Ուր է գնում Հայաստանի ոսկին․ վերահսկողության բացեր՝ Հայաստանի հանքերում

Լուրեր

05.12.2025 | 13:51
Արսեն Վենգերը նշել է աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտին
05.12.2025 | 13:42
«Իրենք զոռով մտել են Յոթ Վերք, ի՞նչ կարող ենք անել»․ Փաշինյանի այցի պատճառով Տեր Գառնիկն այլ եկեղեցում կպատարագի
05.12.2025 | 13:35
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարվածից 12-ամյա տղա է զոհվել
05.12.2025 | 13:26
Իսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլ 2026-ին». ի պատասխան՝ Իսպանիան, Նիդերլանդները, Իռլանդիան և Սլովենիան բոյկոտել են մրցույթը
05.12.2025 | 13:17
Լեբրոն Ջեյմսի ռեկորդային շարքն ավարտվել է 1297 խաղ հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 13:08
ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
05.12.2025 | 12:57
Կուբանում ԱԹՍ-ների հարվածները վնասել են նավահանգստի ենթակառուցվածքները, Գրոզնիում` Գրոզնի-Սիթի համալիրի շենքերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 12:54
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը վերաբերող հարցեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.12.2025 | 12:46
Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով պետնախարարն այցելել է Հայաստան
05.12.2025 | 12:34
Սերժ Սարգսյանի նամակին Պուտինի պատասխանը հույժ գաղտնի է․ ՀՀԿ-ականներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 12:22
Շիրակի թեմից ոչ մի քահանա Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կիրակի պատարագ չի մատուցելու․ Նարեկ եպիսկոպոս Ավագյան
05.12.2025 | 12:10
Չեմ կարծում՝ Վեհափառին կալանավորելու դեպքում եկեղեցու հետևորդների համար որևէ բան կփոխվի․ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 12:02
Արշակ արքեպիսկոպոսը 2 ամսով կալանավորվեց // Փաշինյանը Գյումրիում պատարագի կմասնակցի. ԼՈՒՐԵՐ
05.12.2025 | 11:53
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
05.12.2025 | 11:44
«Հանրապետական» ստադիոնի հյուրերի սեկտորի պատնեշները վերանորոգվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում պղնձի խտանյութի արտահանումը վերջին 11 տարում ավելացել է մոտ 85 %-ով՝ 2024 թվականին հասնելով 341 հազար տոննայի։ Ավելացել է նաև մոլիբդենի խտանյութի՝ մոտ 13 անգամ, և ոսկու խտանյութի արտահանումը՝ մոտ 4 անգամ։ Ինչքան շատ է արտահանվում, բնականաբար, այդքան շատ է հանքերի շահագործման ծավալը։

Factor.am-ն ուսումնասիրել է՝ ինչքան մետաղական հանքաքար է արտահանվում, ով և ինչպես է վերահսկում հանքարդյունահանողներին և ինչ ռիսկեր է պարունակում հանքանյութի արդյունահանման թույլատրված ծավալների խախտումը։  

 Ով, ինչ, որտեղ

Հայաստանում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայում գրանցված է 45 մետաղական օգտակար  հանածոյի հանքավայր։ Ներկայում ընդերքօգտագործման իրավունք (լիցենզիա) ունի 22 կազմակերպություն։ Դրանց լիցենզիաների գործունեության ժամկետներն ավարտվում են 2026-ից («ՋԻԷՄԷՆ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ, Վայոց ձորի Սոֆի-Բինայի ոսկի- բազմամետաղային հանքավայր) 2053 թվականներին («Ղարագուլյաններ» ՓԲԸ, Սյունիքի Վերին Վարդանիձորի ոսկի-բազմամետաղային հանքավայր)։ 2024-ին ավարտվել է Լոռու Քարաբերդի ոսկու հանքավայրը շահագործելու «Ասսաթ» ՍՊԸ-ի լիցենզիան։

Մինչ օրս դադարեցվել է 6 ընկերության ընդերքօգտագործման 7 պայմանագիր՝ «Վայք Գոլդ» (Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայր), «Ֆորչն Ռիզորսիս» (Հրազդանի երկաթի հանքավայր), «Լեռ-Էքս» (Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայր), «Թաթսթոուն» (Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայր և Լիճքի պղնձի հանքավայր), «Հրաշք մետաղ» (Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայր), «Մոլիբդենի աշխարհ» (Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայր)։

ՊԵԿ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկերի ուսումնասիրությամբ Factor.am-ը պարզել է, որ 2024 թվականին հարկ է վճարել հանքարդյունահանող  9 ընկերություն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Factor.am-ը հետաքրքրվել է, ի՞նչն է պատճառը, որ արդյունահանման աշխատանքներ իրականացվում են միայն սահմանափակ թվով հանքերում:

«Ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումներ լիազոր մարմին չի մուտքագրվել»,- պատասխանել են նախարարությունից։

Ըստ էության, եթե չկա պահանջարկ, նշանակում է՝ այդ «լքված» հանքերը ներդրումային առումով հրապուրիչ չեն։

Ընդերքօգտագործողներին արդյունահանման լիցենզիաները տրվել են հիմնականում 2012-2014 թվականներին։ Վերջին տարիներին թույլտվություն ստացել է միայն «Գեոռեյդ» ընկերությունը՝ 2023 թվականին՝ Սյունիքի մարզի Մուցքի ոսկու հանքավայրի շահագործման համար։

Հայաստանում հանքերից ստացված օգտակար հանածոներից հիմնականում արտահանվում են պղնձի, մոլիբդենի, ցինկի և թանկարժեք մետաղների (ոսկու) խտանյութեր (հանքաքար և խտահանք)։ Առանձին տարիների քիչ ծավալով արտահանվել է նաև քրոմի, վոլֆրամի, երկաթի, կապարի, տիտանի խտահանք։

ՊԵԿ-ի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ պղնձի խտանյութի արտահանումը, ինչպես արդեն նշել ենք, 2014 թվականի համեմատ 2024-ին ավելացել է 85 %-ով։ Ընդ որում՝ ծավալների կտրուկ ավելացումը եղել է 2015 թվականին, և անցած տասնամյակում, որոշակի տատանումներով, այդ ցուցանիշը պահպանվել է, եղել են նաև «պիկային» տարիներ՝ 2017-ին՝ 489 հազար տոննա և 2019-ին՝ 562 հազար տոննա։ Հայկական պղնձի խտանյութի վաճառքի աշխարհագրությունը մեծ է՝ 2024-ին Վրաստանից (5 կգ) մինչև Միացյալ Թագավորություն (63.7կգ), սակայն հիմնական գնորդները եղել են Չինաստանը (261814.6տ), Բուլղարիան (45325.3տ), Սերբիան (9534.5տ), Շվեյցարիան (8866.3տ), Ռուսաստանը (8361.5տ) և Իրանը (7600.5տ)։

Մոլիբդենի խտանյութի դեպքում արտահանման ծավալները սկսել են ավելանալ 2019 թվականից հետո՝ 2020-ին հասնելով ամենամեծ ցուցանիշին՝ 16․4 հազար տոննայի։ Մոլիբդենի հիմնական գնորդները 2024-ին եղել են Բելգիան (4750.7տ), Չինաստանը (2048.9տ) և Ռուսաստանը (1513.3 տ)։

Ցինկի խտանյութի արտահանման ծավալներն անցած տասնամյակում պակասել են մոտ 18 %-ով՝ 2024-ին կազմելով 11․6 հազար տոննա, որի միակ գնորդը եղել է Բելգիան։

Ուշագրավ է ոսկու խտանյութի արտահանման կտրուկ աճը՝ մոտ 4 անգամ։ 2024-ին դրա հիմնական գնորդները եղել են Շվեյցարիան (15965.8տ), Մալայզիան (3529.3տ), Չինաստանը (2650 տ), Պերուն (1378 տ):

«Չկա վերահսկողություն կա»․ որտե՞ղ դնել ստորակետը

Մետաղական հանքավայրերի շահագործման ծավալները սահմանված են ընկերություններին տրված լիցենզիաներով։ Արդյո՞ք վերահսկվում է, թե ինչքա՞ն հանքաքար է հանվում, չարաշահումներն ի՞նչ ռիսկ են պարունակում և ի՞նչ է նախատեսված այդ դեպքում։ Factor.am-ի այս հարցերին ի պատասխան ՏԿԵՆ-ից նշել են՝ «ընդերքից արդյունահանված ծավալների մասով վերահսկողությունը վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին»։

Տեսչական մարմնից փորձեցինք գրավոր հարցմամբ պարզել՝ 2020-2024 թվականներին մետաղական հանքարդյունահանող ընկերությունների կողմից հանքերի շահագործման ծավալների ինչ խախտումներ են արձանագրվել, որ ընկերություններն են այդ խախտումները թույլ տվել և ինչ պատասխանատվության են ենթարկվել, սակայն ստացանք տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Լևոն Լևոնյանի ստորագրությամբ պատասխան, որում նշված է, թե «տեղեկատվությունը հրապարակված է ՏՄ պաշտոնական կայքէջի «Հաշվետվություններ» բաժնում»։ Մինչդեռ, ՏՄ-ի հաշվետվություններում իրավախախտ ընկերությունների անունները բացակայում են, իսկ խախտումների և պատասխանատվության միջոցների մասին տեղեկատվությունը ներկայացված է ընդհանրացված ձևով, այդ թվում՝ ներառելով ոչ մետաղական հանքարդյունահանողներին։ 2024-ի տարեկան հաշվետվությունում, մասնավորապես, գրված է․ «արձանագրված իրավախախտում՝ 690, կայացվել է վարչական տույժի որոշում՝ 206, նշանակվել է վարչական տուգանք՝ 32 մլն 40 հազար դրամ, հաշվարկվել է պատճառված վնաս՝ 2 մլրդ 633 մլն 378 հազար 14 դրամ։ Հայտնաբերվել է ապօրինի արդյունահանման 42 դեպք, որից 38-ը ոչ մետաղական, իսկ 4-ը մետաղական հանքավայրերում։

  • 38 դեպքով ապօրինի և թաքցված ծավալը կազմում է 803,841.8 խմ։
  • 4 մետաղական հանքավայրերում ստուգման արդյունքում հայտնաբերված ապօրինի արդյունահանված և թաքցված ծավալներն ըստ տեսակների՝ հանքաքար 21,237,390 կգ, ոսկի 1,891 կգ, արծաթ 3,472 կգ, սելեն 1,090 կգ, տելուր 5,530 կգ, պղինձ 22,260 կգ, ցինկ 152,830 կգ, կապար 17,890 կգ»։

Միակ մետաղական հանքարդյունահանող ընկերությունը, որ հիշատակվում է տեսչական մարմնի հաշվետվությունում, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն է, որի կողմից մթնոլորտային արտանետումների վնասը 2016 թվականից ի վեր գնահատվել է 2․2 մլրդ դրամ, իսկ ջրային ռեսուրսներին հասցրած վնասը՝ 263․6 մլն։

Տեսչականի հրապարակած ստուգումների ցանկից պարզել ենք, որ 2024-ին վերահսկողները ստուգել են «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ», «Ասսաթ», «Բակտեկ էկո» (ստուգումը շարունակվել է դեռ 2023-ից)և «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունները։ Սակայն, թե դրանցից որն է հանքահանման ծավալների խախտում թույլ տվել, տեսչականը որևէ փաստաթղթում չի հրապարակել։

ՏՄ-ի 2023-ի հաշվետվությունում բովանդակային տեղեկատվությունն ավելի սակավ է, մետաղական հանքագործության վերաբերյալ ընդամենը նշված է․ «Մետաղական խտանյութի մշակմամբ զբաղվող կազմակերպությունները, հատկապես ֆերոձուլվածքների արտադրությամբ զբաղվողները, հեռացող գազերի մաքրման համակարգի անարդյունավետ աշխատանքի արդյունքում՝ բավարար քանակակությամբ չեզոքացուցիչ չօգտագործելու հետևանքով մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ վտանգավոր նյութեր (ծծմբի երկօքսիդ և անօրգանական փոշի)»։ Նշված է, թե ՀՀ որ մարզում ինչքան ընդերքօգտագործման և ինչքան երկրաբանական ուսումնասիրության իրավունք է տրված, նաև «կենացների» ոճով ընդամենը նկարագրված են «վերահսկողական գործընթացները մետաղական հանքավայրերում առավել արդյունավետ դարձնելու» եղանակներ։

Տեսչականի ստուգումների ցանկի համաձայն՝ 2023-ին, բացի «Բակտեկ էկո»-ից, ստուգում է իրականացվել նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում (կրկին՝ շարունակվել է 2022-ին սկսված ստուգումը)։ Որևէ այլ մետաղական հանքարդյունահանող տեսչականի տեսադաշտում չի եղել։

2022-ի հաշվետվությունում կրկին ընդհանրական տվյալներ են, իսկ մետաղական հանքարդյունահանողներից ՏՄ-ն ստուգումներ իրականացրել է միայն ԶՊՄԿ-ում և սկսել է Ագարակի ՊՄԿ-ի ստուգումը։ Նկատենք, որ հենց 2022-ին է ՀՀ կառավարությունը դարձել ԶՊՄԿ-ի 21․8 %-ի բաժնետեր։

Ստացվում է՝ մետաղական հանքարդյունահանողները վայելում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վստահությունը և հովանին։

Մինչդեռ, նույնիսկ ՀՀ դատախազությունն է իր 2024-ի հաղորդման մեջ փաստել՝ «ընկերությունների կողմից օգտակար հանածոյի արդյունահանման գործընթացում արձանագրված ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների տևական և կոպիտ խախտումները վկայում են ընդերքի ոլորտում ռիսկերի կառավարման և ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ոչ բավարար լինելու մասին»:

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը Factor.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ պետությունը խստորեն հետևում է լիցենզիայով սահմանված պայմանների կատարմանը, իսկ դրանց խախտումների դեպքում կասեցնում կամ հետ է վերցնում լիցենզիան․ «Չշահագործումը կամ լիցենզիայով սահմանված ծավալից ավելի կամ պակաս շահագործործման դեպքում պետությունը կարող է հետ վերցնել լիցենզիան։ Այդպիսի օրինակներ կան, կան նաև դեպքեր, երբ լիցենզիա ստացած կազմակերպությունն ինքն է հրաժարվում դրանից»։

Նկատենք, որ Հայաստանն առնվազն ներկա իրավիճակում չի կարող հրաժարվել հանքերի շահագործումից, քանզի հանքարդյունաբերությունն ապահովում է երկրի արտահանման մոտ 1/3-ը։ Միաժամանակ, սահմանված ծավալներից պակաս հանքերի շահագործումը կնվազեցնի բյուջեի մուտքերը։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի կարծիքով՝ ոլորտի միակ վերահսկողը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է, որը ոչ թե մշտական, այլ պլանային ստուգում է իրականացնում․ «Ռիսկը, բնականաբար, առկա է։ Եթե թույլատրելի շեմից ավելի շատ հանքաքար է հանվում, կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել»։

Ըստ Դուլգարյանի՝ վերջին 20 տարում ոլորտում հեղափոխական բարեփոխումներ չեն եղել, արձանագրվել են դեպքեր, երբ պոչամբարը շատ արագ լցվել է, իսկ դա նշանակում է, որ թեև տվյալ հանքավայրի գործունեությունը նախատեսված էր 10 տարվա համար, բայց 3-4 տարի անց արդեն այդտեղ օգտակար հանածոների արդյունահանումն արդյունավետ չէ․ «Հարց է առաջանում՝ ի սկզբանե պաշարները սխա՞լ էին գնահատված, որ շուտ վերջացան, թե՞ 10 տարվա աշխատանքը 2-3 տարում ավարտեցին։ Գլոբալ խնդիր է, և վերահսկողությունը չպետք է թողնվի միայն 1 մարմնի վրա, որի աշխատակազմը կամ մասնագիտական կարողությունները հնարավոր է նույնիսկ բավարար չլինեն»։

Մինչ կառավարությունը կգա այդ մտքին, որ պետք է խստացնել ընդերք շահագործողների վերահսկողությունը, Հայաստանի մետաղական հանքարդյունաբերությունը շարունակում է աճել։ Սակայն աճող թվերի ետևում թաքնված են ոչ միայն տնտեսական շահույթ, այլև լուրջ ռիսկեր՝ պաշարների արագ սպառում, բնապահպանական վնաս, պետական վերահսկողության թուլացում։ 

Արդյունքում «օդում կախված» մնում է հարցը․ ո՞ւմ ձեռքին է Հայաստանի ընդերքի ճակատագիրը՝ պետությա՞ն, թե՞ մասնավոր շահույթ հետապնդող ընկերությունների։

 

Գայանե Խաչատրյան