Փաշինյանը մերժվեց նախկիններից․ ինչու չկայացավ բանավեճ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.12.2024 | 21:15Նիկոլ Փաշինյանը երեկվանից ձեռնոց է նետել Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին․ նա ՀՀ նախկին ղեկավարներին հրավիրում է ուղիղ եթերում բանավեճի ԼՂ բանակցությունների թեմայով։
Մինչ այս առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե 1994 թվականի հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Նա Ֆեյսբուքում գրել էր, որ մեծ սխալ է գործել, երբ 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով՝ վերը նշվածը չի խոստովանել իրեն և ժողովրդին։
Փաշինյանն ավելի ուշ առաջարկեց բանավիճել, երբ նախկին նախագահների թիմակիցներն արձագանքեցին իր գրառմանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պատասխանը եղավ գրեթե միաժամանակ։ Նրանք գրառումների միջոցով մերժեցին Նիկոլ Փաշինյանին, երեք նախագահների գրառման հիմքում էլ այն միտքն է, որ Հայաստանի վարչապետը ստում է և խեղաթյուրում է իրականությունը։
«Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով»,- նշել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։
Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի խոսնակի պատասխանի, որտեղ չի շեշտվում Փաշինյանի կարգավիճակը, Ռոբերտ Քոչարյանի անունից տարածված պատասխանում նրա գրասենյակի ղեկավարը հատուկ շեշտել է Փաշինյանի վարչապետ լինելը։
«Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները։ Ես ստիպված եմ ծանոթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, և դա եղել է իմ արձագանքը։ Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար»,- նշել է նա։
Սերժ Սարգսյանի գրասենյակից Փաշինյանին անվանելով Հայաստանի կառավարիչ և Սարգսյանի կողմից իշխանությունը 2018-ին նրան փոխանցելու գործընթացը որակելով իշխանազավթում՝ Փաշինյանին մեղադրել են բանակցային գործընթացը տապալելու համար։
«Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանավանդ որ ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը: Առավել ևս, երբ Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ»,- ասվում է հայտարարությունում։
Երեկ միաժամանակ տարածված այս մերժումներին Փաշինյանն արձագանքեց բավականին օպերատիվ։ Նա Ֆեյսբուքում տեսանյութ հրապարակեց՝ կոչ անելով ևս մեկ անգամ դիտարկել իր հետ բանավիճելու տարբերակը։ Փաշինյանի այս տեսաուղերձին նախագահներն այլևս չարձագանքեցին։
Մերժման փաստին Փաշինյանը չհամակերպվեց, նա այդ թեմայով մեկ գրառում էլ այսօր առավոտյան արեց․ «Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք»:
Ինչո՞ւ նախկին նախագահները հրաժարվեցին կանգնել Փաշինյանի դեմ դիմաց ու հանրության առաջ հրապարակային բանավիճել։ «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ այդ բանավեճին չմասնակցելը նրանց տեսանկյունից ճիշտ է, քանի որ, ըստ Միսկարյանի, դա վերածվելու է Փաշինյանի PR ակցիայի։
Միսկարյանը կարծում է՝ Փաշինյանը պետք է բանավեճ կամ քննարկում նախաձեռնի Հայաստանի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։ Այս դեպքում, ըստ նրա, Փաշինյանին մերժելը խնդրահարույց կլիներ։
Անդրադառնալով Փաշինյանի այն պնդմանը, թե 2018 թվականից իր համար պարզ է եղել, որ դեռևս 1994 թվականից բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու շուրջ, նշենք, որ այս թեմայով հայտարարությունները մինչև պատերազմը և հետպատերազմական շրջանում եղել են բոլորովին այլ տրամաբանության մեջ։
«Հիմա ձեզանից շատերը հարցնում են՝ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ չեմ ասում, որովհետև դա շատ պարզ է՝ Արցախը Հայաստան է և վերջ»․ սա Նիկոլ Փաշինյանի ամենահայտնի հայտարարություններից մեկն է, որը հնչել է Ստեփանակերտում՝ 2019 թվականին հրավիրված հանրահավաքում։ Ավելին, նա նույն ելույթի ընթացքում վստահեցնում էր, որ պետք չէ իրեն ու իր թիմին կասկածել Արցախի հարցով որևէ դավադրության մեջ։
Ուշագրավ է, որ նույն տարում՝ 2019-ին, Փաշինյանն ավելի հավակնոտ հայտարարություն էր արել։ Նա հայտարարել էր՝ չի բանակցում նախկին իշխանության թողած ժառանգության հիման վրա։
Իսկ ահա պատերազմի առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ԱԺ-ում Փաշինյանը հայտարարում էր, թե անգամ համաձայն չէ, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինի նույնիսկ լայն ինքնավարության պայմանով։
Նիկոլ Փաշինյանն ու թիմը 2021 թվականի ընտրությունների ժամանակ նույնիսկ Հադրութի և Շուշիի ապաօկուպացիայի վերաբերյալ խոստումներ էին տալիս։ Իսկ ահա 2022 թվականին հոկտեմբերին Փաշինյանը Պրահայում պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի Հանրապետությունը ներառյալ։
Ինչո՞ւ են փոխվում Փաշինյանի դիրքորոշումներն Արցախի վերաբերյալ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ սա պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ։ Հակոբ Բադալյանը, անդրադառնալով Փաշինյանի պնդմանը, թե 1994 թվականից ի վեր բանակցության գործընթացն ուղղված է եղել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն, նշում է՝ կան բազմաթիվ նախադրյալներ, որոնք փաստում են հակառակը։
Ի դեպ, 2010 թվականի հոկտեմբերին էլ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վրա ճնշումներ կան՝ ճանաչել Արցախի անկախությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան