Հասարակական -քաղաքական կյանքում լոռեցի կանայք շարունակում են բախվել խտրականության ու խոչընդոտների․ հետազոտական զեկույց
Հասարակություն
10.09.2025 | 15:10
2025թ-ի մարտ-հուլիս ամիսներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն Լոռու մարզում հետազոտություն է իրականացրել՝ ուղղված կանանց հիմնախնդիրների բացահայտմանը և ամփոփել Լոռու մարզի կանանց հիմնախնդիրների բացահայտման հետազոտական զեկույցում։
Զեկույցում մասնավորապես նշվում է, որ մարզում կանանց քաղաքական ներգրավվածությունը սահմանափակ է, հատկապես` որոշում կայացնողների մակարդակում։ Ի թիվս վեր հանված այլ խնդիրների նաև ասվում է, որ թե՛ այրի, թե՛ ամուսնալուծված կանանց` երկրորդ ամուսնության ցանկությունը մարզում խիստ պարսավելի է։
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«Հետազոտության նպատակ էր վեր հանել Լոռու մարզի կանանց կարիքները՝ առաջնորդվելով մարդու իրավունքների, գենդերային հավասարության և ներառականության սկզբունքներով:
Հարցումներն անցկացվել են առցանց հարցաթերթիկների միջոցով և դեմ առ դեմ և ֆոկուս խմբային քննարկումներ ձևաչափով, որոնց մասնակցել են մարզի Ալավերդի, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր համայնքների ընդհանուր թվով 425 կին, որոնցից 66-ը՝ ֆոկուս խմբային քննարկումներին։
«Հետազոտության հեղինակ, գենդեարային սոցիալական ներառման փորձագետ Սոնա Գրիգորյանի դիտարկմամբ լոռեցի կանայք խնդիրների են բախվում մասնավորապես՝ կրթության, աշխատանքի և զբաղվածության, առողջապահության, գենդերային հիմնախնդիրների, արտակարգ իրավիճակներին արձագանքման, քաղաքական մասնակցության և առաջնորդության ոլորտներում․
Սոցիալ-տնտեսական հնարավորությունների բացակայությունը, աշխատատեղերի պակասն և մշակութային կարծրատիպերը, հատկապես` գյուղական համայնքներում, շարունակում են խոչընդոտել կանանց լիարժեք ինքնադրսևորմանն ու հանրային կյանքին մասնակցությանը։ Թեև կանանց կրթական մակարդակը հաճախ բարձր է, զբաղվածության ցուցանիշը մնում է ցածր,
կանայք ուսումը կիսատ են թողնում հիմնականում ամուսնության կամ ֆինանսական դժվարությունների պատճառով և հետագայում, գրեթե, չեն վերադառնում ուսումնական գործընթացին։ Հարցման մասնակից կանանց խոսքով՝ առողջապահական ծառայությունները իրենց բնակության վայրում մատչելի են։ Բավարար չեն նաև դրանց որակը, հասանելիության պայմանները և նպատակային ծրագրերի ծավալը՝ համայնքի կանանց բազմաբնույթ կարիքները հոգալու համար՝ հատկապես գյուղական բնակավայրերում,
Ուշագրավ է, որ թեև կանայք կարևորում են իրենց ձայնը քաղաքականության մեջ, բայց մարզում կանանց քաղաքական ներգրավվածությունը դեռևս սահմանափակ է, հատկապես` որոշում կայացնողների մակարդակում /համայնքի ղեկավար/, որտեղ հիմնականում տղամարդիկ են ներկայացված՝ ասում է Սոնա Գրիգորյանը։ Թեև կանայք օգտվում են քվոտայով սահմանված հնարավորություններից, նրանց քաղաքական մասնակցության և կանանց հիմնախնդիրների օրակարգն առաջ տանելը, բովանդակային և ակտիվ մասնակցությունը հաճախ կասկածի տակ է դրվում, անգամ ավագանու անդամության մակարդակով․ «Հակասությունը վերաբերում էր նրան, որ մի կողմից կանայք միտված չեն գնալ քաղաքական որոշումների կայացման պրոցեսներին ներգրավելու, մասնակցելու և խորը հարցազրույցի ժամանակ էլ խոսում էին դրա մասին, որ իրենք իրենց մերձավորներին, իրենց շրջապատի կանանց խորհուրդ չեն տա մտնել քաղաքականություն, բայց միաժամանակ հարցումներից դուրս էր գալիս մի իրավիճակ, մի պատկեր, որ իրենք տեղեկացված են, թե ինչքանով են կանայք լսելի, ինչքանով է կանանց ձայնը լսելի հասարակական-քաղաքական կյանքում ինչ – որ բան փոխելու առումով։ Եթե դու չես մասնակցում, դու ի՞նչ գիտես, այդ կինը, որ ավագանու անդամ է, ինչքանով է իր կամ քո օրակարգը առաջ տանում»։
Սոնա Գրիգորյանը ցավով է արձանագրում, որ ամենաշատը խտրական վերաբերմունքի են արժանանում ամուսնալուծված կանայք․ ինչպես 2017թ․-ի, այնպես էլ 2025-ի զեկույցում նշվում է, որ թե՛ այրի, թե՛ ամուսնալուծված կանանց` երկրորդ ամուսնության ցանկությունը պարսավելի է։ Ցավալի է արձանագրել, որ 8 տարվա ընթացքում այս առումով վերաբերմունքը չի փոխվել:
Կանանց շրջանում պակաս է տեղեկացվածությունը գենդերային հիմնահարցերի շուրջ և շատ հաճախ «գենդեր» եզրույթը նույնացնում են ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ինչ վերաբերում է վերջիններիս, ըստ հետազոտության, նրանք փորձում են իրենց աննկատ պահել՝ բացասական վերաբերմունքի հետ առերեսվելուց խուսափելու համար։
Նկատելի դրական վերաբերմունք է դրսևորվել Արցախից տեղահանվածների և ազգային փոքրամասնությունների հանդեպ, իսկ ահա հաշմանդամություն ունեցող կանանց հանդեպ վերաբերմունքը տարբեր է՝ զգայունից, անտարբերությունից մինչև ծայրահեղ ոչ զգայուն և խտրական։
Սոնա Գրիգորյանի խոսքով ցածր կրթական ցենզ ունեցող կանայք ավելի հաճախ են ընտանեկան բռնության ենթարկվում։ Խնդիրը ոչ միայն տնտեսական կախվածության, այլև սեփական իրավունքների և պաշտպանության մեխանիզմների մասին ոչ բավարար տեղեկացվածության հետևանք է։
Սրան զուգահեռ ուրախալի է համարում փաստը, որ ֆոկուս խմբային քննարկումների ժամանակ բազմաթիվ կանայք անկաշկանդ խոսել են սեռական ոտնձգությունների մասին, ինչ, սովորաբար, խորը հարցազրույցների ժամանակ է լինում․ «Խմբի առաջ ներկայացնում էին, ինձ համար դա շատ զարմանալի և ուրախալի էր։ Ես դա դրական եմ գնահատում։ Կանայք այնքան են ուժեղացել, համարձակվում են արդեն դրա մասին բարձրաձայնել»։
Հետազոտության մեջ ներառված առաջարկների հեղինակները հենց մասնակից կանայք են։ Այսկերպ հետազոտության հեղինակները նպատակ ունեն ոչ միայն արձանագրելու առկա մարտահրավերները, այլև նպաստելու կանանց իրավունքների և հնարավորությունների պաշտպանությանը՝ քաղաքական, հանրային և ինստիտուցիոնալ փոփոխությունները խթանելու միջոցով»։