Հեղափոխական կոռուպցիան` պոզով ու պոչով. ինչպես հիմնադրամի միլիոնները տալ եղբորն ու մնալ անպատիժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
11.06.2025 | 19:00Հետհեղափոխական Հայաստանում ի՞նչ կարող է պատահել պաշտոնյայի հետ, որն իր իսկ ղեկավարած կառույցին առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառում։ Նրան կարող են դատել, մեղավոր ճանաչել, ազատազրկել 4 տարով, բայց․․․ բայց պատիժը չկիրառել։ Եվ այս ամբողջ ընթացքում նա կարող է շարունակել պաշտոնավարել ու միայն դատավճռից 2 ամիս անց հեռանալ պաշտոնից։ Սա հիպոթետիկ նկարագրություն չէ, այլ իրականություն։
Խոսքը Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն Դավիդ Շանոյանի մասին է:
«Իշխան»-ական հիմնադրամը
Դեռևս 2013 թվականին, Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը, որն էլ իր հերթին ստեղծել է 2 այլ ընկերություններ (ՓԲԸ)՝ «Սևանի իշխան» և «Սևան ակվա»։ Դրանք պետք է զբաղվեին ձկան վերամշակմամբ և կենդանի ձկան արտադրությամբ, իսկ ստացվող շահույթը պետք է ծառայեր բնապահպանական խնդիրներ լուծելու նպատակով։
2018-ի իշխանափոխությունից հետո Պետական վերահսկողական ծառայությունը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել հիմնադրամում և հայտնաբերել 3,3 մլրդ դրամի չարաշահումներ, այդ թվում՝ 8%-ի փոխարեն փաստացի 86% շահույթ ապահոված «ձևական» գնումներ, անարդյունավետ ծախսեր, պաշտոնյաների հանցավոր անգործություն, միլիոնների մսխում, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափում։
Օրինակ՝ 2016 թվականի դեկտեմբերին «Սևան ակվա» ՓԲԸ-ն և ուկրաինական մի ընկերություն, որի անունը Դատախազությունն անգամ մեր հարցմանն ի պատասխան հրաժարվեց հայտնել, կնքել են 319 հազար դոլար արժեքով կատամարանի կառուցման պայմանագիր, բայց վճարումներն իրականացվել են առանց ապրանքն ընդունելու։ Ավելին՝ պայմանագրի գինը համաձայնագրով բարձրացվել, դարձել է 470 հազար դոլար, իսկ մատակարարման ժամկետը 3 անգամ երկարացվել է։ Բացի այդ, կատամարանը Հայաստան տեղափոխելու և լիճ իջեցնելու համար ուկրաինական ընկերությանն անհիմն վճարվել է 110 հազար դոլար, իսկ կատամարանն այդպես էլ չի բերվել Հայաստան։
Բացահայտված խախտումների հիմքով ՀՀ Գլխավոր դատախազությունում 2019 թվականին հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Անցել է ամբողջ 5 տարի, սակայն գործը դեռևս նախաքննության փուլում է, իսկ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա։
Ասել է թե՝ նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած և արդեն հեղափոխությունից հետո ՊՎԾ-ի արձանագրած կոռուպցիոն գործարքների համար մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել։
Նախկիններից անցում կատարենք նոր՝ հեղափոխական ժամանակներ։
ՊՎԾ-ի ստուգումներից ու քրեական գործի հարուցումից հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նոր ղեկավար գտնելու խնդրի առաջ է կանգնել։ Եվ ահա, հոգաբարձուների խորհրդին է ներկայացվել այդ ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի վստահելի կադր, նախարարության գնումների հանձնաժողովի նախագահ Դավիդ Շանոյանի թեկնածությունը։ Նա, սակայն, մինչ ՏԿԵՆ-ում աշխատանքի ընդունվելը, իր նախկին աշխատավայրերում կասկածելի ֆինանսական գործարքներ է իրականացրել, ինչի մասին խորհրդի անդամները տեղեկացվել են, և չնայած այդ փաստին՝ նրա թեկնածությունն ընդունվել է, և Շանոյանը նշանակվել է հիմնադրամի տնօրեն։ Այստեղ արժե հիշեցնել, թե ովքեր էին հոգաբարձուների խորհրդի կազմում․ խորհրդի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան, ֆինանսների և արդարադատության փոխնախարարներ:
Ով էր Շանոյանը՝ մինչ առաջադրումը
Դավիդ Շանոյանը ծնունդով Գավառից է, տարիներ շարունակ աշխատել է ԱԿԲԱ ԲԱՆԿ-ի «Վարդենիս», ապա՝ «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ, եղել է նաև «Հայբիզնեսբանկի» (ներկայում՝ ԱՄԻՕ) «Գավառ» մասնաճյուղի կառավարիչ, իսկ 2021-ին, Գնել Սանոսյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո, աշխատանքի է անցել նախարարությունում՝ որպես ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության ֆինանսական բաժնի փորձագետ։ Ընդ որում, չնայած եղել է ընդամենը փորձագետ, ղեկավարել է նախարարության գնումների գնահատող հանձնաժողովը, եղել է հանձնաժողովի նախագահ։
Այսինքն՝ այս նախարարության ամբողջ գնումներն անցել են նրա «ձեռքի տակով»։
Ի՞նչ կասկածելի ֆինանսական գործարքների մասին էր խոսքը
Factor TV-ն պարզել է, որ Դավիդ Շանոյանը ԱԿԲԱ ԲԱՆԿ-ից, Ինեկոբանկից, ԱՄԻՕ և ՎՏԲ-Հայաստան բանկերից, Կամուրջ և ՄՈԳՈ վարկային կազմակերպություններից, Դավիթ Հարությունյանից, վերցրել է խոշոր գումարներ և չի վերադարձրել՝ ընդհանուր մոտ 102 մլն դրամի չափով։ Նկատենք, որ այդ կազմակերպություններից երկուսում էլ՝ Ակբա և ԱՄԻՕ բանկերում, նա կառավարիչ է եղել։
2024 թվականի մարտին Սնանկության դատարանը Շանոյանին սնանկ է ճանաչել (ՍնԴ/3519/04/23)։ Դա այն ժամանակ, երբ նա ղեկավարում էր «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել հիմնադրամում
Շանոյանը «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել 2022-ի հոկտեմբերի 13-ին և անմիջապես գործի անցել․ ընդամենը 2 ամիս անց՝ դեկտեմբերի 20-ին հարազատ եղբոր՝ Արայիկ Շանոյանի հետ կնքել է փոխառության պայմանագիր և նրան փոխանցել 8,8 մլն դրամ հիմնադրամի բյուջեից։ Ավելի վաղ՝ 2022-ի նոյեմբերին, Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանում ձկնաբուծության զարգացման նպատակով հիմնադրամին փոխանցել էր առաջին դրամաշնորհը՝ 300 մլն դրամ։ Մինչ այդ, նախարարությունը հիմնադրամին նման ֆինանսավորում չէր հատկացրել։ Ավելին՝ հիմնադրամը Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությանն է անցել միայն 2025 թվականից, և հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել շրջակա միջավայրի նախարարը (մինչ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էր)։
2023, 2024 և 2025 թվականներին ՇՄՆ-ն հիմնադրամին հատկացրել է տարեկան մոտ 496 մլն դրամ (ըստ հիմնադրամի հաշվետվությունների՝ տարեկան ևս 8 մլն դրամ հիմնադրամը ստացել է մատուցած կառավարչական ծառայություններից)։ Փաստաթղթերում դա նշվում է որպես հիմնադրամի առողջացմանն ուղղված աջակցություն։ Հենց այդ առողջացման գումարից էլ Շանոյանը եղբորը պարտք է տվել 8,8 մլն դրամը։ Այս պարտքն Արայիկ Շանոյանը պետք է վերադարձներ 6 ամսվա ընթացքում, սակայն չի վերադարձրել։ Արդյունքում Դավիդ Շանոյանը 8,8 մլն դրամը չի ծախսել հիմնադրամի ծրագրով նախատեսված նպատակներով և հիմնադրամի շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։
Ուշագրավ է, որ այս մասին իրավապահները բավականին շուտ են տեղեկացել։ Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՊՎԾ-ն 2019-ից հետո էլ շարունակել է ուսումնասիրել հիմնադրամի գործունեությունը։ Այսինքն՝ այս հանցավոր փոխառության գործարքը, փաստացի, կատարվել է վերահսկողների աչքի առաջ։ Դավիդ Շանոյանը շարունակել է պաշտոնավարել։
Դատախազությունն այս դրվագով գործը դատարան է ուղարկել միայն մոտ 1,5 տարի անց՝ 2024 թվականի ապրիլի 5-ին։ Ընդ որում՝ դատարանն անփոփոխ է թողել 2024-ի մարտին քննիչի կայացրած որոշումը՝ կասեցնել Շանոյանի պաշտոնավարումը։
Չնայած պաշտոնավարման կասեցմանը՝ Շանոյանը շարունակել է ղեկավարել հիմնադրամը և հրաժարականի դիմում չի ներկայացրել։ Ապրիլի 26-ին դատարանը մեղավոր է ճանաչել Դավիդ Շանոյանին պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու համար, ինչը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս (ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ): Գործը քննվել է համաձայնեցման վարույթով, այսինքն՝ Շանոյանն ընդունել է մեղքը և դատախազի հետ բանակցել իր պատժաչափի վերաբերյալ։ Նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է ազատազրկում՝ 4 տարի ժամկետով, նաև 5 տարով արգելվել է պաշտոն զբաղեցնել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ում։ Միաժամանակ, սակայն, որոշվել է ազատազրկումը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:
Եվ կրկին, չնայած կասեցման որոշմանը, Դավիդ Շանոյանը շարունակել է պաշտոնավարել։ 2024-ի մայիսին նա շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ մասնակցել է Սևանի իշխանի մանրաձկան բացթողնման գործողությանը։ Մինչդեռ, շեշտենք, որ նրա պաշտոնավարման կասեցումը դատարանն անփոփոխ էր թողել։ Փաստորեն, դատարանի որոշումը ևս այս մասով չի կատարվել։
2024-ի հունիսի 30-ին էլ Շանոյանը դեռևս պաշտոնավարել է․ նա է ստորագրել հիմնադրամի հաշվետվությունը։
Մեղավոր ճանաչվելուց միայն ամիսներ անց՝ 2024-ի հուլիսի 11-ին, ինչպես Factor TV-ին հավաստիացրել են Շրջակա միջավայրի նախարարությունից, Շանոյանն ազատվել է աշխատանքից։ Որոշումը կայացվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Հիմնադրամին պատճառված 8,8 մլն դրամ վնասը Դավիդ Շանոյանը փոխհատուցել է ու․․․ գնացել տուն։
Չնայած նախարարության հավաստիացումներին, թե Շանոյանն ազատվել է պաշտոնից ու գործադիր տնօրենի պարտականությունները ներկայում կատարում է այլ անձ՝ Մուշեղ Մանասյանը, պետական ռեգիստրում Շանոյանը մինչ օրս գրանցված է որպես հիմնադրամի տնօրեն։

Factor TV-ն գրավոր հարցմամբ թե՛ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանից, թե՛ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ և ինչպե՞ս է Շանոյանն այդքան ժամանակ շարունակել պաշտոնավարել։ Թե՛ Խաչատրյանը, թե՛ Սիմիդյանը հարկ չեն համարել պատասխանել մեր այս հարցին։
Ստացվում է՝ հեղափոխական իշխանության վերնախավի մտերիմները նշանակվում են ղեկավար պաշտոնների, սեփական հայեցողությամբ, ոչ նպատակային օգտագործում պետական փողերը, բացահայտվելուց հետո դեռ տևական ժամանակ շարունակում են պաշտոնավարել ու դատարանում մեղավոր ճանաչվելուց հետո էլ հանգիստ վայելում են կյանքը։
Գայանե Խաչատրյան