Եվրոպան տեսնում է Ադրբեջանի նավթի և գազի հորերը, բայց անտեսում է ՀՀ ժողովրդավարությունը․ Politico-ն՝ Կալլասի Բաքու այցի մասին

Լուրեր

05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
Բոլորը

Ապրիլի 24-ին աշխարհի հայերը հարգանքի տուրք են մատուցում 1915 թվականի ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն հոգիների հիշատակին։ Այնուամենայնիվ, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հենց հաջորդ օրը ընտրեց Ադրբեջան այցելելու համար՝ ակնհայտորեն ո՛չ հարևան Հայաստան՝ տարածաշրջանային շրջագայության շրջանակում։ Ի՞նչ ուղերձ է հղվում, երբ Եվրոպայի բարձրաստիճան դիվանագետը Բաքվում ժպտում է տեսախցիկների առջև, մինչդեռ Հայաստանի քաղաքացիները Երևանում ծաղկեպսակներ են դնում զոհերի հիշատակին։ Ինչո՞ւ է Կալլասն աջակցում Ադրբեջանին այդքան զգայուն ամսաթվով։ Այս մասին ասվում է Politico-ի հոդվածում, որի հեղինակը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Հայաստանի հարցերով խորհրդարանական բոլոր կուսակցությունների խմբի փոխնախագահ Լորդ Մարկ ՄաքԻնեսն է։ 

Նշվում է, որ անհարմար պատասխանը կապված է էներգետիկ քաղաքականության հետ։

Եվրոպացի խորհրդարանականները շտապել են իրենց դժգոհությունն արտահայտել Կալլասի այցի վերաբերյալ։

«Դուք այցելում եք Բաքվի ավտորիտար ռեժիմին և խուսափում եք Երևանում ժողովրդավարությունից։ Մինչդեռ Ադրբեջանը մերժում է մեր արժեքները, իսկ Հայաստանը մոտենում է Եվրամիությանը»,- գրել է Բունդեսթագի նախկին անդամ Միխայել Ռոթը։

«Սկանդալային էր իմանալ, որ ԵՄ գերագույն ներկայացուցիչն ապրիլի 25-ին մեկնում է Ադրբեջան, մինչդեռ հայ բանտարկյալները մնում են Բաքվի բանտերում»,- իր հերթին նշել է ֆրանսիացի օրենսդիր Իզաբել Սանտյագոն։

Հրապարակման մեջ նշվում է, որ իրավիճակն ավելի է սրվում այսօրվա Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կտրուկ հակադրության պատճառով։

Վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանը ժողովրդավարական վերածնունդ է ապրել։ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո երկիրը բարեփոխումներ է ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ամրապնդման համար։ Եվ ընդամենը անցյալ ամիս այն օրենք է ընդունել ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին, որն արտացոլում է Հայաստանի ապագան Եվրոպայի հետ կապելու ժողովրդական պահանջը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որն իշխանության է եկել բողոքի ցույցերի արդյունքում, համահունչ է եվրոպական արժեքներին։ Եվ Երևանն այժմ իր սահմաններին հյուրընկալում է ԵՄ դիտորդական առաքելությունը, միաժամանակ, ակտիվորեն ձգտում հեռանալ Ռուսաստանից և ավելի խորը գործընկերություն հաստատել Արևմուտքի հետ։ Կարճ ասած՝ Հայաստանն անում է այն ամենը, ինչ ԵՄ-ն խնդրել է իր արևելյան գործընկերներից. ընտրել ժողովրդավարությունը, ընդունել բարեփոխումները, նայել դեպի Արևմուտք։

Ի հակադրություն սրա՝ Իլհամ Ալիևի նախագահության օրոք Ադրբեջանը դարձել է բնորոշ ավտոկրատիա։ Բաքվում իշխանությունը կենտրոնացած է մեկ ընտանիքի ձեռքում։ Այլախոհությունը ճնշվում է, լրագրողները բանտարկվում են, ընտրությունները ձևականություն են։ 2024 թվականի փետրվարին Ալիևը հաղթել է հինգերորդ ժամկետով՝ հավաքելով ձայների 92 տոկոսը, արդյունք, որը դիտորդներն անվանել են կեղծիք։ Նրա ռեժիմը նույնիսկ նրա կնոջը նշանակել է  փոխնախագահ։

Մինչդեռ միջազգային ասպարեզում Բաքուն անամոթաբար ագրեսիվ է։ 2020 թվականին այն պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի դեմ՝ խախտելով փխրուն հրադադարը։ Ավելի ուշ ադրբեջանական ուժերը շրջափակեցին և հարձակվեցին տարածաշրջանի վրա, ինչը հանգեցրեց կայծակնային ռազմական հարձակման, որը ստիպեց ավելի քան 100,000 հայ խաղաղ բնակիչների լքել իրենց նախնիների տները՝ մարդասիրական աղետ, որը տեղի ունեցավ իրական ժամանակում, մինչ Եվրոպան պարզապես հետևում էր։

Եվ մինչ օրս Ադրբեջանն անօրինական կերպով պահում է հայ ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին որպես պատանդ։

Այս ամենի հետ մեկտեղ, այն ժամանակվանից ի վեր, երբ Եվրոպան փորձում էր հրաժարվել ռուսական գազից, Ադրբեջանին վերաբերվում էր որպես ցանկալի գործընկերոջ։ ԵՄ-ն 2022 թվականին Բաքվի հետ ստորագրեց էներգետիկայի վերաբերյալ խոշոր հուշագիր՝ նպատակ ունենալով կրկնապատկել գազի ներմուծումը։ Եվ Ալիևի կողքին կանգնած՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնի կերպով գովաբանել է երկիրը որպես «հուսալի» մատակարար։

Պարզվում է, որ երբ Եվրոպան նայում է Կովկասին, տեսնում է Ադրբեջանի նավթի և գազի հորերը, բայց անտեսում է Հայաստանի ժողովրդավարությունն ու անվտանգությունը։

Հոդվածի հեղինակը վկայակոչում է Եվրախորհրդարանի ֆրանսիացի անդամ Նատալի Լուազոյին. «Անցնել մի ավտոկրատիայի, որը շարունակում է սպառնալ իր հարևանին, և նույն ուղևորությամբ չգնալ Հայաստան, սխալ է… Բաքուն թիրախավորում է ԵՄ անդամ պետությանը՝ չարամիտ միջամտության և Ռուսաստանին կողմնակալ լինելու համար, մինչդեռ ժողովրդավարական Հայաստանը նայում է դեպի Եվրոպա»։

Նրա խոսքերը բացահայտում են անհեթեթ իրականությունը։ Ռեալպոլիտիկը, կարծես, ստվերել է սկզբունքները, և ԵՄ-ն երեսպաշտ է թվում, երբ դատապարտում է Արևելյան Եվրոպայում ավտորիտարիզմը, մինչդեռ հանդուրժում է այն Հարավային Կովկասում։

Հոդվածագիրն ընդգծում է, որ Ադրբեջանի ագրեսիային միջազգային արձագանքը չափազանց երկար ժամանակ անտարբեր է եղել։ Սակայն եվրոպական անվտանգությունն ու արժեքներն անբաժանելի են, և դաշինքը չի կարող բացառություններ անել՝ առանց խաթարելու իր բարոյական հեղինակությունը։

«Հայաստանին՝ պաշարման մեջ գտնվող նորաստեղծ ժողովրդավարությանն աջակցելը ոչ միայն ճիշտ քայլ է, այլև ծառայում է Եվրոպայի սեփական երկարաժամկետ շահերին՝ կայուն, կանոնների վրա հիմնված միջազգային կարգի հարցում»,- ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի