Սիրիայում 2012թ․ ԱՄՆ դեսպանատան փակումից ի վեր առաջին անգամ բարձրացվել է ամերիկյան դրոշը
Քաղաքականություն
29.05.2025 | 21:19
Սիրիայի հարցով ԱՄՆ նորանշանակ դեսպան Թոմաս Բարաքը Դամասկոս կատարած առաջին այցի ժամանակ հայտարարել է՝ հավատում է, որ Սիրիայի և Իսրայելի միջև խաղաղությունը հնարավոր է՝ գովաբանելով իսլամիստների գլխավորած կառավարությանը և ասելով, որ այն պատրաստ է երկխոսության, գրում է Reuters-ը։
Թոմաս Բարաքը 2012 թվականին ԱՄՆ դեսպանատան փակվելուց ի վեր առաջին անգամ բարձրացրել է ամերիկյան դրոշը դեսպանի նստավայրում՝ ընդգծելով Վաշինգտոնի և Դամասկոսի կապերի արագ ընդլայնումը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների չեղարկման անսպասելի հայտարարությունից և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումից հետո։
«Սիրիան և Իսրայելը լուծելի խնդիր են։ Բայց ամեն ինչ սկսվում է երկխոսությունից։ Ես կասեի, որ մենք պետք է սկսենք պարզապես չհարձակվելու մասին համաձայնագրից, խոսենք սահմանների մասին»,- Դամասկոսում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Բարաքը։
Նա նաև նշել է, որ Սիրիան այլևս չի համարվի ահաբեկչության հովանավոր պետություն Միացյալ Նահանգների կողմից՝ ասելով, որ այդ հարցը «լուծվել է Ասադի ռեժիմի տապալմամբ», բայց Կոնգրեսն ունի վեցամսյա վերանայման ժամանակահատված։
«Ամերիկայի մտադրությունը և նախագահի տեսլականն այն է, որ մենք պետք է հնարավորություն տանք այս երիտասարդ կառավարությանը՝ չմիջամտելով, չպահանջելով, չառաջադրելով պայմաններ, չպարտադրելով մեր մշակույթը ձեր մշակույթին»,- նշել է նա։
Ըստ հրապարակման՝ Սիրիայի ժամանակավոր նախագահ Շարաան, որը նախկինում եղել է «Ալ-Քաիդայի» հրամանատար, արագորեն վերաուղղորդում է երկիրը, որն Ասադների ընտանիքի ավելի քան հինգ տասնամյակների կառավարման ընթացքում անկայուն կապեր ուներ Արևմուտքի հետ և սերտ հարաբերություններ՝ Իրանի և Ռուսաստանի հետ։ Սիրիան երկար ժամանակ եղել է արաբա-իսրայելական հակամարտության առաջնագծի պետություն, որտեղ Իսրայելը 1967 թվականի պատերազմից ի վեր գրավել է սիրիական Գոլանի բարձունքները: Դեկտեմբերին Բաշար Ասադի տապալումից հետո Իսրայելը գրավել է սահմանային գոտում գտնվող ավելի շատ սիրիական տարածքներ՝ վկայակոչելով Սիրիայի նոր կառավարիչների ջիհադիստական արմատների վերաբերյալ մտահոգությունները։
Reuters-ը գրել է, որ իսրայելցի և սիրիացի պաշտոնյաներն անմիջական կապի մեջ են եղել՝ անցկացնելով դեմ առ դեմ հանդիպումներ, որոնք նպատակ ունեին հանդարտեցնել լարվածությունը և կանխել սահմանային շրջանում հակամարտությունը։
Այս ամսվա սկզբին Ռիադում հանդիպման ժամանակ Թրամփը կոչ էր արել Շարաային կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ։
Բարաքը, որը նաև ԱՄՆ դեսպանն է Թուրքիայում, նշանակվել է Սիրիայում ԱՄՆ դեսպան մայիսի 23-ին։ Նա նշել է, որ Սիրիան գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ 1979 թվականից։ Ամենախիստ պատժամիջոցներից մի քանիսը սահմանվել են 2020 թվականին, այսպես կոչված, «Կեսարի ակտի» համաձայն, որը, ըստ Բարաքի, պետք է չեղյալ հայտարարվի Կոնգրեսի կողմից 180 օրվա ընթացքում։
ԱՄՆ-ն փակել է իր դեսպանատունը Դամասկոսում 2012 թվականի փետրվարին՝ գրեթե մեկ տարի անց այն բանից հետո, երբ Ասադի դեմ բողոքի ցույցերը վերածվեցին բռնի հակամարտության, որը շարունակեց ավերել Սիրիան ավելի քան մեկ տասնամյակ։ Այն ժամանակվա դեսպան Ռոբերտ Ֆորդը դուրս էր բերվել Սիրիայից դեսպանատան փակվելուց կարճ ժամանակ առաջ։ Հետագայում Սիրիայի հարցերով ԱՄՆ դեսպանները գործել են արտասահմանից և չեն այցելել Դամասկոս։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախատեսում է չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի