման հետ կապված, որը նախագծվում է Հունաստանի, Բուլղարիայի, Մոլդովայի և Ուկրաինայի գազամատակարարման համակարգերի օպերատորների կողմից։
3-րդ երթուղին նախատեսում է ադրբեջանական գազի մատակարարում Ուկրաինա «ուղղահայաց միջանցքով»՝ ICGB (Հունաստան-Բուլղարիա գազատարի միջկապող խողովակաշար) հանգույցից մինչև Տրանսաֆրիկյան գազատար (TAP): Այս կետից Բուլղարիան ստանում է 1 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ, որը TAP-ի միջոցով մատակարարվում է Հունաստան: DEPA-ն համապատասխան ծավալ է ամրագրել. Հունաստանի միջոցով Իտալիա է ուղարկվում ևս 8 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ:
Հունական լրատվամիջոցների համաձայն՝ TAP-ից եկող գազը, որը կառուցվել է որպես ԵՄ-ի կողմից Ռուսաստանից մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման մաս, այժմ կարևոր աղբյուր է Հունաստանի և ամբողջ Եվրոպայի համար, որը հույս ունի կրկնապատկել խողովակաշարի հզորությունը: Այնուամենայնիվ, ռուսական գազից լիովին հրաժարվելու ձգտման շրջանակում TAP-ը, ինչպես նաև «Թուրքական հոսք» խողովակաշարը, որը կարող է ծառայել որպես ռուսական գազի մատակարարման խողովակ Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, նույնպես հայտնվել է ուսումնասիրության տակ։
Պատճառն այն է, որ Ադրբեջանը 2023 թվականից հետո ներկրում է ռուսական գազ, թեև ավելի փոքր քանակությամբ: ԵՄ անդամ մի քանի պետությունների կողմից արտահայտված կասկածներին ի պատասխան՝ եվրոպական կառույցները հայտարարել են, որ նույնիսկ եթե Ադրբեջանը ներմուծի ռուսական գազ, ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխող խողովակաշարը միացված չէ տեղական ցանցին և տեխնիկապես չի կարող որևէ խափանում առաջացնել: Բաքուն, իր հերթին, ռուսական գազի ներմուծումն ուղղորդում է ներքին կարիքների համար՝ պակասից խուսափելու և Եվրոպա արտահանման հոսքերը պահպանելու համար:
Ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ 2025 թվականի ամռանը «Նաֆթոգազ»-ի և SOCAR-ի միջև կնքված փորձնական համաձայնագիրը թույլ է տվել ադրբեջանական գազի փոքր ծավալներ մատակարարել Ուկրաինա՝ Բուլղարիայի, Ռումինիայի և Մոլդովայի միջոցով։ Դրանից հետո Ռուսաստանն անօդաչու սարքերով հարվածներ էր հասցրել Օդեսայի մարզում գտնվող գազային կոմպրեսորային կայանին, որը գտնվում է ուկրաինա-ռումինական սահմանի մոտ, և որն օգտագործվում էր ադրբեջանական գազն Ուկրաինա տեղափոխելու համար։ Այս հարձակումների հետևանքները վերացվել էին մի քանի օրվա ընթացքում, որից հետո Կիևը հայտարարել էր Ուկրաինա ադրբեջանական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այս հարցի շուրջ կողմերի միջև բանակցություններ են ընթանում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի