Չե՛նք ցանելու, հողերը թողնելու ենք «բառադի»․ ինչ կլինի, եթե ՌԴ-ից հացահատիկ չներկրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
11.12.2024 | 17:32
Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը
11.12.2024 | 17:30
Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել․ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ
11.12.2024 | 17:27
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է միգրանտների երեխաներին դպրոց ընդունել՝ առանց ռուսերենի իմացության
11.12.2024 | 17:14
ՔՊ-ականները գալիս են ԱԺ. Ասլանյանին հեռացնելու հարցով խմբակցության նիստ է սպասվում
11.12.2024 | 17:03
Ասադը Ռուսաստան 135 մլրդ դոլար է տարել․ թուրքական ԶԼՄ-ներ
11.12.2024 | 16:46
Օնլայն տաքսիների վարորդները բողոքում են
Բոլորը

Աշնանացանն արդեն կանաչել է, բայց այս արտի տիրոջ՝ Պարգև Սարիբեկյանի սիրտը կախ է։ Ինչպե՞ս գոհ լինի, երբ նախորդ տարվա համեմատ՝ ցանքսը 15 հեկտարով կրճատել է, պահեստում էլ դեռ 100 տոննա ցորեն ունի: Ոսկետափցի ֆերմերը 30 տարի հացահատիկի մշակությամբ է զբաղվում, բայց ասում է՝ ցորեն ցանելն այլևս եկամտաբեր չէ, քանի որ պետությունը որոշել է օգնելու փոխարեն հարվածել գյուղացուն՝ դադարեցնելով աշնանացանի սուբսիդավորման ծրագիրը։ 2022 թվականին, երբ ծրագիրը դեռ գործում էր, սերմացուի, դիզվառելիքի ու պարարտանյութի համար մեկ հեկտարի հաշվով 70-120 հազար դրամ պետական սուբսիդավորում էր ստացել։

«Գնալով մենք պետք է ցորեն չցանենք, հողերը թողենք «բառադի», չմշակենք, որովհետև ձեռք չի տալիս, ամոթ ենք անում՝ չցանենք»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Ոսկետափ բնակավայրի ֆերմեր Պարգև Սարիբեկյանը։

Ծրագրի դադարեցումը ցանքատարածքները կրճատելու միակ պատճառը չէ․ ֆերմերները դժգոհ են, որ պետությունը որոշեց մեկ տարով ցորենը չապահովագրել կարկուտից։ Բայց այս պահին Պարգև Սարիբեկյանին ամենաշատը մտահոգում է ցորենի գինը։ Մթերման կետերում 1 կիլոգրամի համար վճարում են 80-90 դրամ։

«Ցորենի արժեքը շատ էժան է, պետական մթերում չկա, անհատներն են գին թելադրողը, չտաս՝ մնում, փչանում է։ Տեսեք՝ հեսա մնացել, փչացել է  ցորենը, դարձել անասնակեր»,- սրնեղեց ֆերմերը։

Հայաստանում ցորենի արտադրությունը տնտեսապես ձեռնտու չէ, քանի որ Ռուսաստանից ներմուծված ցորենի ինքնարժեքն անհամեմատ ցածր է՝ պարզաբանում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նրա՝ այդ պատճառով էլ պետությունը որոշել է դադարեցնել աշնանացանի սուբսիդավորումը և փողն ավելի նպատակային ծախսել։

«1 հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400 հազար դրամի ցորեն, այնինչ ծախսվում է 420 հազար դրամ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր նա։

Ի տարբերություն ոսկետափցի մյուս ֆերմերների՝ Վահան Մարգարյանն ասում է, որ ինքը ցորենից եկամուտ ստանում է, եթե ճիշտ է մշակում և բարձր բերք ստանում։

«Ճիշտ է՝ եկամուտը շատ քիչ է, բայց ես դժգոհ չեմ։ Հեկտարից 6-7 տոննա ցորեն եմ ստանում»,- ասաց  Վահան Մարգարյանը։

Իսկ Գևորգ Պապոյանը հորդորում է, ցորեն ցանելու փոխարեն, Հայաստանում զարգացնել ինտենսիվ այգեգործությունը, որը, ըստ նախարարի, շատ ավելի եկամտաբեր է:

Ցորե՞ն, թե՞ ինտենսիվ այգի․ այս հարցի շուրջ ցորեն մշակողներն իրենց պատկերացումն ունեն։ Ոսկետափցի ֆերմերների համոզմամբ՝ սխալ է ցորենն ու ինտենսիվ այգեգործությունը հակադրել։

«Թող բերեն մի հեկտար այգի հիմնեն, դրա ծախսը և այլն ժողովրդի համար տեսանելի լինի։ Ես ինտենսիվից գաղափար չունեմ, վախենում եմ ռիսկ անեմ՝ այգի հիմնեմ»,- ասաց Ոսկետափի բնակիչ Արմեն Գասպարյանը։

Հայաստանում ինտենսիվ այգեգործության ծրագիրը մեկնարկել է երկու տարի առաջ։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականից մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը կնքվել է 72 պայմանագիր՝ 4,073 հեկտար այգեհիմնման համար։ Փաստացի հիմնվել է 842,4 հեկտար, մնացածը դեռ հիմնման փուլում է։

Մեր երկրում ցորենի սպառման տարեկան պահանջարկը կազմում 535 հազար տոննա, որից շուրջ 390 հազար տոննան ներմուծվում է։ Հայաստան ներկրվող հացահատիկի գրեթե ամբողջ ծավալը՝ 99,9 տոկոսը, ապահովում է Ռուսաստանը։ Ավելի պարզ՝ ՀՀ-ում թխվող ամեն 3-րդ մատնաքաշից 2-ը հենց ռուսական ցորենի ալյուրից է։ Այս տարվա հունվար–սեպտեմբեր ամիսների ընթացքում Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել շուրջ 216,303 տոննա ցորեն։ Եթե մինչև 2021 թվականը Հայաստանը ցորեն ներկրում էր նաև Ուկրաինայից, ապա ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո այդ երկրից ցորեն չի արտահանվել Հայաստան։

Մինչ Կառավարությունը խրախուսում է ինտենսիվ այգեգործությունն ու  կասկածի տակ դնում Հայաստանում ցորենի արտադրության նպատակահարմարությունը, Ռուսաստանից  քողարկված սպառնալիքներ են հնչում Հայաստանի պարենային անվտանգության վերաբերյալ։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Մոսկվայի հասցեին հնչեցրած քննադատությանն ի պատասխան՝ նման ակնարկներ էր արել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Վերջին 10 տարվա տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ցորենի արտադրությունը նվազում է․ անցյալ տարի արտադրվել է 180,000 տոննա հացահատիկ, ներմուծվել է 465,000 տոննա՝ 2,5 անգամ ավելի: 2014-ի համեմատ՝ 2023-ին ցորենի արտադրությունը նվազել է 47,4%-ով։

Եթե 2018 թվակաին 66,068 հեկտար ցորեն է մշակվել, ապա այս տարի՝ 58 հազար 5 հեկտար։ 2019-2022 թվականների ընթացքում ցորենի ցանքատարածությունները 59 հազար հեկտարից չեն անցել։ Միայն 2023 թվականին է աճ գրանցվել՝ 71 հազար 36 հեկտար, իսկ այս տարի դարձյալ կտրուկ նվազել է։

Նախորդ տարի հանրապետությունում հացահատիկի ինքնաբավության մակարդակը կազմել է 27,9%։ Ավելի պարզ՝ տարվա ընթացքում այստեղ արտադրվող ցորենն ընդամենը 4 ամիս կբավականացի։

Ցորենի խնդիրը ՀՀ-ն լուծում էր նաև Արցախից ներկրումով։ Պաշտոնական տվյալներով՝ 2019-ին Արցախից Հայաստան է ներմուծվել շուրջ 50 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն: 2020-ի պատերազմից հետո Արցախից Հայաստան ցորեն չի ներկրվել:

Ցորենի արտադրության հարցում ինքնաբավ չեն նաև հարևան Վրաստանն ու Ադրբեջանը։ Մեկ տարվա ընթացքում Վրաստանը սպառում է 700-800 հազար տոննա ցորեն, որից տեղական արտադրանք է միայն 10-15 տոկոսը։ Հացահատիկի ներմուծման 70 տոկոսը Ռուսաստանից է, մնացած մասը ներմուծվում է Ղազախստանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից։

Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի տվյաներով էլ՝ այս տարվա հունվար-հուլիսին երկիրը ներմուծել է ավելի քան 460 հազար տոննա ցորեն։ Անցած տարի այդ երկրում 602 հազար հեկտար ցորեն է ցանվել։

Ռուսաստանից միշտ չէ, որ պարենային ապրանքներն անխոչընդոտ են հասնում Հայաստան։ Հայաստան եկող և մեկնող բեռնատարները տեղումների պատճառով հաճախ  են Վերին Լարսում մնում։ Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ, Սարգիս Սեդրակյանի կարծիքով՝ պետությունը պետք է մտածի  ցորեն արտադրելու, ոչ թե ներկրելու մասին, որպեսզի ֆորսմաժորների դեպքում  կարողանա կերակրել իր քաղաքացիներին։

Աշխարհում հացահատիկի արտադրության ծավալներով Ռուսաստանից բացի,  առաջատար են Չինաստանը, ԵՄ երկրները, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ուկրաինան, Արգենտինան և Թուրքիան։ Փորձագետը դժվարանում է ասել՝ ֆորս մաժորային իրավիճակում Ռուսաստանից մատակարարումների դադարեցման  դեպքում Հայաստանը ո՞ր երկրներից կարող է ցորեն բերել՝ հաշվի առնելով քաղաքական հարցերն ու լոգիստիկ հնարավորությունները։

«Լևոն Տեր- Պետրոսյանի տարիներին Թուրքիայից ցորեն ենք բերել, հիմա հարաբերություններն ուրիշ են, հիմա պետք է զգույշ լինել։ Ես չէի ուզի Թուրքիայից կախվածության մեջ գտնվեինք։ Կանադայից հեշտ չի, պետք է ճանապարհները նայենք, կամ ինչ գնով կարող ենք բերել»,- մատնաննշեց փորձագետը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծիք էր հայտնել, թե ներմուծումներից կախվածությունը նվազեցնելու համար ռազմավարական ապրանքները կարող են փոխվել։ Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի՝ ասել էր Արմեն Գրիգորյանը  «Խաղաղության խաչմերուկ» թեմայով համաժողովին։

Արդյո՞ք ՀՀ-ում նման անցում հնարավոր է․ փորձենք համեմատել բրնձին և ցորենին վերաբերող տվյալները։

Այսպես, Վիճակագրական կոմիտեի  տվյալներով՝ 2023 թվականին Հայաստան է ներմուծվել 344 հազար տոննա ցորեն, նույն ընթացքում բրնձի ներմուծումը ընդամենը 10 հազար տոննա է եղել։

Բրնձի ինքնաբավության աստիճանը Հայաստանում 0% է։ Եթե Արմեն Գրիգորյանն առաջարկում է ցորենը փոխարինել բրնձով, ըստ փորձագետների, ստացվում է, որ մեկ ապրանքի գծով ավելի ենք մեծացնելու կախվածությունը։

2023 թվականին Հայաստան է ներմուծվել 9 հազար 882 տոննա բրինձ, որի արժեքը 8.1 մլն դոլար է եղել։

Սննդամթերքի տեսչական մարմնի փոխանցած տվյալներով՝ ներմուծված բրնձի առյուծի բաժինը՝ 45%-ը,  Թաիլանդից է։ Մնացած մասը հիմնականում բաժին է ընկել Ռուսաստանին, Պակիստանին, Հնդկաստանին և Իտալիային։

Օրեր շարունակ հանրային դիսկուրսում էր ցորեն- բրինձ թեման, այն քննարկումների առանցքում էր նաև  2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ ԱԺ-ում հարցադրումների ժամանակ նախարար Պապոյանը ցորեն- բրինձ դիլեմայի մեջ չմտավ, միայն տեղեկացրեց, որ Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում՝ մի քանի երկրների հետ։ Թե որ երկրներից է Հայաստանը պատրաստվում ցորեն ներկրել, առայժմ փակագծեր չեն բացում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան