Եվրախորհրդարանը ընդունել է զեկույց՝ Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը պետք է սառեցված մնա

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

Եվրախորհրդարանը նախօրեին ընդունել է Թուրքիայի հասցեին սուր քննադատությամբ լի զեկույց, որում կոչ է արվում Անկարային լիովին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պարտադիր որոշումները և զգուշացվում, որ երկրի «ավտորիտար հակումը» լարվածություն է ստեղծում ԵՄ-ին անդամակցելու՝ արդեն իսկ սառեցված բանակցությունների համատեքստում։

Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի կողմից գրված 27 էջանոց զեկույցը Ստրասբուրգում կայացած ամենշաբաթյա լիագումար նիստում ընդունվել է 367 կողմ, 74 դեմ և 188 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հաստատումից հետո զեկույցը կուղարկվի Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին և Թուրքիայի կառավարությանը: Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծում են, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևորությունը չի կարող փոխհատուցել կառավարության նահանջը ժողովրդավարական սկզբունքներից, իսկ ԵՄ անդամակցության չափանիշները բանակցելի չեն։

Ներկայիս պայմաններում, չնայած թուրքական հասարակության մեծ մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին, Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել։ Այս մասին ասվում է ընդունված զեկույցում՝ նշմամբ, որ Թուրքիայի կառավարությունը չի կարողացել լուծել հիմնարար ժողովրդավարական թերությունները։

Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և ընդդիմախոսների ​ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտել  են վերջին խաղաղ զանգվածային բողոքի ցույցերի դաժան ճնշումը և հարյուրավոր ցուցարարների հետապնդումը։ Եվրախորհրդարանի պատգամավորները նաև համարում են, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարձակումները քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլ են, որոնց նպատակն է կանխել նրա առաջադրումը առաջիկա ընտրություններում։ Այս գործողություններով Թուրքիայի ներկայիս իշխանությունները երկիրը մղում են դեպի լիովին ավտորիտար մոդել։

Զեկույցում ասվում է, որ ԵՄ անդամակցությունը կախված է անդամակցության որոշակի չափանիշների բավարարումից, ինչպիսիք են կայուն ինստիտուտները, որոնք երաշխավորում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, փոքրամասնությունների հարգանքն ու պաշտպանությունը, բարիդրացիական հարաբերությունները, միջազգային իրավունքի պահպանումը և ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը համապատասխանությունը: Դրանք բացարձակ չափանիշներ են, այլ ոչ թե գործարքային ռազմավարական նկատառումների կամ բանակցությունների առարկա։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև դատապարտում են Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջերս Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքներ կատարած անօրինական այցը և նրա «սադրիչ հայտարարությունները»՝ որպես միակողմանի գործողություններ, հավասարազոր են Կիպրոսի հույն և թուրք համայնքների շահերի դեմ ուղղակի անօրինական միջամտության։ Նրանք ընդգծում են, որ թուրքական հասարակության մեծամասնության, մասնավորապես՝ թուրք երիտասարդության ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումները Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը պահպանելու հիմնական պատճառն են, նույնիսկ եթե այն սառեցված է։

Պատգամավորները ճանաչում են Թուրքիայի ռազմավարական և աշխարհաքաղաքական կարևորությունը, ինչպես նաև նրա աճող ներկայությունն ու ազդեցությունը միջազգային անվտանգության համար կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են Սևծովյան տարածաշրջանը, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը: Թուրքիան ռազմավարական գործընկեր է և ՆԱՏՕ-ի դաշնակից: Այն նաև մի երկիր է, որի հետ ԵՄ-ն սերտ հարաբերություններ ունի անվտանգության, առևտրի, տնտեսության և միգրացիայի ոլորտներում։ Հետևաբար, կարևոր է պահպանել կառուցողական երկխոսությունը և խորացնել համագործակցությունը փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է զեկույցի ընդունմանը՝ նշելով, որ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված «Թուրքիայի մասին» 2023-2024 թվականների զեկույցը պարունակում է Անկարայի դեմ ուղղված աղավաղված, կողմնակալ և անհիմն մեղադրանքներ։

«Մենք մերժում ենք ահաբեկչական կազմակերպություններին քարոզչական հիմք տրամադրող հաստատության և հակաթուրքական տրամադրությունները իրենց գոյության իմաստը դարձրած խմբավորումների անհիմն գնահատականները մեր երկրում քաղաքական դինամիկայի, մեր արտաքին քաղաքականության և մեր նախագահի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն այցի վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։

Առաջիկա ժամանակահատվածում  Անկարան ակնկալում է, որ Եվրախորհրդարանը «կկատարի իր պարտականությունները»՝ ապահովելու, որ հարաբերությունները ԵՄ-ի հետ, այդ թվում՝ Թուրքիայի անդամակցության գործընթացը, «շարունակվեն փոխադարձ շահի հիման վրա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի