Ռուսներն իրավունք ունե՞ն Անի Խաչատրյանի քաղաքում ակցիաներ անել․ եվրոպամետ «Հանրապետություն» կուսակցության անդամների արձագանքը

Լուրեր

06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
Բոլորը

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ ծառահատումների դեմ բողոքի ակցիա են իրականացրել, նրանց թվում են եղել նաև ազգությամբ ռուսներ։ Ուղիղ եթերում բողոքի ակցիան լուսաբանող Factor TV-ն բողոքի ակցիայի և ծառահատումների վերաբերյալ կարծիք է խնդրել ՔՊ-ի հետ Երևանում իշխանությունը ստանձնած «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանից։

«Քանի՞ ՀՀ քաղաքացի եք այստեղ տեսնում։ Ռուսներն ո՞վ են, որ գան իմ, Ձեր, մնացածի քաղաքում որևէ բնապահպանական ակցիա անեն։ ․․․Ինչ-որ ռուսներ, բնապահպան կոչվածներ, որոնք պարապ են մեր քաղաքում և ավագանու որոշ անդամների․․․ անձնական տրամադրվածությունն է այստեղ այսպիսի բան անելը։ Ես հասկանում եմ ռուսների վայնասունը՝ այստեղ կապած, նրա համար է, որ իրենց երկրի նման փտած ծառերը փոխարինվում են եվրոպական ավելի հաջող ծառերով»,- ասել է Անի Խաչատրյանը։

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է Անի Խաչատրյանը նման վատ կերպով արտահայտվում Երևանի կանաչ տարածքներով մտահոգ քաղաքացիների մասին՝ անկախ նրանց ազգությունից, ավագանու անդամն արձագանքել է․ «Իրենք թող գնան՝ իրենց կործանված երկրի փողոցներում որևէ բան․․․ իրենք իմ քաղաքում, մեր քաղաքում, ՀՀ բնակիչների քաղաքում իրավունք չունեն ակցիաներ անելու»։

Ուշագրավ է, որ անգամ ճապոնական ծագում ունեցող հուդայածառերը եվրոպական, իսկ թեղիները՝ «ռուսական փտած» ծառեր համարող Անի Խաչատրյանն ընդգծում է, որ ցանկանում են ավելի լավ՝ եվրոպական ծառեր տնկել Երևանում, այդպիսով, ըստ երևույթին, ցանկանալով ևս մեկ անգամ ընդգծել իր ներկայացրած ուժի եվրոպամետ լինելը։

Արդյո՞ք եվրոպական արժեքներն ու ազգությամբ պայմանավորված՝ խտրական հայտարարությունները համատեղելի են։ Ինչպե՞ս են իրենց կուսակցի՝ ազգային պատկանելությունը թիրախավորող այս հայտարարությունները մեկնաբանում «Հանրապետություն» կուսակցությունում՝ փորձեցինք ճշտել նախ ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հարցն ԱԺ-ում առաջ տանող «Հանրապետության» անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանից։ Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իր կուսակցի հայտարարությունները ռասիստական և խտրական չեն ազգությամբ ռուսների նկատմամբ։

Արտակ Զեյնալյանը նախ ասաց, որ Խաչատրյանի ելույթի բովանդակությանը տեղյակ չէ, մենք նրան փոխանցեցինք տեսանյութի հղումը։ Դրանից ավելի քան երկու ժամ անց, սակայն, պարզվեց՝ պարոն Զեյնալյանը չի հասցրել դիտել չորս րոպեանոց տեսանյութը, քանի որ խիստ զբաղված է։ Նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։

Փորձեցինք Խաչատրյանի հայտարարությունների շուրջ տեսակետը պարզել «Հանրապետություն» կուսակցության մեկ այլ անդամից՝ Անահիտ Ադամյանից։

«Բացարձակապես ոչ մի վիրավորանք էլ չկա ռուս ժողովրդի նկատմամբ: Խնդիրը պատվիրված ակցիաներն են ու վարձավճարվող ակցիաներին մասնակցությունը, որի դեպքում կարևոր չէ ազգությունը, այլ երևույթն է մերժելի: Առաջին անգամ չենք բախվում նման «բնապահպանության» հետ, որ միմիայն քաղաքական նպատակ ունի՝ սկսած Լաչինի միջանցքից մինչև Ամուլսար ու Երևանի ոչ թե ծառահատում, այլ ծառափոխարինում, որը քաղաքապետարանի գործառույթների կատարում է ընդամենը: Եվ պետք չէ քաղաքական սկանդալ սարքել մի բաժակ ջրում: Խորապես հարգում եմ իսկական բնապահպաններին, որոնց նպատակը բնությունը պահպանելն է, ոչ թե քաղաքականություն խաղալը՝ մի քանի հարյուր կամ հազար ռուբլու դիմաց: Ատելության խոսքը Մարիա Զախարովայինն է։ Կարո՞ղ են՝ թող իրենց երկրում բնապահպան լինեն»,- ասաց Անահիտ Ադամյանը։

Factor.am-ի հարցին՝ ունի՞ տեղեկություններ, որ այս ակցիայի մասնակիցները պատվերով են դժգոհում ծառահատումների դեմ, Ադամյանն արձագանքեց․ «Դուք կարող եք համարել ինքնաբուխ, ես մեկնաբանել եմ երևույթը»։

Նկատենք, որ Հայաստանի Սահմանադրության 29-րդ հոդվածն արգելում է ՀՀ-ում խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։

Իսկ ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածը սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք»։

Նույն հոդվածի երկրորդ կետով՝ բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս հավաքն իրականացնելու համար կազմակերպիչները մարտի 21-ին իրազեկել են քաղաքապետարանին, ինչն ընդունվել է ի գիտություն։

Անդրադառնալով ծառահատումներին՝ նշենք, որ Factor TV-ն օրեր առաջ էր արձանագրել, թե ինչպես են Բուսաբանական այգում երեք տասնյակից ավելի հաստաբուն կաղնիներ հատվել։

Նարեկ Կիրակոսյան