Ռուբեն Վարդանյանի դեմ մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են. նրան մեղադրում են հայ լինելու մեջ. Սիրանուշ Սահակյան

Լուրեր

24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի վերաբերյալ, որտեղ մասնավորապես նշվում է հետևյալը․

«Որպես իրավապաշտպան և Ռուբեն Վարդանյանի ընտանիքի ներկայացուցիչ, ինչպես նաև նրա միջազգային իրավական թիմի անդամ, հայտարարում եմ, որ Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրանքի մի մասը (200-ից ավելի էջ) դիտարկելուց հետո պարզ է դառնում, որ նրա դեմ մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են, իրավական հիմք չունեն և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու արդար ադատաքննության սկզբունքները։

Փաստաթղթում առանձնանում են մի քանի կարևոր կետեր.

Առաջին, հակառակ հիմնարար իրավական սկզբունքների՝ մեղադրանքը փաստորեն Ռուբեն Վարդանյանի հայկական ինքնությունը դիտարկում է որպես քրեական պատասխանատվության հիմք: Մեղադրանքների շրջանակը ենթադրում է, որ ազգային ծագումը բացառապես ծառայում է որպես մեղքի հիմնական ապացույց: Սա խաթարում է ժամանակակից արդարադատության համակարգի հենքը՝ nullum crimen sine lege («չկա հանցանք առանց օրենքի») սկզբունքը և անհատական քրեական պատասխանատվության պահանջը:

Երկրորդ, մեղադրական եզրակացությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ), որտեղ ապրում էր մոտ 150.000 հայ, որակում է որպես հանցավոր կազմակերպություն: Սա հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Մեղադրանքում այս իրավունքը թյուր կերպով մեկնաբանվում է որպես ատելության հրահրում: Փաստաթուղթն այսպիսով հետադարձ կերպով քրեականացնում է քաղաքական միավորը, որը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում: Ավելին, Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է համարվում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա՝ ԼՂՀ ժամանելուց մինչև 30 տարի առաջ:

Երրորդ, Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ, որը հիմք է հանդիսացել 2023 թվականի սեպտեմբերի 27-ի նրա ձերբակալության համար: Այնուամենայնիվ, այդ ժամանակ Լաչինի միջանցքը գտնվում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ավելին, Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնառել էր երաշխավորել միջանցքով տեղաշարժման ազատությունը: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը նույնպես հաստատել է այս իրավունքը. 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին այն հրապարակել է պարտադիր որոշումներ, որոնք հաստատում են Լաչինի միջանցքով երկկողմանի ուղղությամբ մարդկանց, մեքենաների և ապրանքների անարգել տեղաշարժման անհրաժեշտությունը: Նմանատիպ որոշումներ է կայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Այսպիսով, Ռուբեն Վարդանյանի ձերբակալության համար իրավական հիմքեր չկան: Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշտապես դիտարկվել է որպես վիճելի տարածք, մինչդեռ մեղադրական եզրակացությամբ միջազգային վեճի առարկան՝ տարածքի իրավական կարգավիճակը և կիրառելի սահմանային ռեժիմը, դիտարկվում է որպես հաստատված փաստ։

Այդպիսով, դատախազությունը թույլ է տալիս petitio principii տրամաբանական սխալը՝ որպես ապացույց օգտագործելով այն պնդումը, որն ինքն է պահանջում իրավական պարզաբանում:

Վերջապես, մեղադրական եզրակացությամբ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը համահիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները աշխարհի խոցելի բնակչությանն օգնելու համար, ներկայացվում է որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպություն: Այս մեղադրանքը բացահայտ անհիմն է՝ հաշվի առնելով, որ «Ավրորան» միջազգայնորեն ճանաչված է որպես հարգված մարդասիրական նախաձեռնություն, որն օգնություն է տրամադրում աշխարհում տարբեր ճգնաժամերից տուժած անձանց: Այս տրամաբանության համաձայն՝ փախստականներին և հակամարտություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնությունը դիտարկվում է որպես հանցավոր գործունեություն:

Ամփոփելով՝ մեղադրական եզրակացությունը ոչ միայն քաղաքական դրդապատճառներ ունի, այլև խորապես աղավաղում է իրավական հիմնարար սկզբունքները և ստեղծում է վտանգավոր նախադեպ։

Սա առանձին դեպք չէ։ Բաքվում ներկայումս անազատության մեջ պահվող յոթ հայեր արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկման՝ քաղաքական դրդապատճառներով և իրավաբանորեն չհիմնավորված մեղադրանքներով, ինչը արդարադատության և պատշաճ դատավարության միջազգայնորեն ճանաչված չափանիշների նկատմամբ ակնհայտ ոտնձգություն է։ Մնացած տասնվեցին ևս սպասվում է նույն ճակատագիրը:

Կից ներկայացվում է մեղադրական եզրակացությունից մի հատված, որը հստակ ցույց է տալիս մեղադրանքների անհեթեթությունը, դրանց առաջադրման քաղաքական դրդապատճառները և դրա իրավական անվավերությունը:  https://freevardanyan.com/files/Obvinitelnoe-zakluchenie.pdf»։