Ֆրանսիան սեպտեմբերի 22-ին կճանաչի Պաղեստինը
Քաղաքականություն
20.09.2025 | 13:50
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստինը սեպտեմբերի 22-ին․ գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես խոսել եմ Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասի հետ… Ես նախագահ Աբբասին հաստատել եմ Պաղեստին պետությունը ճանաչելու իմ մտադրությունը երկուշաբթի օրը Նյու Յորքում», – գրել է Մակրոնը իր սոցիալական ցանցերի էջում։
Մակրոնը նշել է, որ այս որոշումը տեղավորվում է տարածաշրջանի համար ավելի լայն խաղաղության ծրագրի մեջ։
Իր հերթին Աբբասը վերահաստատել է իր վճռականությունը՝ իրականացնելու Պաղեստինի ղեկավարությունը վերականգնելու համար անհրաժեշտ բարեփոխումները։
Politico-ն նախկինում հաղորդել էր, որ Իսրայելը պատրաստում է պատասխան միջոցներ Ֆրանսիայի կողմից սեպտեմբերին Պաղեստինի ճանաչման սպասվող դեպքերի համար։ Սա, ի թիվս այլ բաների, կարող է ներառել Երուսաղեմում Ֆրանսիայի հյուպատոսության փակումը։ Ֆրանսիացի դիվանագետը Politico-ին ասել է, որ Փարիզը, իր հերթին, քննարկում է նաև Իսրայելի հնարավոր թշնամական գործողություններին արձագանքելու տարբեր տարբերակներ։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի