Ներկայացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորման արդյունքները
Հասարակություն
14.07.2017 | 10:46Աղվերանում տեղի է ունեցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորման արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով: Վարկանիշավորման հետազոտությունն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԿՏԱԿ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների կրթության վարչության ներկայացուցիչներ:
Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է այն փաստը, որ կրթության ոլորտի բոլոր օղակները տեղեկացված լինեն միմյանց արդյունքներից։ Ըստ նրա՝ հանրակրթական հաստատությունների վարկանիշավորման գործընթացում կարևորվում է ոչ միայն արդյունքների ամփոփումը, այլ նաև դրանց հիման վրա դպրոցների գործունեության բարելավումը։ ԿԱԻ տնօրենը հույս է հայտնել, որ վարկանիշավորման արդյունքները կնպաստեն հանրակրթության ոլորտի առաջընթացին։
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշել է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման նպատակը դպրոցների թույլ և ուժեղ կողմերի վերհանման շնորհիվ համակարգին աջակցելն է: «Մենք պատրաստ ենք ներկայացնել համեմատական ցուցանիշների վերլուծությունը, որպեսզի դպրոցներն իրենք կարողանան գնահատել սեփական խնդիրները և պլանավորեն, թե հետագա աշխատանքում ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն»,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրենը:
Աշխատաժողովին ներկայացվել են 2016 թվականի վարկանիշավորման արդյունքների երկրորդային վերլուծության արդյունքները։
Քննարկումներ են ծավալվել 2017 թվականին իրականացվելիք վիճակագրական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ` դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի համատեքստում: Վերլուծության համար կիրառվել են 2015 և 2016 թվականների վարկանիշավորման տվյալները, որի համար ընտրվել են հանրապետության բոլոր դպրոցները՝ բաժանված ըստ գյուղական և քաղաքային բնակավայրերի: Վերլուծության ծածկույթը ներառում է շուրջ 1,379 դպրոցի, 34,991 ուսուցչի և 352,416 աշակերտի տվյալ: Վերլուծության նպատակն էր՝ պարզել աշակերտների կրթական արդյունքի կապը դպրոցական միջավայրի մի շարք գործոնների հետ: Կիրառվել է կոռելացիոն վերլուծության մեթոդ՝ համապատասխան ճշտումներով՝ կապված փոփոխականների բնույթի և բաշխվածության հետ: Աշակերտների կրթական արդյունքները սահմանվել են երկու խումբ ցուցանիշներով՝ «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» և բնագիտական առարկաների տարեկան ավարտական և միասնական քննությունների միջին գնահատականներ և հաջորդ կրթական մակարդակում կրթությունը շարունակող աշակերտների թվաքանակ: Համաձայն վերլուծության արդյունքների՝ կրթական ձեռքբերումները կապված են այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են՝ ուսուցիչների կրթությունը, տարիքը, նախընտրությունները: Նշվել է, որ այս հանգամանքը բազմիցս ապացուցվել է միջազգային TIMSS, PIRLS, PISA հեղինակավոր հետազոտություններով: Աշակերտների արդյունքի վրա միջավայրային ազդեցության գործոնները սահմանվել են ուսուցիչների բնութագրիչներով, մասնավորապես կրթական աստիճանով և տարակարգի առկայությամբ: Որոշ վերապահումներով աշակերտների կրթական արդյունք է համարվել նաև օլիմպիադաների մասնակցող աշակերտների քանակը: Վերլուծության մեջ անդրադարձ է կատարվել նաև դպրոցի կառավարմանը վերաբերող գործոնների և աշակերտի կրթական արդյունքի կապին: Մասնավորապես, դիտարկվել է դպրոցում իրականացվող ծրագրերի քանակը և բյուջեի պլանավորումը:
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը, որն իր մեջ ներառում է դպրոցների և մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգերը և նախատեսում է 2018 թվականին ներառել նաև նախադպրոցական ոլորտը։ Հիմնականում խոսելով դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի մասին՝ Արտակ Պողոսյանը ներկայացրել է համակարգի հնարավորությունները, որոնք են՝ հանրակրթությունը բնութագրող ցանկացած տիպի հաշվետվություններ կառուցելու, ստանալու և դրանք քաղաքականության մշակման մեջ կիրառելու ձևերը։ Համակարգը հնարավորություն է տալիս բացառել սովորողի կրկնակի հաշվառումը հանրակրթությունում, աշակերտի՝ կրթությունից դուրս մնալու վտանգը կրթության բոլոր մակարդակներում։ Բացի այդ, հաշվետվությունները բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համար հնարավորություն են ստեղծում ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը։ Հաշվետվությունները կառուցվում են դպրոցներից հավաքագրված տվյալների հիման վրա՝ աշակերտ /թվաքանակ, տարիք, սեռ, կրթության առանձնահատուկ պայմանի գնահատում, փախստականի կարգավիճակ, առողջությանը վերաբերող և այլ տվյալներ/, ուսուցիչ /կրթություն, վերապատրաստում, աշխատանքային փորձ, մասնագիտական փորձ և այլն/, դպրոցի շենքային պայմաններ /հիմնական և շենքի ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող տվյալներ/։ Համակարգը հնարավորություն է տալիս նաև յուրաքանչյուր դպրոցի համար ստեղծել տարիֆիկացիոն մատյան, որը հասանելի կլինի ՀՀ մարզպետարանների համար։ Համակարգի ելքային արդյունքերից են նաև ՀՀ դպրոցների անվտանգության և անձնագրերի էլեկտրոնային քարտեզները։
Աշխատաժողովի արդյունքում Երևան քաղաքի և ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ տվյալների հավաքագրման գործընթացում առավել սերտ համագործակցության վերաբերյալ։
Ամփոփելով աշխատաժողովի աշխատանքները՝ մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ՝ վարկանիշավորման համակարգի արդյունավետության բարելավման, տվյալների հավաքագրման և այլ հարցերի հետ կապված: