Հայաստանում մեկնարկեց արդեն 8-րդ անգամ անցկացվող Մեդիագրագիտության շաբաթը
Հասարակություն
08.11.2025 | 14:09
Երևանում տեղի է ունեցել «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագիրը կրող և արդեն 8-րդ անգամ անցկացվող մեդիագրագիտության շաբաթվա պաշտոնական բացման արարողությունը․ նոյեմբերի 8-15-ն անցկացվող մեդիագրագիտության շաբաթվա մեկնարկն ազդարարող թեմատիկ կոնֆերանսի շրջանակում կանցկացվեն ոլորտի շուրջ առկա խնդիրների, մարտահրավերների ու անհրաժեշտ անելիքների վերաբերյալ պանելային քննարկումներ, համաժամանակյա աշխատարաններ՝ նախատեսված ուսուցիչների, դասավանդողների, փաստեր ստուգողների, երիտասարդների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման բացման արարողությանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Երիտասարդները գործելիս» ծրագրի թիմի ղեկավար Անի Թորոսյանը:
Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունել է մեդիագրագիտության շաբաթը՝ շեշտելով, որ իրականում, մեդիագրագիտությունը չպետք է լինի միայն մեկ շաբաթ, այլ պետք է լինի երկարատև ջանք։ Նա նաև կարծիք է հայտնել, որ աշխարհն այժմ ապրում է փոփոխվող աշխարհում։

«Մենք ամեն օր նկատում ենք այս փոփոխությունը։ Հետևաբար, մեդիագրագիտության վրա աշխատանքը ռազմավարական ներդրում է մեր ժողովրդավարական ներկայի և ապագայի մեջ։ Մեզ անհրաժեշտ են հաշվետու ինստիտուտներ։ Նախևառաջ, սա մեր ժողովրդավարական հասարակությունների առաջին և ամենակարևոր տարրն է, որոնցում մենք ապրում ենք, որոնցում մենք ներդրումներ ենք կատարում, որոնք ունեն թույլ կողմեր, բայց որոնք լավագույնն են իրենց քաղաքացիների համար։ Կարծում եմ՝ դա բացարձակապես պարզ է։ Եվ հիմա մենք ունենք նոր մարտահրավեր»,-ասել է Մարագոսը։
Դեսպանը նկատել է, որ այս ամենի համատեքստում շատ կարևոր է պահպանել նաև խոսքի ազատությունը, որը մեծ նշանակություն ունի դեմոկրատիայի տեսանկյունից, և որի ցուցանիշը Հայաստանում շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ Մարագոսի կարծիքով՝ այդուհանդերձ, հարց է առաջանում, թե որտեղ է խոսքի ազատության ավարտը կամ սահմանը թվային աշխարհում։
«Ահա այս է պատճառը, թե ինչու է ԵՄ-ն աշխատում այդ ամենը կարգավորելու ուղղությամբ։ Քանի որ մենք հասկացել են, թե որքան մանիպուլացված կարող են լինել թվային հարթակները։ Այդ իսկ պատճառով ես կցանկանայի կոչ անել բոլորին այս ամենի շուրջ մտածել լրատվամիջոցների համատեսքտում․ հասարակությունը՝ հատկապես, երիտասարդությունը, որն առավել խոցելի է, պետք է տեղյակ լինի տեղի ունեցող գործընթացներից և իրադարձություններից, և այս իմաստով կարևոր է տեսնել, որ քաղաքացիները պահանջում են հաշվետվողականություն։ Այստեղ է, որ մեզ անհրաժեշտ են կրթված և պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ։ Երբեմն լրատվամիջոցները կենտրոնանում են միայն սենսացիոն լուրերի վրա։ Շատ կարևոր է, որ նրանք հանդիպեն իրական գործընթացների՝ ինստիտուտների գործունեության և օրենքների գործունեության վերաբերյալ, որպեսզի քաղաքացիները նույնպես ունենան իրատեսական պատկերացում այն մասին, թե ինչ պետք է արվի»,-ընդգծել է Վասիլիս Մարագոսը։
ԵՄ դեսպանի դիտարկմամբ՝ պետք է ունենալ գործիքներ՝ զարգացնելու մեդիագրագիտության մակարդակը։ Մարագոսը մեդիագրագիտության համատեքստում անդրադարձ է կատարել նաև արհեստական բանականության հնարավորություններին՝ նշելով, որ այն հաճախ կիրառվում է որպես մանիպուլյացիայի գործիք, սակայն այն շատ դրական բան է, երբ ճիշտ է օգտագործվում։

«Սա է պատճառը, որ Եվրոպական Միությունում մենք ստեղծել ենք նաև իրավական գործիք արհեստական բանականության վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է արհեստական բանականության տարբեր տարրերի դասակարգմանը՝ հիմնվելով նրա վրա, թե ով է պատասխանատու։ Պետք է լինի մեկը, ով պատասխանատու է լրատվամիջոցների համար։ Այս ամենը, անկասկած, պահանջում է զգույշ գործողություններ։ Գործողություն, որը հիմնված է բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկխոսության վրա։ Դա նաև պահանջում է պատասխանատվություն իշխանությունների, քաղաքացիների, լրատվամիջոցների կողմից»,-ասել է դեսպան Մարագոսը։
Նա նաև հավելել է, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում առկա է հսկայական ներուժ, և շատ կարևոր է, որ այդ ոլորտում կատարվող հսկայական ներդրումներն օգտագործվեն ի նպաստ պետության տնտեսության զարգացման։
Ելույթից հետո ԵՄ դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանի ու Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ ընթացող գործընթացին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ օրեր առաջ Հայաստանը ԵՄ-ի կողմից պաշտոնապես ստացել է վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագիրը։
Վասիլիս Մարագոսը ողջունել է ընթացող ակտիվ գործընթացներն այս ուղղությամբ՝ կարևորելով վիզաների ազատականացումը ոչ միայն մարդկանց ազատ տեղաշարժի, այլև ժողովուրդների միջև կապերի զարգացման ու շփման առումով։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն, իր հերթին, անդրադարձ կատարելով մեդիագրագիտության ոլորտում իրականացված փոփոխություններին և դեռևս կատարվելիք քայլերին, ողջունել է արդեն 8-րդ անգամ «Մեդիա գրագիտության» շաբաթի անցկացումը։

«Ամբողջությամբ համաձայն եմ պարոն Մարագոսի հետ, որ մենք առանձնացնում ենք այս շաբաթը՝ խտացնելու համար այն ամբողջ անելիքը, որն անում ենք ամեն օր։ Մենք ամբողջ տարվանից առանձնացնում ենք մի քանի օր՝ հավաքվելու միասին, ամփոփելու մեր արված արդեն աշխատանքները, նոր գաղափարներ, գործիքներ, մոտեցումներ առաջադրելու և դրանք քննարկելու շահառուների հետ»,-ասել է Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ սա մի աշխատանք է, որը պետությունը չի կարող ու չպիտի անի միայնակ, սա մի աշխատանք է, որ առաջին հերթին պահանջում է բոլորի ջանքերի համախմբումը։
«Ոլորտում, իսկապես, փոփոխություններ կան, և շատ կարևոր է, որ երբ մենք փոփոխությունների գործընթացում ենք, կարողանանք պարբերաբար հետ նայել։ Հետ նայելու և ռեֆլեքսիայի կարողությունը իրականում նաև մեդիա գրագիտության մաս է, որովհետև դու չես կարող այս փոփոխվող անորոշ ու բազմազան աշխարհում կողմնորոշվել, եթե ռեֆլեքսիայի հմտությունն ու հատկությունը բավարար զարգացած չէ։ Իսկ այդ ռեֆլեքսիան պահանջում է նաև, որ գնահատես քո անցած ճանապարհը, տեսնես քո իսկ սխալները և դրանց վերանայման ու լավարկման հնարավորություն ընձեռես հաջորդ փուլում։ Հետևաբար, ես կարծում եմ, որ մենք չպետք է ընկնենք ծայրահեղությունների մեջ՝ ասելով ամեն ինչ լավ է, երբեք ամեն ինչ լավ չի լինում։ Միշտ կա աշխատելու տեղ, բայց նաև պետք չի ընկնել ծայրահեղության մեջ և ասել՝ ամեն ինչ վատ է»,-շեշտել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ յուրաքանչյուրն իր ամենօրյա աշխատանքով փոփոխություն տեսնում է․ տեսնում է, որ, օրինակ, 5 տարի առաջ ուսուցիչների կարողությունները՝ մեդիայի օգտագործման, մեդիայի հանդեպ պատասխանատու վերաբերմունքն անհամեմատելի են նրա հետ, ինչ այսօր կա, ինչը, սակայն, ամենևին, չի նշանակում, որ բավարար է։
«Այն, թե ինչպես են այսօր դպրոցներում օգտագործվում տեխնոլոգիաները, անհամեմատելի է 5 տարի առաջ եղած իրավիճակի հետ։ Սա մի փաստ է, բայց նորից եմ ասում, դա չի կարող մեզ բավարարել, որովհետև կյանքը առաջ է գնում, և դա է կյանքի հիմնական կանոնը, ու մենք չենք կարող 5 տարի առաջվա դրությունը փոխված տեսնել ու համարել, որ մեր անելիքները ավարտվել են»,-ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։
Անդրադառնալով մեդիագրագիտության ու պատասխանատու թվային քաղաքացիությանը՝ նախարարը մատնանշել է, որ հիմա քաղաքացիության և այդ կյանքի մի զգալի մասը անցնում է թվային տիրույթում, և ակնհայտ է, որ խոսելով պատասխանատու քաղաքացիության մասին՝ ուղղակի չի կարելի չընդգրկել թվային քաղաքացիության հայեցակարգը։
«Մենք կարծում ենք, որ հանրային համակեցության կանոնները, որ մենք հիմա ունենք ֆիզիկական տարածության մեջ, պարտադիր չի, որ գործեն թվային տարածության մեջ։ Երբ մենք թվային տիրույթում ենք, մարդկանց թվում է, որ գա հանրություն չէ, և էստեղ է, որ ազատության զգացողությունը չի հավասարակշռվում պատասխանատվության զգացողությամբ։ Սա շատ լուրջ խնդիր է՝ գիտակցելու, որ մեր կյանքը չի ավարտվում ֆիզիկական տարածության մեջ, մենք որպես անձ շարունակում ենք գործել և դրսևորվել թվային տիրույթում, և չի կարող մեր այստեղ գտնվելու վարքը տարբերվել թվային տիրույթում մեր հանրային համակեցության կանոններից»,-շեշտել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ մարդիկ օրվա ցանկացած տեսակի այնպիսի տեղեկատվություն են ստանում, որ օրվա վերջում չի կարողանում հասկանալ, թե ինչ անել այդ տեղեկությունների տարափի հետ, հաճախ շփոթվում է և կորցնում է իրականության զգացողությունը։