Մեծ հումանիստ, ննջիր խաղաղությամբ սիրելի վարպետ. Նիկոլ Փաշինյանի հրաժեշտի խոսքը՝ Շառլ Ազնավուրի հոգեհանգստին

Լուրեր

16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
16.11.2024 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2024 | 11:33
Նավթի գները նվազել են
16.11.2024 | 11:07
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավ է կազմակերպել
16.11.2024 | 10:35
Հրդեհ Ձորագյուղում
Բոլորը

Հայազգի մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությանը առաջինը հրաժեշտի խոսք հնչեցնելու պատիվը տրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ապա հաջորդեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հուզումնալից խոսքը:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ

 

Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ,

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ

Պարոն վարչապետ,

Տիկնայք եւ պարոնայք խորհրդարանականներ,

Տիկնայք եւ պարոնայք կառավրությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,

Սիրելի Ուլլա Ազնավուր,

Ազնավուր ընտանիքի հարգելի անդամներ,

Տիկնայք և պարոնայք,

 

Այսօր հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու եւ գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին` Շառլ Ազնավուրին: Ութ տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել կամ դանդաղեցրել տասնյակ միլիոնավոր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ:

Եվ այս անունը 2018 թվականի հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց երկիր մոլորակի եւ միջազգային կյանքի ընթացքը` մի անամոքելի թախիծ վրձնելով հարյուր միլիոնավոր մարդկանց դեմքերին, իր վերջին եւ ամենազանգվածային աֆիշը թողարկելով աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին. «94 տարեկան հասակում մահացել է Շառլ Ազնավուրը» :

Բայց ինչի՞ մասին են պատմում այդ վերնագրերը, ինչի՞ մասին են պատմում այդ ազդագրերը: Մի՞թե ունայնության կամ հուսահատության: Ոչ ամենեւին, այդ ազդագրերը պատմում են սեփական ճակատագրի նկատմամբ այս մեծ մարդու եւ նրա գերդաստանի տարած փառահեղ հաղթանակի մասին:

Շառլ Ազնավուրի նախնիները Հայոց ցեղասպանությունից մազապուրծ` դեգերեցին աշխարհում եւ, ի վերջո, հանգրվանեցին հարյուր հազարավոր հայերի օթեւան ու հույս տված Ֆրանսիայում, որտեղ էլ ծնվեց Վաղինակ Ազնավուրյանը, որ հետո պիտի դառնար մեծն Շառլ Ազնավուր:

Կրելով անասելի դժվարություններ, Վաղինակ-Շառլը ի վերջո գտավ իր կոչումը, բայց այդ կոչումին բացի իրենից չէր հավատում ոչ ոք: Բոլորը նրան համոզում էին, բացատրում, որ բեմը իր գործը չէ, երգելը իր կոչումը չէ, որ ճակատագիրը առանց այն էլ շռայլ է գտնվել իր նկատմամբ՝ իր ծնողին փրկելով ցեղասպանության աղետից:

Բայց Վաղինակ Ազնավուրյանին կարեկցանք չէր հարկավոր, այլ առաքելություն եւ նա գիտեր իր առաքելությունը, եւ այդ առաքելությունը Շառլ Ազնավուր դառնալու աներեւակայելի ճանապարհն էր: Եվ նա երգեց, ու գրեց, եւ նա գրեց ու երգեց դատարկ եւ կիսադատարկ դահլիճներում եւ նա երգեց անհոգնել ու աննահանջ եւ մարդկությանը տվեց ժամանակ` հասկանալու եւ գիտակցելու, որ մի մեծ աստղ է ծագել համաշխարհային մշակույթի երկնակամարում, որ դեռ մի քանի տասնյակ տարիներ պետք է «պայթեցնի» աշխարհի ամենահեղինակավոր դահլիճները:

Եվ նրա ձայնը տարածվեց աշխարհի բոլոր կողմերում, հասավ ամենահեռավոր երկրներ եւ ջերմացրեց նույնիսկ ամենասառը սրտերը:

Ցավոք, ես չհասցրեցի անձամբ ծանոթանալ Մեծ Վարպետի, Շառլ Ազնավուրի հետ: Բայց հավատացեք` նրան ընկալում եմ՝ որպես մերձավոր հարազատի: Նրան այսպես ընկալում է ցանկացած հայ, որովհետեւ Ազնավուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտությանը մի նոր շունչ է տվել ու մի նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի եւ իր ժողովրդի ցավերով, հոգսերով ու երազանքներով:

Նաեւ այս է պատճառը, որ Շառլ Ազնավուրին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Բայց նա այդ կոչումը վաստակել է ոչ միայն շանսոնյեի իր հանճարով, այլեւ Հայաստանի Հանրապետության կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար:

Հայաստանում նրա անունով կոչված են փողոցներ ու հրապարակներ, իսկ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում արդեն երկար տարիներ վեր է խոյանում նրա մեծաշուք արձանը, եւ նա թերեւս միակ մարդն է, որին Հայաստանում արձան է կանգնեցվել կենդանության օրոք:

Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված եւ այս ամենն արտահայտումն է այն հսկայական սիրո, որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ` առանց բացառության, տածում է այս մեծ մարդու, այս մեծ ֆրանսիացու, աշխարհի այս մեծ քաղաքացու նկատմամբ:

Ֆրանսիայի հանրապետության մեծարգո նախագահ պարոն Էմանուել Մակրոն,

Շառլ Ազնավուրի հրաժեշտի այս վեհաշուք արարողության ընթացքում, չեմ կարող չարտահայտել այն առանձնակի հարգանքն ու երախտագիտությունը, որ մեր ժողովուրդը տածում է Ձեր երկրի նկատմամբ: Եվ ցանկանում եմ հայ ժողովրդի երախտագիտությունն արտահայտել Ֆրանսիայի պետությանը եւ բոլոր ֆրանսիացիներին ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդին օթեւան տալու եւ հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայր ձեւավորելու համար: Ֆրանսիայի հայությունը տվել է այնպիսի անուններ, ինչպես Շառլ Ազնավուրը, Անրի Վերնոյը, Ժորժ Գարվարենցը, Գառզուն, Ժանսեմը եւ Ֆրանսիան մեր ժողովրդի վերածննդի մի սիրելի օազիս է դարձել:

Շառլ Ազնավուրն, անշուշտ, Ֆրանսիայի մեծ նվիրյալ էր, Ֆրանսիայի մեծ քաղաքացի, ֆրանսերենի տարածման մի անկրկնելի մունետիկ, բայց նաեւ Հայաստանի մեծ պաշտպան էր, Հայաստանի քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետության դեսպան:

Նա ապրում էր Հայաստանի հոգսերով, եւ մեր ժողովուրդը նրա հոգատարությունը տեսել ու զգացել է երեսուն տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ, Հայաստանի անկախության բոլոր դժվարին օրերին:

Շառլ Ազնավուրն անտարբեր չմնաց նաեւ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության նկատմամբ եւ ինձ ուղղված վերջին նամակում մասնավորապես գրել էր. «Հենց որ առողջությունս թույլ տա, ջերմորեն փափագում եմ այցելել այս նոր Հայաստանը եւ ծանոթանալ այն առողջ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը»։

Մեծ Վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթաժողովի առիթով եւ նրան խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին:

Ցավոք, այս խոստումը չկարողացա կատարել, սփոփանքս այն է, որ Ազնավուրն այնուամենայնիվ հասցրեց իր վերջին ուղերձը հղել նոր Հայաստանին` ինձ գրած նամակում ասելով. «Սրտանց փափագում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում»։

Սիրելի Վարպետ, Մեծարգո Շառլ Ազնավուր.

Ձեր նամակում դուք ճշգրտորեն ձեւակերպել եք այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը, ինչ ուզում է Հայաստանի երիտասարդությունը: Եւ այստեղ, հիմա, աշխարհի աչքի առաջ ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք Ձեր պատգամը, կյանքի կկոչենք Ձեր ցանկությունը: Ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ եւ Երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանքը կլինի Հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի:

Խոնարհվում եմ Ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ:

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Վարպետ։