15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Իմ ձեռքին Պոլիոմատուս էրիվանենսիսն է՝ Երևանյան կապտաթիթեռը։ Մոգական հմայախոսություն հիշեցնող այս արտահայտությունն այն արարածի անունն է, որի շուրջ մի քանի օրից հավաքվելու են աշխարհի շուրջ 200 երկրի ներկայացուցիչներ։ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը, ավելի կարճ՝ COP17-ը, անցկացվելու է Հայաստանում՝ միայն մեր երկրում հանդիպող թիթեռ-խորհրդանիշի ներքո։

Չնայած իր անվանը՝ Երևանյան կապտաթիթեռը 23 գույն է ստացել։ Դրանք խորհրդանշում են այն 23 թիրախները, որոնց հասնելու պարտավորությունն է ստանձնել գրեթե ամբողջ աշխարհը։

Հոկտեմբերի 19-30-ը կքննարկեն՝ ի՞նչ են արել երկրներն ու կազմակերպությունները կենսաբազմազանությունը պահպանելու իրենց առաքելության ճանապարհին։ Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հայաստանը, ի՞նչ է փոխվում սովորական երևանցու կյանքում՝ մեծամասշտաբ այս միջոցառման կազմակերպման պատճառով կամ շնորհիվ։ Փորձելու ենք բացել COP17-ի շերտերը։

***

Հայաստան՝ 65, Ադրբեջան՝ 58։ Ստանալով ձայների մեծամասնությունը՝ Հայաստանն ընտրվել է՝ հյուրընկալելու կողմերի համաժողովի 17-րդ նիստը։

Այս հայտարարությունն արվեց COP16-ի ընթացքում։ 

«Եթե ես ճիշտ եմ հասկանում՝ այդ ծավալի միջոցառում մեր երկրում նախկինում տեղի չի ունեցել»,- ավելի ուշ նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

***

Meridian էքսպո կենտրոնում, ուր մի քանի օրից հազարավոր մարդիկ անտառների, գետերի, կենդանիների ու բույսերի պահպանության մասին են խոսելու, հիմա շինարարական եռուզեռ է։ Բնությունը փրկելու միջազգային համաժողովին Երևանը պատրաստվում է բնապահպանի աչքը չշոյող տեսարանով՝ շինարարական փոշով։

COP17-ն անցկացվելու է երկու տարածքում՝ կանաչ ու կապույտ գոտիներում։ Մերիդիանը կապույտ գոտու հասցեն է։ Սա միջոցառման պաշտոնական, բանակցային տարածքն է, որտեղ անցկացվելու են փաստաթղթերի շուրջ բանակցություններ և ընդունվելու են որոշումներ։ Կարճ ասած՝ եթե ուզում ենք հասկանալ, թե «ինչ որոշեցին երկրները», պետք է հետևենք Կապույտ գոտուն։ Իսկ այ կանաչ գոտի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, կարող եք այցելել նաև դուք։

«Կանաչ գոտիները պարտադիր պահանջներ չեն Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում։ Դա հանրության լայն մասնակցության գոտին է, ուր ոչ միայն կենսաբազմազանության վերաբերելի ծրագրերն են լինելու, այլ նաև խաչվող ոլորտների հետ կապված միջոցառումներ է նախատեսում։ Այնտեղ լինելու են մշակութային համարներ, ցուցադրություններ, գիտական սեսիաներ, կրթական սեսիաներ, ոլորտային նեղ մասնագիտական քննարկումներ։ Լինելու են տաղավարներ, որտեղ ամբողջ աշխարհը հանրային իր ակտիվությունը հնարավորություն է ունենալու բերելու, ցույց տալու և ներկայացնելու ինչպես հայ հասարակությանը, այնպես էլ աշխարհի հասարակությանը»,- ասում է ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ,  ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի ազգային համակարգող Ոսկեհատ Գրիգորյանը։ 

Ստացվում է՝ Կապույտ գոտում աշխարհը պետք է պայմանավորվի, թե ինչ անել բնության հետ, իսկ կանաչ գոտում քննարկի դա մարդկանց հետ։ 

«Ի՞նչ է փոխվում Հայաստանում՝ մինչև միջոցառումը» հարցի մյուս պատասխանը գտնվում է Meridian-ի հարևանությամբ․ այստեղ կառուցվում է «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանը։ Պաշտոնական տվյալներով՝ այն նախատեսված է, առաջին հերթին, COP17-ի և դրա շրջանակում անցկացվող միջոցառումների ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու համար։ 

***

Այս թեմայի մի առանձին շերտը ֆինանսականն է․ ի՞նչ կարժենա միջոցառումը։ 

Շրջակա միջավայրի նախարարությունը նախ հայտարարեց 1 միլիարդ դրամ հատկացնելու մասին։ Այնուհետև Կառավարությունը COP17-ի կազմակերպման համար 2 միլիարդ 640 միլիոն դրամ հատկացրեց Շրջակա միջավայրի նախարարությանը։

Մերիդիանը վերակառուցելու համար տրվեց գրեթե 3 միլիարդ դրամի վարկ։ Դրա հարակից տարածքը սալարկելու համար Կառավարությունը ծախսեց 43 միլիոն դրամ, իսկ Մերիդիանին 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը մատուցվող ծառայությունների համար հատկացվեց 3 մլրդ դրամ։ Շուրջ 2 միլիարդ դրամ արժեցավ «Նորագյուղ» ենթակայանը։

«Աշխարհն է ժամանում Հայաստան։ Աշխարհը ժամանում է Հայաստան իր բազմազանությամբ, իր կյանքի, մարդկանց բազմազանությամբ, ժամանում են մասնագիտական բազմազանությամբ, գիտական բազմազանությամբ, ազգային բազմազանությամբ»։

Բազմազան աշխարհի բազմազան մարդիկ փորձելու են պայմանավորվել՝ ինչպես կանգնեցնել կենդանական և բուսական աշխարհին սպառնացող վտանգները, որոնց պատճառը հենց մարդն է։ Խոսքը միայն անտառների կամ հազվագյուտ կենդանատեսակների մասին չէ. քննարկվելու է նաև՝ ինչ անել, որ ունենանք մաքուր ջուր, սնունդ, առողջ միջավայր, որը պետք է շարունակի «սպասարկել» մեր կարիքները նաև ապագայում։

Երկրները 2022-ին որոշել են՝ ինչ է պետք անել այս ուղղությամբ մինչև 2030 թվականը ու սահմանել են 23 թիրախներ։ Օրինակ՝ այն, որ մինչև 2030 թվականը ցամաքային, ներքին ջրային, ափամերձ և ծովային տարածքների առնվազն 30%-ը պետք է արդյունավետ պահպանվի։ Պետք է էապես նվազեցնել աղտոտումը և այլն։ 

Հայաստանյան հանդիպման ժամանակ երկրներն առաջին անգամ քննարկելու են՝ ինչ են արել այս ուղղությամբ։

«Սա նաև մեծ պատասխանատվություն և պարտավորություն է, որովհետև երկիրը ստանձնում է նախագահելու մի այնպիսի կարևոր ոլորտի խնդիրները, որոնք կապված են ուղիղ մարդու կյանքի որակի և ապագա սերունդների կայուն ապագայի հետ։ Այս առումով նախագահելով գործընթացը` Հայաստանը ցույց է տալիս ամբողջ աշխարհին իր հանձնառությունը, որ կիսում է բոլոր գլոբալ օրակարգը և կիսում է այն մտահոգությունները, այն խնդիրները, որոնք և ազգային են, և գլոբալ են, և պարտավորվածություն է ձեռք բերում դրանց լուծման ճանապարհին ստանձնելու նախագահության դերակատարումը»,- ասում է ՇՄ նախարարության ներկայացուցիչը։ 

Ակնկալվում է, որ այս միջոցառման շրջանակում Հայաստան կգա 10-15,000 մարդ, Հայաստան ու Երևան տեղանունները կհայտնվեն միջազգային բազմաթիվ լրատվամիջոցների էջերում, մայրաքաղաքի անունով կկոչվեն մի քանի փաստաթղթեր։

«ՄԱԿ-ի քարտուղարության կողմից, կողմերի կողմից ընդունվելիք որոշման ամենակարևոր հատվածը կոչվելու է Yerevan Pathway` Երևան ուղի։ Այսինքն` այն խնդիրները, որոնք որ պետությունները COP-ի վերջում կհասկանան և կամրագրեն որպես գլոբալ թիրախներին հասնելու ճանապարհին խնդիրներ և որոնք պետք է լուծվեն, այն ջանքերը, որոնք պիտի ավելի արագացվեն։ Այս փաստաթղթի կարևոր հատվածը նույնպես երևանյան անունն է կրելու և դառնալու է, այսպես ասած, ճանապարհային քարտեզ»,– ասում է նա։

Ենթադրվում է, որ երկրները, միջոցառման անցկացումից դուրս, նույնպիսի լրջությամբ պիտի վերաբերվեն դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Մենք դեռ չգիտենք՝ ինչ են արել նրանք մինչև 2030 թվականը նախատեսված պլանի հետ։ Բայց կարող ենք իմանալ՝ ինչ է տեղի ունեցել նախկինում։ 

2010-ի հոկտեմբերին Ճապոնիայի Նագոյա քաղաքում տեղի ունեցավ COP10-ը, որի ընթացքում ընդունվեց 2011-20 ռազմավարական ծրագիրը։ Դրա առաջին թիրախը մարդկանց արթնացնելն էր՝ նրանց բավարար տեղեկություն տալը։ Բնության ոչնչացումը պիտի նվազեր կիսով չափ, մինչև 2020-ը ցամաքային և ներքին ջրային տարածքների առնվազն 17%-ը, իսկ ափամերձ և ծովային տարածքների՝ 10%-ը պիտի պահպանվեր։

2020-ին՝ արդյունքներն ամփոփելու ժամանակ, պարզվեց, որ դրված 20 թիրախներից ոչ մեկն ամբողջությամբ չի կատարվել։ Որոշակի առաջընթաց եղել է դրանցից միայն 6-ով։

«Հարցն այն է, որ նախորդ ռազմավարական փաստաթուղթը ավելի կենտրոնացած էր կենսաբազմազանության պահպանության կոնկրետ դրվագների վրա` բաց թողելով այլ գերատեսչությունների դերակատարումն ու այլ մասնակիցների դերակատարումը։ 2022 թ.–ին մշակվեց մի ռազմավարություն, որը շատ ավելի ընդգրկուն էր, որտեղ հաշվի էին առնված բնապահպանական բոլոր ոլորտները։  Ոչ մի պետական կառույց չի կարող մենակ լուծել այս խնդիրները։ Դրա համար հասարակության և այլ կազմակերպությունների ներգրավումը ևս շատ խիստ կարևոր էր դրա համար։ Այս ներառականության սկզբունքի հիման վրա էլ կազմվեց գլոբալ ռազմավարությունը` իր 23 թիրախներով»,- բացատրում է Ոսկեհատ Գրիգորյանը։ 

Եթե ամփոփենք մինչ այս քննարկված շերտերը, կստանանք այսպիսի մի պատկեր․ Երևանը պատրաստվում է․ միջոցառման ավարտից հետո հաճելի հիշողություններից բացի նոր ենթակառուցվածքներ կմնան։ Թեմաները, որոնք քննարկվելու են COP17-ի ընթացքում, իրականում խիստ առօրեական են՝ բոլորիս կյանքի որակի վրա ազդող, ուստի նույնքան կարևոր։ Սակայն նախկին փորձը հաջող չի եղել․ Երևանում է կանխորոշվելու՝ ինչպիսին կլինի այս մեկը։ Հայաստանը 2 տարի այս համաժողովի նախագահն է լինելու, ուստի կարողանալու է ստանալ միջազգային ճանաչում՝ բոլորովին նոր ուղղությամբ, կարևոր թեմաներ բարձրաձայնելու հնարավորություն, զբոսաշրջության և որպես արդյունք գուցե տնտեսության աճ։

***

«Մենք այս աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի Հաղթանակ կամուրջը Արշակունյաց պողոտային միացնելու ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ և էս աշխատանքի ընթացքում նաև Երևանը նոր փողոց կունենա»,- Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Սա թեմայի հաջորդ շերտն է․ ինչ կունենա Երևանն այդուհետ և ինչ է ակնկալվում երևանցիներից այդ օրերին՝ պլանավորածը հնարավոր դարձնելու համար։ Փոխվել է դպրոցական ու աշխատանքային գրաֆիկը։

«Որոշակի հարցեր են ծագում լոգիստիկայի առումով երեխաների դպրոց այցելության, էսպես ասած, կանոնավոր դասերի անցկացման հարցերն են խաթարվում, սակայն պետք է գիտակցել մի բան սա բացառիկ հնարավորություն է։ Երբևէ Հայաստանը այսպիսի մեծ միջոցառում չի հյուրընկալել։Այս ծավալի, այս իմաստի մեծ միջոցառումը Հայաստանում անցկացնելը` հյուր ընդունել աշխարհի տարբեր երկրներից, տարբեր ոլորտի և հետաքրքրվածությամբ մարդիկ, դա նաև մեծ հնարավորություն է և փորձ է մեր քաղաքացիների համար նույնպես։ 14 օր շարունակ աշխարհի ուշադրությունը կենտրոնացված է լինելու Հայաստանի վրա։ 14 օր շարունակ հնչելու է Հայաստանի անունը` Երևանը»,- ասում է Ոսկեհատ Գրիգորյանը։ 

Հայաստանը զբաղեցնում է Կովկասի տարածքի ընդամենը 6,7%-ը, բայց ունի Կովկասի կենսաբազմազանության մոտ 60%-ը․ ավելի քան 3,800 բուսատեսակ, մոտ 17 հազար կենդանատեսակ, տասնյակ՝ միայն Հայաստանում հանդիպող էնդեմիկ տեսակներ։ 

Համաժողովի թեման այն ջուրն է, որ խմում ենք, այն սնունդը, որ ուտում ենք, այն օդը, որ շնչում ենք, ու այն բնությունը, որի կողքով անցնում ենք ամեն օր՝ հաճախ չնկատելով։ Երևանում մի քանի օրից հազարավոր մարդիկ կխոսեն այդ ամենը պահպանելու մասին։

Պոլիոմատուս էրիվանենսիս․ հմայախոսություն հիշեցնող անունով այս թիթեռը Երևանում այդ մարդկանց հիշեցնելու է, որ պետք է անել ամեն ինչ՝ նրան ու նրա աշխարհը նկատելու ու պաշտպանելու համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան