Որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ. Միրզոյանը՝ ԵԱՀԿ նիստին

Լուրեր

06.04.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի մարզի վրա
06.04.2026 | 13:50
ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո
06.04.2026 | 13:41
Թիկնիզյանի ասիստը, Սիմոնյանի, Դավիդյանի, Կորյանի ու Ալեքսանյանի գոլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:33
ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից Իրանում առնվազն 25 մարդ է զոհվել. Իսրայելում ևս զոհեր կան
06.04.2026 | 13:28
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:24
Ինձ ֆրակցիայում ասում էին` վարչապետ ես բերո՞ւմ մեր վրա, վարչապետով սպառնում ես մեզ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:17
Արման Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:15
Իրանը խոստանում է պատասխան հարվածներ հասցնել իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը
06.04.2026 | 13:03
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը ԵԱ-ում
06.04.2026 | 12:51
Սպանվել է Իրանի ԻՀՊԿ-ի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին
06.04.2026 | 12:49
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.04.2026 | 12:42
Մի անգամ մերժել ենք ձեր բերածը. մի պահ լարվեց Քոչարյանի և Հայկ Սարգսյանի երկխոսությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 12:30
«Սանդերլենդի» մարզիչ. Ֆինն Գերագուսյանը բազմակողմանի խաղացող է
06.04.2026 | 12:21
Պաշտպանության նախարարի ուշադրությունն եմ հրավիրել վտանգավոր խնդրի վրա. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 12:10
Մոսկվան սպառնում է՝ ԵՄ-ին անդամության դեպքում դեպի ՌԴ չվերթներ չեն լինի // Տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Մալթայի նախագահությանը՝ անցնող՝ մարտահրավերներով լի տարվա ընթացքում կազմակերպությունում նախագահության համար:

Տարվա ընթացքում Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ մասնավորապես, նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության ամրապնդման ջանքերին և կոչ անելով արագորեն կիրառել վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը։ Ցավոք, մենք բոլորս ձախողեցինք մեր ջանքերում՝ թե՛ հավաքականորեն, թե՛ անհատապես։

Մինչ Հայաստանը երկար ժամանակ հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ պատասխանատվության ողջ տարածքում իր սկզբունքների լիարժեք կիրառման օգտին՝ զգուշացնելով ուժի կիրառման վաղ նախազգուշացման ազդանշանների մասին և կոչ անելով արագ և վճռական գործողությունների, ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը, մեղմ ասած, շարունակել են մնալ անգործուն:

Սակայն մեր քննադատությունը պետք է ընկալել միայն այն համատեքստում, որ մենք ցանկանում ենք ունենալ արդյունավետ անվտանգային կազմակերպություն՝ անկախ հաստատություններով, որոնք գործում են խստորեն պահպանելով իրենց մանդատները, պարտավորությունները և սկզբունքները՝ առանց հաշվի առնելու որևէ այլ հանգամանք։

Ձերդ գերազանցություններ,

Այն մարտահրավերները, որոնց այսօր առերեսվում է ողջ աշխարհը, մեզ ստիպում են առավել զգոն լինել խաղաղության և կայունության հետ կապված հարցերում։ Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում։

Այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։

Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից։ Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն։

Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում։ Այս նպատակով մենք շարունակելու ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ և իրականացնել որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջի, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում: Երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա։

Հարգելի՛ գործընկերներ,

Քանի որ մոտենում ենք Հելսինկյան Եզրափակիչ ակտի 50-ամյակի կարևոր հանգրվանին, լավ հնարավորություն է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն հստակ և միանշանակ վերահաստատի իր հավատարմությունը ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքներին: Այս առումով Ֆինլանդիայի նախագահությունը վճռորոշ նշանակություն կունենա ԵԱՀԿ-ն ավելի արդիական և արդյունավետ ուղիով տանելու հարցում՝ մասնավորապես ուժեղացնելու վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման ջանքերը:

Եզրափակելով՝ մենք կցանկանայինք հավաստիացնել մեր ֆին գործընկերներին, որ Հայաստանը պատրաստ է սերտորեն աշխատել՝ այս կազմակերպության կարևոր աշխատանքը առաջ մղելու համար։

Շնորհակալություն>,- ասել է Միրզոյանը: