4.7 մլրդ դրամի հայց՝ ընդդեմ նախկին աշխատակիցների. ԶՊՄԿ-ի հայցի հետևանքով արգելանք է դրվել 8 հոգու գույքի վրա
Հասարակություն
26.05.2025 | 19:02
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժենտիրական ընկերությունը 4 մլրդ 758 մլն 480 հազար դրամի պահանջով դիմել է դատարան ընդդեմ այս տարեսկզբին գործադուլի մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված իր 8 աշխատակիցների։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հրայր Խաչատրյանը։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից ծանոթացանք ԶՊՄԿ-ի կողմից ներկայացված հայցային պահանջին, ըստ որի ընկերությունը պահանջում է նախկին 8 աշխատակիցներից հօգուտ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել 4,758,480,000 ՀՀ դրամ՝ որպես ընկերությանը պատճառված վնասի գումար.
«Բռնագանձել նաև 25 մլն ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումար՝ 2,5 մլն ՀՀ դրամի չափով»,- նշվում է հայցի պահանջում։
Ավելին, դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակներում արգելանք է դրվել դատական գործով պատասխանող կողմ հանդիսացող գործարանի 8 նախկին աշխատակիցների սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա։ Թեև «Դատալեքս»-ում չկա ԶՊՄԿ-ի կողմից ներկայացված ամբողջ հայցի բովանդակությունը, սակայն, ըստ ամենայնի, կոմբինատն այդքան է գնահատել գործադուլի հետևանքով չաշխատելու օրերի ընթացքում ԶՊՄԿ-ի կրած վնասը։ Այնինչ, Հրայր Խաչատրյանը նշում է՝ գործարանը կարող էր աշխատել.
«Որևէ գործողություն չէր կարող ԶՊՄԿ ՓԲԸ-ին վնասներ պատճառել, քանի որ կոմբինատն ունեցել է նաև գործադուլին չմասնակցած հազարավոր աշխատակիցներ, որոնք հնարավորություն են ունեցել ապահովել ընկերության բնականոն աշխատանքը, մինչդեռ այդ ամենը կարծես թե դիտմամբ չի համակարգվել և արդյունքում, ընկերությունը նշում է, թե գործադուլի պատճառով է վնասներ կրել։ Նշվածը չի համապատասխանում իրականությանը, հետևաբար ստացվում է՝ ԶՊՄԿ-ի հազարավոր աշխատողների խնդիրները բարձրաձայնած, հազարավոր աշխատողների շահերն ու իրավունքներն իրենց խաղաղ գործողություններով գործադուլին միացած ութ աշխատակիցների նկատմամբ շարունակվում է ոչ միայն անհիմն հետապնդումը, այլև առկա է խտրական մոտեցում և ենթադրյալ վնասներ հատուցելու հարցում թիրախավորում։ Առկա է իրավիճակ, որ ԶՊՄԿ-ն փնտրում է մեղավոր անձանց այնտեղ, որտեղ մեղավորներ չկան»,- նշում է Խաչատրյանը։
ԶՊՄԿ-ում իրավիճակը սրվել էր այս տարեսկզբին. 2025 թվականի հունվարի 31-ին գործարանի աշխատակիցների գրեթե կեսը գործադուլ հայտարարեց, նրանց հիմնական պահանջներն էին՝ «աշխատավարձերի բարձրացում, աշխատանքի պայմանների բարելավում, որպեսզի յուրաքանչյուր աշխատող ունենա անվտանգ ու մարդկային պայմաններով և արժանապատիվ աշխատանք ու աշխատանքի պայմաններ, ապահովագրության պայմանների բարելավում, որպեսզի ապահովագրական ընկերությունը փոխվի և ապահովագրության հետ կապված պայմանները վերանայվեն»։ Ըստ գործադուլ հայտարարած աշխատակիցների փաստաբանի՝ պահանջների մասին մի քանի անգամ պատշաճ կերպով իրազեկվել է ԶՊՄԿ-ի ղեկավարությունը.
«Այս մասին պարբերաբար բարձրաձայնվել է աշխատակիցների կողմից և նշվել՝ պահանջների կատարման վերջնաժամկետը հունվարի 31-ն է լինելու, եթե մինչ այդ որևէ լուծում չտան, գործադուլը սկսվելու է։ Այդ օրը բանակցություններ են տեղի ունեցել, սակայն, քանի որ գործատուն չի ընդառաջել, աշխատակիցները հայտարարեցին՝ սկսվում է գործադուլը։ Օրեր շարունակ գործադուլավորները խաղաղ ակցիա են իրականացրել ԶՊՄԿ-ի հարակից տարածքում, ավելին փետրվարի 2-ից սկսած 4500 աշխատակիցներից 2448 հոգի քվեարկության է մասնակցել և ստորագրել՝ հավաստելով, որ իրենք գործադուլավոր են և պնդում են իրենց պահանջները։ Գործադուլի ողջ ընթացքում ԶՊՄԿ-ն ճնշող հայտարարություններ է հրապարակել, անընդհատ հայտնել, թե դրանք անկարգություններ են, այնինչ բողոքի ակցիան խաղաղ է եղել։
Ակցիայի օրերին մի քանի ավտոբուս կարմիր բերետավորներ, պարեկներ և ոստիկաններ բերվեցին ԶՊՄԿ-ի տարածք, սակայն կրկին որևէ անօրինական գործողություն տեղի չունեցավ։ ԶՊՄԿ-ն սակայն, հաղորդումներ ներկայացրեց, թե անկարգություններ են տեղի ունենում, արգելապատնեշներ են տեղադրվում, չենք կարողանում կոմբինատն աշխատացնել և այլն։ Այնինչ, իրենք անգործության մատնեցին ԶՊՄԿ-ն»,- նշում է Հրայր Խաչատրյանը։
Փետրվարի 9-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին հարցազրույց տվեց՝ պնդելով, թե տեղյակ չի եղել, որ աշխատակիցները նման խնդիրներ ունեն, ավելին՝ դեռևս 2024-ի սեպտեմբերից սկսած հրահանգներ է տվել աշխատավարձերի բարձրացման մասին և խոստովանել՝ կան խնդիրներ։ Խուդոլիի հարցազրույցից հետո գործադուլը դադարեցվեց, սակայն 8 աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից։ Խաչատրյանի խոսքով՝ հետագայում հաշտեցման գործողություններ սկսվեցին կողմերի միջև.
«Պայմանավորվել էինք, որ աշխատավարձի 12-ապատիկ գումար կտրվի աշխատակիցներին և հայցերից կհրաժարվենք, այնինչ այդ ընթացքում արդեն իսկ 4.7 մլրդ-ի հայց է ներկայացրած եղել դատարան ընդդեմ աշխատակիցների։ Մայիսի 14-ի առավոտյան ԶՊՄԿ-ի ներկայացուցիչն ինձ հայտնել է, որ բանակցություններ չկան, մենք պահանջում ենք այդ 4.7 մլրդ-ը։ Հիմա ունենք այն իրավիճակը, որ Քննչական կոմիտեում վարույթն ընթանում է, իսկ հեռացված 8 աշխատակիցների նկատմամբ էլ հայց է ներկայացվել խոշոր գումարի պահանջով։ Ընդ որում՝ այս 8 աշխատակիցներից 3-ը գործադուլի ժամանակ գտնվել են արձակուրդում»։
Առաջ քաշված մի շարք հարցերի պարզաբանման համար Factor TV-ն կապ հաստատեց նաև ԶՊՄԿ ՓԲԸ-ի հետ։ Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանի գնահատմամբ՝ աշխատակիցների գործողություններն ապօրինի են եղել, ուստի պետք է իրավական հետևանք ունենային.
«Հունվար-փետրվար ամիսներին ԶՊՄԿ-ում ավելի քան 10 օր դադարեցվել էին աշխատանքները՝ մի խումբ մարդկանց ապօրինի գործողությունների արդյունքում։ Գրանցվել են և’ սաբոտաժի դեպքեր, և’ ապօրինի կերպով խոչընդոտվել է իրենց օրինական աշխատանքին վերադառնալու ցանկություն ունեցող հարյուրավոր աշխատակիցների իրավունքը, տեղի են ունեցել այլ՝ ոչ իրավաչափ գործողություններ։ Արդյունքում՝ զգալի տնտեսական վնասներ են կրել թե՛ պետությունը, թե՛ ընկերությունը և նրա հարյուրավոր աշխատակիցներ, բազմաթիվ կապալառուներ և այլ շահագրգիռ կողմեր։ Նման գործողությունները պետք է ունենան իրավական հետևանքներ և դրանց պատասխանատուներին օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչելը կոչված է պաշտպանելու ընկերության հազարավոր աշխատակիցների և շահագրգիռ կողմերի շահերը։ Սա իրավական գործընթաց է, որի օրինաչափությունը պետք է որոշի դատարանը, ինչպես ցանկացած իրավական, ժողովրդավարական երկրում»։
Ռոզա Վարդանյան