Վերականգնել աշխատանքից ազատված քաղաքացիներին իրենց աշխատանքում․ քաղհասարակությունը՝ ԶՊՄԿ-ի հայցի մասին
Հասարակություն
29.05.2025 | 17:02
Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու աշխատանքային խմբի քաղհասարակության խմբակցությունը հայտարարություն է տարածել ԶՊՄԿ կողմից իր նախկին աշխատակիցների դեմ դատական հայցի վերաբերյալ։
Հայտարարությունը՝ ստորև․
«2025 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի 10-ը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ աշխատակիցներն իրականացրել են գործադուլ` պահանջելով աշխատանքային, բնապահպանական, առողջապահական ապահովագրության պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում։
Այդ ընթացքում կոմբինատի արտադրական աշխատանքները դադարեցվել էին։
Համաձայն մամուլում առկա տեղեկատվության, գործադուլավորների և կոմբինատի տնօրենության միջև որոշակի բանակցություններից հետո, որին մասնակից էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, և ըստ մամուլում առկա տեղեկատվության հենց նրանց նախաձեռնությամբ գործադուլն ավարտվեց և ԶՊՄԿ-ն վերսկսեց իր աշխատանքները։
Դեռևս գործադուլի ընթացքում կոմբինատն ազատել էր աշխատանքից գործադուլի 8 մասնակիցների։ Գործադուլի ավարտից հետո, աշխատանքից ազատված և գործադուլին մասնակցած քաղաքացիները դիմել են դատարան՝ աշխատանքում վերականգնվելու պահանջով։
Այդ ընթացքում տեղեկանում ենք, որ ԶՊՄԿ-ն 4 758 480 000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի պահանջով դիմել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ 2025թ․հունվարի 31-ից փետրվարի 11-ը գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված 8 քաղաքացիների, և դատարանի որոշմամբ արգելանք է դրվել այդ քաղաքացիների գույքի վրա։
Այս քաղաքացիները հայտնվել են մի իրավիճակում, որտեղ խախտվել են նրանց սահմանադրական իրավունքները։
Արձանագրում ենք, որ պարզ է, որ ընկերության կողմից 8 շարքային քաղաքացիներից պահանջված գումարը քաղաքացիները չեն կարող վճարել։ Ըստ այդմ՝ հասարակությունը իրավունք ունի այս երևույթը վերագրել այդ քաղաքացիների տնտեսական կենսունակությունը ոչնչացնելու և նրանց սնանկացնելու ձգտման, ինչը վատ օրինակ կհանդիսանա մյուսների համար՝ ապագայում լռելու և իրենց կարծիքը չբարձրաձայնելու համար։
Այսպիսի երևույթը միջազգային պրակտիկայում համարվում է ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության (strategic lawsuit against public participation – SLAPP): Այն կիրառվում է հատկապես բռնապետական հասարակություններում և դատապարտվում է ժողովրդավարական պետությունների, միջազգային ժողովրդավարական ինստիտուտների, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդն ունեն ընդունված դիրեկտիվներ և ռեկոմենդացիաներ և առաջարկում են գործընկեր և անդամ պետություններին մշակել SLAPP գործընթացներին դիմակայելու օրենսդրություն (ԵՄ դիրեկտիվներ, ԵԽ ռեկոմենդացիաներ)։
Այս պարագայում, Հայաստանում SLAPP գործընթացների շարունակական զարգացումը չի տեղավորվում Հայաստան-ԵՄ համափարփակ և ընդլայված գործընկերության մասին համաձայնագրի տրամաբանության մեջ և խոչընդոտ է ՀՀ-ի՝ Եվրոմիության հետ արդեն օրենքի մակարդակով ամրագրված մերձեցման և ինտեգրման ձգտումներին։
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ստանդարտը սահմանում է թափանցիկությանն ուղղված երկխոսություն հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների և համայնքների ու քաղաքացիների միջև, մինչդեռ ստեղծված իրավիճակը հակասում է ԱՃԹՆ ստանդարտին ու սկզբունքներին և ստվեր է գցում ՀՀ ԱՃԹՆ գործընթացի վրա, որը մինչ այժմ բարձր գնահատական է ստացել ԱՃԹՆ միջազգային քարտուղարության կողմից։
Գործադուլը, որը տեղի ունեցավ Սյունիքում, հնարավոր է՝ հենց առողջ երկխոսության բացակայության արդյունքն է, որի մասին խոսում էին գործադուլավորները գործադուլի օրերին: Արհմիությունները հայաստանյան իրականության մեջ բավարար կայացած չեն, որպեսզի ժամանակին արձագանքեն ստեղծված իրավիճակին և հանդիսանան երկխոսության հետևողական հարթակներ։
ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղհասարակության խմբակցությունն անընդունելի է համարում ԶՊՄԿ նախկին աշխատակիցների նկատմամբ 4 758 480 000 ՀՀ դրամի պահանջի ներկայացումը, և առհասարակ քաղաքացիների աշխատանքային, սոցիալական, բնապահպանական կամ այլ իրավունքների նկատմամբ որևէ անհամաչափ սահմանափակում:
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ որպես ԶՊՄԿ համասեփականատեր՝
-ապահովել, որպեսզի կոմբինատի աշխատողների նկատմամբ ներկայացված հայցադիմումը հետ վերցվի,
լիարժեք լուծում տալ,
-ԶՊՄԿ գործադուլի մասնակիցների կողմից բարձրաձայնված հարցերին և այդ մասին ներկայացնել հանրային հաշվետվություն,
-վերականգնել աշխատանքից ազատված քաղաքացիներին իրենց աշխատանքում
Պահանջում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում այս հարցի շուրջ հրավիրվի ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ հերթական նիստ:
ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղհասարակության խմբակցության անդամ,
Օլեգ Դուլգարյան
ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղհասարակության խմբակցության անդամ
Անահիտ Սիմոնյան
ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղհասարակության խմբակցության անդամ
Նազելի Վարդանյան
ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղհասարակության խմբակցության անդամ
Վիկտորյա Բուռնազյան
ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղհասարակության խմբակցության այլընտրանքային անդամ Սոնա Այվազյան
Նշենք, որ թեմային անդրադարձել էր Factor TV-ին ու կապ էր հաստատել ԶՊՄԿ ՓԲԸ-ի հետ։ Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանի գնահատմամբ՝ աշխատակիցների գործողություններն ապօրինի են եղել, ուստի պետք է իրավական հետևանք ունենային. «Հունվար-փետրվար ամիսներին ԶՊՄԿ-ում ավելի քան 10 օր դադարեցվել էին աշխատանքները՝ մի խումբ մարդկանց ապօրինի գործողությունների արդյունքում։ Գրանցվել են և՛ սաբոտաժի դեպքեր, և՛ ապօրինի կերպով խոչընդոտվել է իրենց օրինական աշխատանքին վերադառնալու ցանկություն ունեցող հարյուրավոր աշխատակիցների իրավունքը, տեղի են ունեցել այլ՝ ոչ իրավաչափ գործողություններ։ Արդյունքում՝ զգալի տնտեսական վնասներ են կրել թե՛ պետությունը, թե՛ ընկերությունը և նրա հարյուրավոր աշխատակիցներ, բազմաթիվ կապալառուներ և այլ շահագրգիռ կողմեր։ Նման գործողությունները պետք է ունենան իրավական հետևանքներ և դրանց պատասխանատուներին օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչելը կոչված է պաշտպանելու ընկերության հազարավոր աշխատակիցների և շահագրգիռ կողմերի շահերը։ Սա իրավական գործընթաց է, որի օրինաչափությունը պետք է որոշի դատարանը, ինչպես ցանկացած իրավական, ժողովրդավարական երկրում»։
Մինչդեռ փաստաբան Հրայր Խաչատրյանը նշել էր․ «Որևէ գործողություն չէր կարող ԶՊՄԿ ՓԲԸ-ին վնասներ պատճառել, քանի որ կոմբինատն ունեցել է նաև գործադուլին չմասնակցած հազարավոր աշխատակիցներ, որոնք հնարավորություն են ունեցել ապահովել ընկերության բնականոն աշխատանքը, մինչդեռ այդ ամենը կարծես թե դիտմամբ չի համակարգվել և արդյունքում, ընկերությունը նշում է, թե գործադուլի պատճառով է վնասներ կրել։ Նշվածը չի համապատասխանում իրականությանը, հետևաբար ստացվում է՝ ԶՊՄԿ-ի հազարավոր աշխատողների խնդիրները բարձրաձայնած, հազարավոր աշխատողների շահերն ու իրավունքներն իրենց խաղաղ գործողություններով գործադուլին միացած ութ աշխատակիցների նկատմամբ շարունակվում է ոչ միայն անհիմն հետապնդումը, այլև առկա է խտրական մոտեցում և ենթադրյալ վնասներ հատուցելու հարցում թիրախավորում։ Առկա է իրավիճակ, որ ԶՊՄԿ-ն փնտրում է մեղավոր անձանց այնտեղ, որտեղ մեղավորներ չկան»։